«Ժողովուրդ»․ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ 4 ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱ

ՀՀ ոստիկանությունը դեռ նախարարություն չի դարձել, բայց Նիկոլ Փաշինյանի թիմում արդեն նախարարի փնտրտուք և թեկնածուների լոբբինգի գործընթաց է մեկնարկել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ պարբերականի՝ այս պահի դրությամբ 4 թեկնածուի անուն է շրջանառվում իբրև ներքին գործերի ապագա նախարար՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյան (որը կառավարության մի մասում ունի աջակցություն), ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան (որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում ունի համակիրներ (ԱԻՆ-ը լուծարվում է, մտնում ՆԳՆ տիրույթ)), ԱԺ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյան (որը խորհրդարանում ունի աջակցություն՝ ի դեմս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի մի քանի անդամների) և ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյան, որին ՀՀ կառավարությունից վստահեցրել են, թե հենց նա է լինելու ՆԳ ապագա նախարարը (նրա և Նիկոլ Փաշինյանի միջև մտերմությունն առանձնակի ջերմություն ունի):

Հիշեցնենք` ներքին գործերի նախարարության վերստեղծման հարցը քննարկվում է ավելի քան մեկ տարի։ 2021 թվականի նոյեմբերին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են գրեթե ամեն օր, մշակվում են բոլոր նրբությունները, որպեսզի ապագայում խնդիրներ չառաջանան։

Հայաստանում ՆԳՆ-ն գոյություն է ունեցել մինչև 2003 թվականը, ապա դրա հիման վրա ստեղծվել է ՀՀ ոստիկանությունը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հուլիսին հայտնել էր, որ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը կձևավորվի արտակարգ իրավիճակների նախարարության հենքի վրա և կներառի ԱԻՆ–ի, ոստիկանության և միգրացիոն ծառայության բոլոր ստորաբաժանումները։ ՆԳ նախարարը կունենա մի քանի տեղակալ, որոնցից մեկը` ՆԳ տեղակալ /ոստիկանապետ, մյուսը` ՆԳ տեղակալ /Փրկարար ծառայության պետ, և ընդհանուր ՆԳ տեղակալ, որը կհամակարգի մնացած բոլոր ստորաբաժանումները։

Sputnik Արմենիա