Սերժ Սարգսյան․ Չորս տարի առաջ մեղադրում էին նախկիններին, հիմա էլ՝ ռուսներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակնհայտ է, որ ադրբեջանցիներին չեն հետաքրքրում ոչ հանքավայրերը, ոչ դրանց ճիշտ կամ սխալ օգտագործումը, իրենք ուղղակի ցանկանում են հպատակեցնել Արցախը, արցախցիներին, բայց դա նրանց չի հաջողվելու։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Հանրապետության հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

«Պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները ցուցաբերել են բացառիկ կամք դժվարություններին և արհավիրքներին դիմակայելու համար։ Այս անգամ էլ են դիմակայելու ուղղակի դեռ հարցական է, թե ինչ գին ենք վճարելու։ Ամեն ինչ կախված է Արցախի իշխանությունից, թե ինչպես կկարողանան կազմակերպել այդ մարդկանց՝ դժվարություններ հաղթահարելու ուղին։ Դա շատ կարևոր հանգամանք է։ Ակնհայտ է, որ որևէ հույս Հայաստանի կառավարիչներից չի կարող լինել, բայց մենք երևի վերջին անգամ 30 տարի առաջ ենք ունեցել նման կամք, վստահ եմ՝ այդ կամքը չի կորսվել։ Պետք է դիմակայել, պայքարել, ուրիշ ի՞նչ հնարավորություն կարող է լինել։ Պատերազմից երկու տարի է անցել, չէի՞ն կարող վերականգնել այդ բանակը։ Ամեն ինչը հակառակ են անում։ Հայաստանի կառավարիչները չեն կարող լուծել Արցախի ճակատագիրը, չեն կարող վճռել, թե ինչ է լինելու։ Նրանք ուղղակի ձեռքերը լվացել են Արցախից, հրաժարվել են պաշտպանել արցախցիների բնականոն իրավունքը։ Խնդիրն ինչպե՞ս լուծվեց 30 տարի առաջ․․․մենք հասնելու ենք դրան»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ մեր պետության բոլոր դաշնակիցները կարող են իրենց պայմանագրային պարտավորությունները կատարել, եթե առաջնահերթ մենք անենք դա։ Որևէ մեկը չի կարող կռվել, բարդ խնդիրներ լուծել մեր փոխարեն, եթե մենք ինքներս դա չանենք։

«Այդ նույն կառավարիչները, որոնց դուք իշխանություն եք անվանում, կարո՞ղ են մեզ ցույց տալ, թե որոնք են խաղաղապահների պարտավորությունները։ Այն, ինչ գրած է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, իրենք կատարում են։ Պետք է չէ սեփական խնդիրները բարդել ուրիշի վրա։ Չորս տարի առաջ մեղավորները նախկիններն էին, հիմա էլ նախկիններին դժվար է մեղադրելը, մեղադրում են խաղաղապահներին և ռուսներին։ Այո, բոլորիս ակնկալիքներն էլ ավելի շատ էին Ռուսաստանից, բայց ցանկացած ակնկալիք կարելի է փչացնել կողքից, ինչպես փչացրին։ Ինչպե՞ս կարելի է ծաղրել քո դաշնակցի բարձրաստիճան պաշտոնյային, ինչպե՞ս։ Եթե մենք դա չանենք, ինչո՞ւ պետք է ուրիշ մեկը մեր փոխարեն դա անի։ Որքան էլ նրանք լինեն մեր դաշնակիցները, չեն կարող ամեն ինչ անել մեր փոխարեն»,- ընդգծեց երրորդ նախագահը։

News.am