Դեսպան․ Իսրայելն ամեն ինչ կանի Ադրբեջանին ուժեղացնելու և ցանկացած սպառնալիք կանխելու համար

Իսրայելն ամեն ինչ կանի Ադրբեջանին ուժեղացնելու և նրան ուղղված ցանկացած սպառնալիք կանխելու համար։ Այս մասին АПА-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։

«Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական գործընկերներ են, ուստի մենք նրան լուրջ ենք վերաբերվում։ Մենք հենց այնպես չենք օգտագործում «ռազմավարական» բառը որևէ երկրի առնչությամբ։ Այս առումով մեր գործընկերությունը խորն է և ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ»,- ասել է նա:

Նրա խոսքով, այդ ոլորտներից մեկն էլ անվտանգությունն է, ուստի «ղարաբաղյան հարցում Իսրայելի դիրքորոշումը միանշանակ է եղել՝ Իսրայելը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։

Դեսպանը նշել է, թե Իսրայելում հասկանում են, որ «Ադրբեջանի որոշ հարևաններ չեն վախենում նրան սպառնալ, նրանք բացահայտ կամ քողարկված սպառնում են նրա անկախությանը կամ տարածքային ամբողջականությանը»։ «Մենք՝ որպես բարեկամ, ամեն ինչ կանենք Ադրբեջանին ուժեղացնելու համար, որպեսզի կանխենք այն սպառնալիքը, որը կարող է գալ ցանկացած ուժի կողմից մեր գործընկեր Ադրբեջանի դեմ»,- հավաստիացրել է դիվանագետը։

News.am