«Հրապարակ»․ ՎԵՐՋԻՆ 2 ՏԱՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ 155 ՔԱՂԱՔԱՑԻ ԴԻՄԵԼ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

2020 թ հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Թուրքիայի 155 քաղաքացի։ Այս տեղեկությունը «Հրապարակ» թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից։

Հայտնել են նաև, որ այդ ընթացքում Ադրբեջանի որևէ քաղաքացի չի դիմել։

«Թուրքիայի քաղաքացիների գերակշռող մասը, եթե ոչ ամբողջը, ազգությամբ հայեր են: Նշված ժամանակահատվածում ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 48 հազար 352 հայի»,–գրում է թերթը։

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկացրել են նաև, որ 2021 թվականի փետրվարի 24-ից՝ Ուկրաինայում հատուկ գործողության սկսվելու օրվանից մինչ օրս Հայաստան եկած ՌԴ քաղաքացիներից 17 հազար 498 մարդ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Ոստիկանությունից, սակայն, չեն պատասխանել, թե քանի դիմում է բավարարվել։

«Պահանջվող ժամանակահատվածում բավարարված դիմումների վերաբերյալ հստակ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ դրանց մի մասը դեռևս գտնվում է քննարկման փուլում»,–ասել են ոստիկանությունից։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հիշեցնենք, սեպտեմբերին Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Ադրբեջանի անձնագրով ո՛չ մուտք, ո՛չ ելք սահմանահատումները ցույց չեն տվել։ Իսկ Թուրքիայի քաղաքացիների մասով այցեր մշտապես էլ եղել են։ Նրա խոսքով` Թուրքիայի քաղաքացիների մուտքի–ելքի այս տարվա ցուցանիշները նախորդ տարիների ցուցանիշներից գրեթե չեն տարբերվում։

Sputnik Արմենիա