Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՎԱՂՆ ԷԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ «ԷԿՈԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ» ԿՑԱՆԿԱՆԱՆ ՏԻՐԱՆԱԼ ԱՄԲՈՂՋ ՍՅՈՒՆԻՔԻՆ

Եթե Ադրբեջանը «մարսի» Արցախի թեման, ապա այդ նույն «էկոակտիվիստների» միջոցով ցանկություն կհայտնի տիրանալ ամբողջ Սյունիքի մարզին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։

«Մի օր կգան 500 ադրբեջանցի «էկոակտիվիստներ» և կասեն, թե, իբր, Ամուլսարն ու Քաջարանի կոմբինատը կանգնած են բնապահպանական աղետի առաջ։ Պետք չէ մոռանալ, որ Կապանի վերևում ադրբեջանական դիրքեր կան։ Բաքուն ոչ միայն ճանապարհ է ուզում, այլև ամբողջ Սյունիքն ու Սևանը։ Երբ Հայաստանն ուժեղ էր, Ադրբեջանը 30 տարի լռում էր, թեև նույնն էր ուզում»,-ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այսօր Ադրբեջանի նպատակն է վերջնականապես ոչնչացնել Արցախում հայկական պետականության մնացորդները, լուծարել Արցախի իշխանությունը՝ որպես պետականության ատրիբուտ, միջամտել Արցախի կյանքի, բնական ռեսուրսների կառավարմանը և այլն։

«Բաքուն կփորձի հասնել արցախահայության առավելագույն վտարմանը և փակել Արցախի թեման, ուստի մենք պետք է ազատվենք վարդագույն ակնոցներից և հասկանանք, թե ինչպես ենք դրան դիմակայելու»,-հավելեց Հովհաննիսյանը: Նա կարծում է, որ Հայաստանն ունի ռեսուրսներ, պարզապես դրանք պետք է հաշվարկել։

News.am