ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԵԼՔ ՈՒՆԻ

Վերջին բոլոր օրերին ադրբեջանական քարոզչությունը, շնչահեղձ լինելով հրճվանքից, շեփորում է այն մասին, որ Լաչինի միջանցքի արգելափակումով և Ստեփանակերտ ու Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրեր մտնող գազը կտրելով իրենք իսկական աղետ կառաջացնեն այնտեղ և այդպիսով վերջնականապես կթաղեն իրենց Հայրենիքից հեռանալ հրաժարվող մեր հայրենակիցներին։ Իսկ հետո կգա նաև Հայաստանում ապրողներին թաղելու հերթը։

ԴԵ ԻՆՉ, ՀԱՅԵՐԻՆ՝ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԱՆՑԱԾ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹԱՂԵԼ ԵՆ ԲԱԶՄԻՑՍ։ Իսկ ողջ մնացած հայերն ամեն անգամ հերթական գլուխն են ավելացրել իրենց պատմական տարեգրություններում, որոնք էլ սերունդներին են փոխանցել հիշողությունը անհետացած կայսրությունների, տիրակալների ու աստվածների մասին։ Ինչը հերթական «բարի կամեցողներից» շատերին տհաճ մտքեր է ներշնչել սեփական ապագայի առնչությամբ, որոնք էլ իրենց հերթին իրականացել են: Բայց ի՜նչ կարող ես այստեղ անել։ Ոչ բոլորին է հաճելի նայել մարդկանց, որոնք գործնականում հաստատ լինելու են այն ժամանակ, երբ արդեն չես լինի դու, քո տոհմը, քո երկիրը:

Հայերին թաղել անհնար է, քանզի հազարամյա ողբերգական պատմությունը սովորեցրել է նրանց, որ ժողովուրդն ավելի կարևոր է, քան երկիրը։ Իսկ երկիրը՝ ավելի կարևոր, քան պետությունը։ Ի վերջո, պետությունը կարելի է վերականգնել, ինչպես մենք՝ հայերս, արել ենք բազմիցս։ Եթե երկիրն ավերված է, այն կարելի է վերակառուցել։ Այդ գործում նույնպես հայերը փորձ ունեն։ Եվ երկրի վերածնման: Նաև պետության: Ամեն դրականով ու բացասականով հանդերձ: Դե, իսկ առանց ժողովրդի՝ հաստատ վե՛րջ։ Կառուցող չի լինի։ Ոչ մի բան։ Եվ իմաստ էլ չի լինի:

Այնպես որ մեր կողքին ապրող բարբարոսներին նախապես նիտրոգլիցերին ծծելու երջանիկ հնարավորություն տանք, իսկ ինքներս անդրադառնանք ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունների գործողություններին։ Նրանց մասին մտածելու ցանկություն, անկեղծ ասած, ամեևին չկա, բայց անկոչ մտքերը, հիմնականում հարցերի տեսքով, առանց հարցնելու սողոսկում են ուղեղդ։ Օրինակ, կոնկրետ ի՞նչ է անում Փաշինյանի իշխանությունը շրջափակված Արցախին օգնելու համար։

Այս հարցն այսօր տալիս են մեր բազմաթիվ հայրենակիցներ և ի պատասխան՝ ժայթքում բառահեղեղ, որում չկա ոչ մի պարկեշտ խոսք։ Քանզի իշխանությունը չի անում ոչ մի բան։

Ճիշտ է, դեկտեմբերի 12-ին, երբ Լաչինի միջանցքը դեռ նոր էր արգելափակվել թշնամու կողմից, պաշտոնական հաղորդագրություն հայտնվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։ Բայց թե ինչ հարցեր են քննարկվել զրույցի ընթացքում, մտադիր է արդյոք Ռուսաստանը ինչ-որ քայլեր ձեռնարկել ճանապարհը բացելու ուղղությամբ, ինչ պայմաններ են առաջադրվում դրա համար և այլն, ոչ մի տեղեկատվություն չտրամադրվեց։ Հաջորդ օրը Փաշինյանը ԱԽ նիստ հրավիրեց, բայց թե ինչ քննարկեցին, ինչ եզրահանգումների եկան, ինչ որոշեցին՝ կրկին մնաց առեղծված։

Եվ ուրիշ ոչի՛նչ։ Այդքանով իշխանությունն ավարտվա՞ծ համարեց իր առաքելությունը։ Դատելով ամենից՝ այո։

Ուստի գնալով ավելի շատ հիմքեր են առաջանում համաձայնելու քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի վարկածին, որը համարում է, որ «Լաչինի ճանապարհի փակման կապակցությամբ Նիկոլի ու իր ռեժիմի լռությունը ու պասիվությունը ունի իր հստակ բացատրությունը. սպասում են, որ իրավիճակը հասնի այն կետին, որ դրանից հետո ինչ էլ ստորագրեն, դա մատուցեն, թե բա հանուն ժողովրդի ենք արել, Արցախի ժողովրդին էինք փրկում։ Դե մոտավորապես այնպես, ինչպես ինքը փորձում էր մանևրել 2020 թվականի նոյեմբերի 9-10 փաստաթուղթը ստորագրելուց հետո, թե բա 20 հազար զինվոր գերի էին ընկնում, բա իրենց եմ փրկել»։

