Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՏՈՒԳՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանը մի քանի բան է ուզում, և դա նորություն չէ, քանի որ խոսքը նախկինի պես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և «խաղաղության պայմանագրի» մասին է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ըստ ամենայնի, նրանք նաև ցանկանում են Ղարաբաղ տանող ճանապարհին անցակետ տեղադրել։ Չգիտեմ, թե ինչ տեսքով դա կլինի։ Միգուցե, դա կլինի ռուս խաղաղապահների հետ համատեղ անցակետ։ Օրինակ, որպեսզի ինչ-որ կերպ ռուս խաղաղապահները հաշվետու լինեն ադրբեջանցիների առջև։ Դժվար է ասել։ Այնուամենայնիվ, դա է Ադրբեջանի նպատակը»,-ասաց Իսկանդարյանը։

Փորձագետը նշեց, որ վերոնշյալին հասնելու համար Բաքուն դիմում է տարբեր մեթոդների։

«Սեպտեմբերյան էսկալացիան հենց այդ պատճառով էր։ Հայաստանին փաստացի երկու ամիս տվեցին փաստաթուղթը ստորագրելու համար։ Հայաստանը դա չէր ցանկանում անել։ Համապատասխանաբար, ճնշումը կշարունակվի»,-ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ այսպես կոչված «խաղաղության» պայմանագիրը, ըստ էության, կհանգեցնի ԼՂ տարածքից խաղաղապահ ուժերի դուրսբերման, քանի որ Բաքուն տեղի հայ բնակչության անվտանգության ապահովումը համարում է իր ներքին գործ։

«Եվ այդպիսով նրանք ստուգում են Ռուսաստանի համբերությունը։ Այսինքն, նրանք ստուգում են՝ որքան հեռուն կարող է գնալ Մոսկվայի և ռուս խաղաղապահների վրա ճնշումը, և ինչպես Ռուսաստանը կպատասխանի կամ չի պատասխանի»,-նշեց Իսկանդարյանը։

News.am