ԲԵԿՈՒՄ ՋԵՐՄԱՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լոուրենսի անվան Լիվերմորի ազգային լաբորատորիայի գիտնականները (ԱՄՆ) բեկումնային հաջողության են հասել ջերմամիջուկային էներգետիկայի ոլորտում. նրանց հաջողվել է հասնել ջերմամիջուկային բռնկման, որն իրենից ներկայացնում է ջերմամիջուկային միաձուլման ինքնաապահովվող ռեակցիա այն փաստացի ավելի շատ էներգիա է արտադրում, քան կիրառվում է այդ ռեակցիան սկսելու համար:

 

Դեռ մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 5-ին Լիվերմորի լաբորատորիայի National Ignition Facility-ի մասնագետներն իրականացրել են կառավարվող ջերմամիջուկային միաձուլման երբևէ հաջողված առաջին գիտափորձը և հասել էներգիայի դրական ելքով ռեակցիայի։ Այժմ այս տեղեկությունը պաշտոնապես հաստատվել է։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը և Միջուկային անվտանգության ազգային վարչությունը գիտնականների ձեռքբերումն անվանում են գիտական առաջընթաց, որին ձգտել են տասնամյակներ շարունակ:

Ի՞նչ է ջերմամիջուկային միաձուլումը

Միջուկային միաձուլումը մեծ քանակությամբ էներգիայի արտազատման ռեակցիա է, որը միավորում է պարզ ատոմային միջուկները ավելի բարդ միջուկների մեջ (օրինակ՝ ջրածնի ատոմները միանում են՝ առաջացնելով հելիում)։ Միջուկային միաձուլումը տեղի է ունենում, օրինակ, աստղերի միջուկներում. մոլեկուլային փոշու հսկայական քանակությունը փլուզվում է ձգողականության ազդեցության տակ և ստեղծում է հսկայական ճնշում և ջերմություն նորածին աստղերի միջուկներում։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը տասնամյակներ շարունակ գիտնականները ուսումնասիրել են միջուկային միաձուլումը՝ դրանում տեսնելով կայուն էներգիայի արտադրության ապագան: Դեռ անցյալ դարի 60-ականներին ԱՄՆ-ի գիտնականներն առաջարկեցին միաձուլման ռեակցիան սկսելու համար օգտագործել լազերներ. նրանք բացատրում էին, որ դրանց օգնությամբ հնարավոր կլինի ստեղծել ռեակցիան սկսելու համար անհրաժեշտ ճնշում և ջերմաստիճան: Այս մեթոդը կոչվեց իներցիայի պահպանմամբ ջերմամիջուկային վերահսկվող միաձուլում:

Այդ ժամանակից անցել է մոտ 60 տարի, և միայն այժմ Լիվերմորի ազգային լաբորատորիայի գիտնականներին հաջողվել է իրական քայլ կատարել այստեղ՝ Երկրի վրա ռեակտորների ներսում էներգիա ստեղծող «աստղերի» ստեղծման ուղղությամբ։

ПРОРЫВ В СФЕРЕ ТЕРМОЯДЕРНОЙ ЭНЕРГЕТИКИ: МИР ВСТУПАЕТ В НОВУЮ ЭПОХУ?

205 ՄՋ մուտքային, 315 ՄՋ ելքային էներգիա

Լիվերմորի ազգային լաբորատորիայի գիտնականներն օգտագործել են աշխարհի ամենահզոր լազերային մեքենան: Այս սարքավորման մի մասը կարելի է տեսնել ստորև ներկայացված լուսանկարում, այն ամբողջությամբ չի տեղավորվի մեկ լուսանկարում, քանի որ մարզադաշտի չափ է։ Սարքավորումն օգտագործում է 192 հզոր լազերային ճառագայթներ՝ ստեղծելու այնպիսի ջերմաստիճան և ճնշում, ինչպիսին առաջանում է աստղերի և հսկա մոլորակների միջուկներում:

