ԵՄ մի շարք երկրներ պաշտոնապես դեմարշ են հայտնել Ֆրանսիային

Բալթյան և եվրոպական մյուս երկրները, վրդովված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեկնաբանություններից՝ կապված Ռուսաստանի անվտանգության երաշխիքների հետ, պաշտոնապես անհամաձայնություն են հայտնել և Փարիզին բացատրել են իրենց դիրքորոշումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագետներին։

Դեկտեմբերի 3-ին ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ Եվրոպան պետք է պատրաստի իր ապագա անվտանգության ճարտարապետությունը և նաև մտածի այն մասին, թե «ինչպես երաշխիքներ տալ Ռուսաստանին այն օրը, երբ նա վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»։

Այս մեկնաբանությունները անմիջապես մերժվել են Ուկրաինայի և Բալթյան երկրների կողմից։ Չնայած Մակրոնը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը փորձել են մեղմել դրանք, զայրույթը կարծես թե չի մարել որոշակի շրջանակներում:

Չեխիան, որը նախագահում է ԵՄ Խորհրդում, օգնել է դիվանագիտական «դեմարշ» կազմակերպել։

Երկու դիվանագետների խոսքով՝ դեմարշի կողմնակիցներ են եղել Բալթյան երկրները, Էստոնիան, Լատվիան և Լիտվան, ինչպես նաև Լեհաստանն ու Սլովակիան։ Reuters-ը չի կարողացել պարզել, թե ընդհանուր առմամբ քանի երկիր է աջակցել այդ քայլին, կամ արդյոք չեխերն աջակցել են դրան:

Ըստ եվրոպացի երեք դիվանագետների՝ Չեխիան անցյալ շաբաթ դեմարշի նախագիծ է ուղարկել: Դիվանագետներն ասում են, որ փաստաթուղթը հաստատել է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետության հետ կապված Ռուսաստանի նախկին ջանքերը ուղղված են եղել Եվրոպայի պառակտմանն ու թուլացմանը:

Դիվանագետները նշում են, որ ոչ պաշտոնական փաստաթղթում թվարկված են Ռուսաստանի հետ համագործակցության և երկխոսության ասպեկտները՝ սկսած 1997 թվականի ՆԱՏՕ-Ռուսաստան փաստաթղթից մինչև 2021 թվականի դեկտեմբերի առաջարկները, որոնք ներառում էին Ռուսաստանի պահանջած երաշխիքները:

Երկու դիվանագետներն ասել են, որ չեխերը, անդամ մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ միասին, երկուշաբթի օրը վերջնական դեմարշը ներկայացրել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի տնօրենին:

Ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Մակրոնի մեկնաբանություններում ոչ մի նոր բան չկա՝ հավելելով, որ դրանք համապատասխանում են նրան, ինչ ասել է Ուկրաինան, այն է, որ պատերազմի ավարտից հետո բանակցություններ կլինեն։

«Իրականում անհամապատասխանություն կա, մի կողմից՝ որոշակի շարժումների կամ մարդկանց, որոնք փորձում են ինչ-որ հատված պոկել կոնտեքստից, և մեր կատարած աշխատանքի իրականության միջև»,- ասել է պաշտոնյան։

News.am