Միանգամայն հնարավոր է, որ Փաշինյանը հենց այդպիսի սցենար է խաղարկում և հաջողություն ակնկալում։ Եվ դրա համար նա հիմքեր ունի, քանզի մեր ժողովրդի դյուրահավատությունն արդեն դարձել է ազգի կյանքի համար վտանգավոր հիվանդություն։ Դե, իսկ հասարակական գիտակցությունը մանիպուլացնելու իշխանությունների ունակությունը զգալիորեն գերազանցում է երկիր կառավարելու և կենսական կարևորության խնդիրներ լուծելու նրանց կարողությանը։

Իշխանությունը վստահ է, թե գործ ունի մատը բերանից չհանող մտավոր հետամնաց ժողովրդի հետ. մի բարի խոսք ասա նրան, ինչ-որ բան խոստացիր, գլուխը շոյիր, գույնզգույն թղթով կոնֆետ տուր, և նա կգա քո հետևից աշխարհի ծայրը, թուքը ծորացնելով, բառաչելով ու ժպտալով պղտոր, անիմաստ ժպիտով։

Իսկ ինչպե՞ս է իշխանությունը բացատրում իր անգործությունը։ Շատ պարզ. բարդելով պատասխանատվությունը ուրիշների վրա: Այդ հնարքը վաղուց արդեն ավանդական է դարձել Փաշինյանի համար։ Եթե նախկինում առաջնորդները իրենց էին վերագրում ուրիշների հաղթանակները, ապա սա իր պարտությունները վերագրում է ուրիշներին: Գուցե այն պատճառով, որ բացի պարտություններից ուրիշ ոչնչով չի՞ կարող պարծենալ։

Եվ պատահական չէ, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հայտարարում է բառացիորեն հետևյալը. «Չէ, ո՞նց կարող ենք խոչընդոտել, մենք ի՞նչ գործ ունենք Լաչինի հետ, որ խառնվենք։ Էդ ռուսների գործն ա արդեն, մենք էդ դաշտում միջամտելու իրավունք չունենք, հենց միջամտենք, կգան մեզ կհասնեն: Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը խաղաղապահներն են, թող իրենք էլ պաշտպանեն էդ ժողովրդին»։

Ինչպիսի՜ սքանչելի զառանցանք: Ահա դա՝ Փաշինյանի ռեժիմի իրական դեմքը։ Դե, եթե ոչ դեմքը, ապա փափուկ տեղը՝ դա հաստատ: Միևնույնն է, տարբերելն անհնար է։ Ի դեպ, նրանում, որ Հայաստանն իրավունք չունի խանգարել ադրբեջանցիներին փակել Լաչինի միջանցքը, համոզված է ոչ միայն Գագիկ Մելքոնյանը, այլև ՔՊ ողջ խմբակցությունը։ Այլապես խորհրդարանական մեծամասնությունը դեկտեմբերի 14-ին ԱԺ արտահերթ նիստ չէր անցկացնի և չէր ընդունի Լաչինի միջանցքի արգելափակման մասին հայտարարությունը, որում կոչ է արվում... երկխոսություն սկսել Բաքվի և Ստեփանակերտի միջև։

Ի՞նչ կարելի է ասել այս առնչությամբ։ Միայն կրկնել նախահեղափոխական Ռուսաստանի Դումայում աջերի առաջնորդներից մեկի՝ Վլադիմիր Պուրիշկևիչի խոսքերը, որը մատնացույց էր անում ՌՍԴԲ(բ)Կ պատգամավորին ու գոռում. «Անհապաղ անասնաբո՛ւյժ կանչեք սրա համար»։ Կամ հիշել Չերչիլին, որն ասել է. «Դուք կարող էիք ընտրություն կատարել պատերազմի և պատվազրկության միջև։ Դուք ընտրեցիք պատվազրկությունը և ստացաք պատերազմ»:

Հավատալու համար Հայաստանի իշխանությունների կողմից առաջարկվող «խաղաղ երկխոսության» հնարավորությանը Բաքվի և Ստեփանակերտի, այսինքն մարդասպանի և նրա զոհի միջև, պետք է ընդունես կա՛մ սեփական խելագարությունդ, կա՛մ աշխարհի բացարձակ անիրականությունը, որում ապրում էիր դեռ մի ակնթարթ առաջ։ Թե ինչ աստիճանի են ձևանում իշխող կուսակցության շնորհալի խեղկատակները, ինչ աստիճանի են խելագար խաղում, իսկ որքանով են խանգարվել իրականում, ավելի որոշակի կարող է ասել միայն պրոֆեսիոնալ հոգեբույժը։

Իրականում ստեղծված իրավիճակից մենք ունենք միայն մեկ ելք, և այն հնչեցրեց խորհրդարանական ընդդիմությունը։ Իհարկե, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարումն ապահովելու գլխավոր առաքելությունը ռուս խաղաղապահների ուսերին է, բայց դա չի նշանակում, թե Հայաստանը պետք է լվանա ձեռքերն ու մի կողմ քաշվի։ Հայաստանը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, ընդհուպ մինչև ռազմական գործողություններ, որպեսզի փրկի իր արցախցի հայրենակիցներին ցեղասպանությունից։

Ինչպես հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը, եթե անգամ Հայաստանն ի վիճակի չէ անել դ իր ռազմական ներուժի օգտագործմամբ, նա պետք է հենվի դաշնակիցների ուժերի վրա, ինչպես նաև դիմի միջազգային կազմակերպություններին:

Ապագայում դա կհասկանա նաև իշխանությունը։ Եթե, իհարկե, այդ ապագան իշխանությունն ունի։