Գիտափորձի ընթացքում սարքավորումը վառելիքով փոքրիկ պարկուճին մատակարարել է 2,05 ՄՋ էներգիա, իսկ ռեակցիայի արդյունքում ստացվել է 3,15 ՄՋ էներգիա։ Այսինքն՝ ռեակցիայի ավարտին հնարավոր է եղել ստանալ ավելի քան մեկուկես անգամ ավելի շատ էներգիա, քան ծախսվել է ռեակցիան սկսելու վրա։

Միաձուլման բոցավառումն իրականացնելու համար վառելիքով պարկուճը տեղադրվել է (լուսանկարը ստորև) փոքրիկ խցիկում, որտեղ լազերային ճառագայթումը պատերի մեջ վերածվում է ռենտգենյան ճառագայթների։ Դրանք սեղմում են վառելիքը այնքան, մինչև այն պայթում է՝ ստեղծելով բարձր ջերմաստիճանով և ճնշմամբ պլազմա։

Նշենք, որ վերջին տարիներին այս լաբորատորիայի գիտնականները ջերմամիջուկային միաձուլման մի քանի փորձ են կատարել, սակայն նրանց չի հաջողվել բավարար էներգիա ստանալ։ Այսպիսով, 2014 թ գիտնականները կարողացան արտադրել մոտավորապես այնքան էներգիա, որքան 60 վտ հզորությամբ լամպը սպառում է 5 րոպեում։ Իսկ անցյալ տարի նրանց հաջողվել է հասնել 10 կվադրիլիոն վատտ ելքային հզորության, ինչը կազմում է փորձի ընթացքում սպառված էներգիայի մոտ 70%-ը։

Միայն վերջին փորձի ընթացքում հաջողվեց արտադրել մի փոքր ավելի շատ էներգիա, քան ծախսվել էր, ինչը նշանակում է, որ ռեակցիան կարճ ժամանակում պետք է կարողանա ինքն իրեն ապահովել էներգիայով՝ օգտագործելով իր սեփական էներգիան, որպեսզի միաձուլի ջրածնի լրացուցիչ ատոմներ և կախված չլինի լազերներից ստացված էներգիայից։

Արդյո՞ք թևակոխում ենք էներգետիկայի նոր դարաշրջան

Գիտնականների հետազոտությունը, իհարկե, առանց վարանելու կարելի է մեծ ձեռքբերում համարել, բայց պետք է հասկանալ, որ շատ ժամանակ կանցնի մինչև այն պահը, երբ ջերմամիջուկային էներգիան կդառնա մեր կյանքի մի մասը, և կպահանջվեն շատ այլ ուսումնասիրություններ ու գիտափորձեր:

«[Ջերմամիջուկային] բոցավառումը առաջին քայլն է, իսկապես մոնումենտալ քայլ, որը հիմք է դնում բարձր խտության էներգիայի մասին գիտության և միաձուլման հետազոտությունների տասնամյակի վերափոխման համար: Անհամբեր սպասում եմ, որպեսզի տեսնեմ, թե ուր կտանի մեզ այս ճանապարհը»,- լրագրողների հետ հարցազրույցում ասել է Է. Լոուրենսի անվան Լիվերմորի ազգային լաբորատորիայի տնօրեն դոկտոր Քիմ Բուդիլը:

Հնարավոր է, որ հենց այս հետազոտությունն էլ ապագայում կհանգեցնի համաշխարհային էներգետիկ արդյունաբերության ոլորտում իրական հեղափոխության. ջերմամիջուկային էներգիան կարող է այլընտրանք դառնալ ինչպես ատոմային էլեկտրակայաններին, որոնք աշխատում են ատոմների տրոհման, այլ ոչ միաձուլման միջոցով, ինչպես նաև ածխաջրածնային վառելիքին: Ավելին, այս այլընտրանքն ավելի անվտանգ կլինի, քանի որ այն մարդկությանը զերծ կպահի մթնոլորտ վնասակար արտանետումներից և պոտենցիալ վտանգավոր ռադիոակտիվ թափոններից, որոնք ատոմների տրոհման կողմնակի արդյունքն են։

News.am