Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։

Կրեմլի մամուլի ծառայությունը քիչ առաջ հայտնեց, որ Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով, քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրագործմանը վերաբերող հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովմանը, ինչպես նաև Անդրկովկասում տրանսպորտային-լոգիստիկ և առևտրատնտեսական կապերի վերականգնման նախագծերին։

«Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր։ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը»,– ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում:

Նշենք, որ Պուտինն այսօր զրուցել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հիշեցնենք` այսօր առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Sputnik Արմենիա