Իրանցի փորձագետ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԿԱՐՈՂ Է ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Ադրբեջանն առաջիկա օրերին կարող է ուժեղացնել ռազմական սադրանքները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ILNA-ի հարցազրույցում ասել է իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը։

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը հետապնդում է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության իրականացման նպատակ։ Պատճառներից մեկն, ըստ Մովահեդիանի, Լաչինի միջանցքի ոսկու հանքերն են։ Նա համոզված է, որ Բաքուն մտադիր է զբաղեցնել միջանցքը և այնտեղից դուրս մղել ռուս խաղաղապահներին, որպեսզի բրիտանական ընկերությունները կարողանան շահագործել այդ հանքերը։

«Իրավիճակը կրիտիկական է։ Իրանը պետք է ավելի ակտիվ լինի դիվանագիտական մակարդակում։ Մեր զինվորականները նաև պետք է թույլ չտան Բաքվին տարածաշրջանում արկածախնդրությունների դիմել և նախազգուշացումներ պետք է ուղարկեն նրանց։ Մենք պետք է ակտիվացնենք մեր տեղեկատվական գործունեությունը և լուսաբանենք Ադրբեջանի գործողությունները»,- ասել է Մովահեդիանը։

Հիշեցնենք, որ տասնյակ ադրբեջանցիներ դեկտեմբերի 12-ի ժամը 10.30-ից փակ են պահում միակ ցամաքային ճանապարհը, որն Արցախը կապում է Հայաստանի հետ՝ շրջակա միջավայրի պաշտպանության կեղծ պատրվակով։

News.am