ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ 5-րդ ՕՐԸ. ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՀՀ ԱԳՆ-ը, ԴԵՍՊԱՆՆԵՐՆ ՈՒ ԴԵՍՊԱՆՈՒՀԻՆԵՐԸ

Բերձորի միջանցքի արգելափակման 4-րդ օրը ՝ դեկտեմբերի 15-ին, Փաշինյանը բարեհաճեց անդրադառնալ Արցախի լիակատար շրջափակման հարցին, այն էլ՝ ընդամենը կառավարության նիստում։ Մինչ այդ Հայաստանի սույն «վարչապետը» բերանը ջուր էր առել և ոչ մի բառ չէր ասում ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար գոյաբանական կարևորության խնդրի մասին, ոչ մի անգամ հրապարակավ չդատապարտելով Ադրբեջանի գործողությունները և ոչ մի պահանջ չներկայացնելով իր «կառուցողական» յուզգյարներ Բաքվին ու Անկարային։

«120 հազար մարդ փաստացի հայտնվել է շրջափակման մեջ, այս իրավիճակը այլ կերպ քան հումանիտար աղետ անվանել հնարավոր չէ, սա հետևանք է նաև, որ Ադրբեջանը խրոնիկ կերպով խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը: Մեր հիմնական աշխատանքը պետք է լինի այս խախտումներին միջազգային հասցեական գնահատականի արժանացնելը»,- հայտարարեց Փաշինյանը, բնականաբար՝ մի բառ անգամ չասելով այն մասին, որ նման իրավիճակն առաջացել է բացի ամենից նաև իր վարած քաղաքականության արդյունքում և իր անձնական մեղքով։

Բայց առայժմ մի կողմ թողնենք այդ ակնհայտ փաստը։ Ենթադրենք, թե իրավիճակային առումով Փաշինյանն իրավացի է, երբ հայտարարում է, թե կառավարության հիմնական աշխատանքը «պետք է լինի այս խախտումները միջազգային հասցեական գնահատականի արժանացնելը», թեև ստեղծված իրավիճակում հիմնական նպատակը պետք է լինի առնվազն միջանցքի բացումն ու ազատ և անարգել երթևեկության ապահովումը։ Այդ դեպքում հարց է ծագում. ինչո՞ւ դա չի արվում։ Ճանապարհի արգելափակումից անցել է ավելի քան 4 օր, բայց իշխանությունների ակտիվում այդ մասով ոչինչ չկա։

Մինչդեռ արդեն հաջորդ օրը տարբեր երկրների կառավարություններն ու խորհրդարանները, միջազգային և միջպետական խոշորագույն կառույցները, կուսակցական, հումանիտար, հասարակական ու այլևայլ կազմակերպությունները պետք է բառացիորեն հեղեղված լինեին հայկական կողմի հայտարարություններով, ուղերձներով և պահանջներով։ Համաշխարհային ողջ մամուլը պետք է աղաղակեր այն աղետալի վիճակի մասին, որում հայտնվել են չճանաչված, բայց իրապես գոյություն ունեցող և միանգամից երկու հզոր հարևաններին քաջաբար դիմակայող հանրապետության 120 000 բնակիչները։

Բայց նման բան չկա բացարձակապես։ Կա ընդամենը մի քանի երկրների դիրքորոշում, հիմնականում՝ ոչ մի բանի չպարտավորեցնող սոցցանցային գրառումների տեսքով, ընդամենը մեկ իրավապաշտպան կազմակերպության՝ Freedom House-ի, քաղաքական և հասարակական մի քանի գործիչների, մի քանի հրապարակումներ մամուլում... Ընդ որում փաշինյանական կառավարության ավանդն այդ գործում չնչին է, հիմնականում աշխատում են Սփյուռքը կամ բուն Արցախի ներկայացուցիչները։ Թե ինչով է զբաղված ԱԳՆ-ը, դրա աշխատակիցները Երևանում և դեսպանները տարբեր երկրներում՝ հայտնի չէ, թեև բոլոր հիմքերը կան եզրակացնելու, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների գերակշիռ մասն այդ ուղղությամբ բացարձակապես ոչինչ չի ձեռնարկում։

Օրինակ, բացի ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, որոնք ավանդաբար ակտիվ երկրներ են տարածաշրջանում ու հակամարտության կարգավորման գործում, հայտարարություններով հանդես եկան միայն Կիպրոսի, Հունաստանի, Նիդեռլանդների ԱԳՆ-ները։ Այդ երկրներում ՀՀ դեսպաններ Տիգրան Մկրտչյանն ու Տիգրան Բալայանը նշանակվել են դեռևս «նախկինների» օրոք։ Եվ ոչ մի ձայն՝ այն պետություններից, որտեղ Փաշինյանը, որպես պարգևատրում հավատարիմ ծառայության համար, ուղարկել է իր մարդկանց՝ դիվանագիտության ոլորտում բացարձակ դիլետանտներին։

Լռում են միջպետական կազմակերպությունները, որոնց Հայաստանն անդամակցում է և որտեղ ներկայացուցչություններ ունի, լռում են բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք, ամենայն հավանականությամբ, նույնիսկ տեղյակ չեն, որ մի ամբողջ հանրապետություն դատապարտված է շրջափակման և մոտ է մարդասիրական աղետի։ Ոչ մի ձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ից, թեև արցախցի 30000 երեխաներ զրկված են սովորելու հնարավորությունից, նրանց սպառնում են ցուրտն ու սովը... Չեն արձագանքում լրագրողական կազմակերպությունները, թեև դեռևս 2 օր առաջ «Թաթոյան» հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ, որ հայկական լրատվամիջոցները զրկված են իրադարձությունների վայրում աշխատելու հնարավորությունից: Իսկ դա նշանակում է, որ այնտեղից տեղեկատվությունը համաշխարհային մամուլին հասնում է միայն ադրբեջանական աղբյուրներից։

Երկրի կառավարման չորսուկես տարվա ընթացքում Փաշինյանն ու իր թիմը այդպես էլ չհասկացան, թե ինչ է նշանակում աշխատել ի բարօրություն երկրի, եթե, իհարկե, կա այդպիսի ցանկություն և սեփական պարտականությունների ու հսկայական պատասխանատվության գիտակցում։ Չհասկացան, որ դիվանագիտությունը պարզապես արտասահմանյան շրջագայությունները չեն, ոչ էլ շքեղ հյուրանոցներում իջևանելը, շինծու ժպիտներն ու միջազգային մակարդակի գործիչների հետ ձեռքսեղմումները տեսախցիկների առջև, միավանկ ու ոչինչ չնշանակող հայտարարությունները. նման բան կարող է իրեն թույլ տալ մեծ խնդիրներ չունեցող ու բարգավաճ երկիրը։ Չհասկացան, որ այն իրավիճակը, որում հայտնվել են Արցախն ու Հայաստանը, պահանջում է աշխատանքի միանգամայն այլ ռեժիմ, ձևաչափ ու գործելաոճ. ոչ թե ճոռոմ ու դանդաղընթաց, այլ տքնաջան, շուրջօրյա և պրոֆեսիոնալ։

Տեղեկատվական ճակատում նույն ողբալի պատկերն է։ Պետական մակարդակով հետևողական աշխատանքի փոխարեն՝ հատուկենտ ԶԼՄ-ներում եղանակ չստեղծող տեղեկատվության ու հազվագյուտ հոդվածների առաջմղման տարբեր ջանքեր առանձին էնտուզիաստների կողմից: Ազդեցիկ պարբերականների հետ աշխատելու փոխարեն՝ Հայաստանի դեսպանների և դեսպանատների աշխատակիցների բացարձակ անտարբերություն այն բանի նկատմամբ, թե ինչպես և ում կողմից է լուսաբանվում Բերձորի միջանցքում և բուն Արցախում տիրող իրավիճակը։ Արցախում արդեն 5 օր շարունակ ձգվող աղետալի վիճակի վերաբերյալ հայ պաշտոնյաների ոչ մի հարցազրույց համաշխարհային լրատվամիջոցներից ոչ մեկում. ահա Հայաստանի ԱԳՆ կոչեցյալ անհասկանալի կառույցի և ընդհանրապես կառավարության գործունեության լավագույն գնահատականը։

Դասական օրինակ։ Այս օրերին արտաքին քաղաքական գերատեսչության դե ֆակտո ղեկավարը գտնվում է ԱՄՆ-ում։ Թվում էր, թե դեսպանությունը՝ իբրև թե դեսպան Լիլիթ Մակունցի գլխավորությամբ, պետք է շտապ կարգով պատրաստեր պաշտոնական ժամանակացույցից դուրս գոնե ինչ-որ ծրագիր. մամլո ասուլիսներ, հարցազրույցներ ԶԼՄ-ներում, հանդիպումներ տարբեր կազմակերպությունների հետ, ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային, որպեսզի Միրզոյանը գոնե իր համեստ հնարավորությունների սահմաններում պատմեր տեղի ունեցող ամենի մասին։ Բայց ո՛չ. կատարյալ լռություն…

Թուրքիայի նախկին գործակալի գլխավորած կառույցից այլ բան ակնկալելն, իհարկե, դժվար կլիներ։ Ինչպես որ դժվար է այլ բան ակնկալել կառավարությունից, որի ղեկավարը միայն 4-րդ օրն է մեծագույն դժկամությամբ անդրադառնում այն աղետալի վիճակին, որում հայտնվել է հայ ժողովրդի մի մասը։ Դրա համար էլ այն ամենը, ինչ նրանք ասում ու հայտարարում են, գործնականում ոչ մի ազդեցություն չի ունենում համաշխարհային հասարակական կարծիքի վրա և չի հանգեցնում կոնկրետ քայլերի։ Ուստի կրկին հանգում ես մեկ եզրակացության. չարի արմատը և առհասարակ իրավիճակի բեկման բանալին երկրի ազատագրումն է, վերջապես, օտար, ավելին՝ թշնամական շահերի օգտին աշխատող իշխանությունից։

Եվ սա է այն միակ ելքը, որը դուրս կբերի մեզ փակուղուց ու կփրկի թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը։