ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՆՁՆԵԼ «ՀԱՂԹԱԹՂԹԵՐԸ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ Շատերն են այս օրերին հարց տալիս, թե արդյոք պատահակա՞ն է, որ պատերազմից միայն երկու տարի անց է Ադրբեջանը կազմակերպում Լաչինի միջանցքի փակումը։ Կարծում ենք՝ ոչ, քանի որ Բաքուն այս օրվան հասնելու համար հետևողական ու աստիճանական քայլեր է ձեռնարկել։ Այլապես պատերազմի ավարտից անմիջապես հետո նման քայլերի կարող էր դիմել։ Իսկ ի՞նչ պայմաններ են ստեղծվել դրա համար։ Նախ՝ Ադրբեջանը չի իրագործել նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջները, Արցախից նոր տարածքներ է օկուպացրել, գերիներին պահում է որպես սակարկության առարկա և ոչ միայն չի բացում հաղորդակցության ուղիները հայկական կողմի համար, այլև ներխուժել է ՀՀ տարածք և անընդհատ սադրանքներով լարվածություն է ստեղծում սահմաններում՝ փորձելով մշտապես ճնշում գործադրել հայկական կողմի վրա։
Հիմա հասկանանք, թե ինչու և ինչպես է Բաքուն հետևողականորեն խախտում եռակողմ հայտարարության դրույթները, որոնց մասին Փաշինյանը կառավարության նիստում լալահառաչ հայտարարում էր ու հերթով թվարկում։ Նախ՝ ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված դրույթների, կողմերը պետք է մնային իրենց զբաղեցրած դիրքերում, այսինքն՝ փաստաթղթի ստորագրման դրությամբ հայկական զինված ուժերը պետք է մնային բոլոր այն տարածքներում, որոնք այդ պահի դրությամբ դեռևս իրենց վերահսկողության տակ էին գտնվում։ Իսկ Փաշինյանը ԱԺ-ում ընթացող հարցուպատասխանի ժամանակ խոստովանեց, որ ինքն է հրաման տվել, որ զինված ուժերը հետ քաշվեն հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Կովսականի տարածքի մի մասից, որի հանձնման մասին փաստաթղթում որևէ խոսք չկար, իսկ դա էլ փաստացի պայմաններ է ստեղծել, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեն Սյունիքի տարածք։
Մյուս կողմից՝ հարկ է նկատել, որ Փաշինյանն անընդհատ խոստանում էր (հատկապես նախընտրական քարոզարշավի ընթացքում), որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բանակցային գործընթացը վերականգնելու է, սակայն այդպես էլ չկարողացավ այդ խնդիրը լուծել։ Եվ մինչ ինքը խաղաղության դարաշրջանի քարոզ էր տանում, թշնամին կարողացավ օկուպացնել Բերձորը, Աղավնոն ու Սուսը և հայաթափել այդ բնակավայրերը, իսկ Լաչինի միջանցքը տեղափոխել այլ ճանապարհով։ Այս հարցում Բաքուն որևէ լուրջ դիմադրության չհանդիպեց, կարծես թե այդպես էլ պետք է լիներ։ Պարզ է՝ Ադրբեջանի նպատակն այնպիսի պայմաններ ստեղծելն էր, որ Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքի շրջանում հայեր չբնակվեն, որպեսզի փակելու համար որևէ խնդիր չառաջանա։
Բայց մյուս կողմից էլ Փաշինյանը իրավական հիմքեր է ստեղծել Ադրբեջանի համար, որ նոր տարածքներ բռնազավթի, ցանկացած պահի փակի Լաչինի միջանցքը կամ նմանատիպ այլ քայլերի գնա։ Հաջորդը: Մեղադրելով նախկիններին՝ իբր թե նրանք են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, համաձայնել են Մադրիդյան սկզբունքներին և այլն, Փաշինյանը Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունեց այն հայտարարության տեքստը, որի համաձայն, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։ Այդպիսով նա բոլոր գործիքները տվեց Բաքվին, որ նույնիսկ ոչ ռազմական ճանապարհով՝ այսպես կոչված բնապահպանների օպերացիայի շրջանակներում, կազմակերպի սադրանք Արցախի Հանրապետության նկատմամբ ու պահանջներ ներկայացնի Արցախի հանքերի նկատմամբ։
Ու ադրբեջանական կողմի համար փաստարկ է այն, թե Հայաստանը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային աբողջականությունը, փաստացի ճանաչել է նաև այդ պետության իրավասությունն Արցախի տարածքի նկատմամբ, հետևաբար, այսպես կոչված, բնապահպանները կարող են նման պահանջներ ներկայացնել, ուստի և փակել նաև Լաչինի միջանցքը։ Փաստացի, այս հանգամանքը Ադրբեջանին հիմքեր է տվել նույնիսկ առանց զենքի ուժի դիմելու ամեն ինչ անել Արցախը շրջափակման ենթարկելու և դե ֆակտո անկախ պետության ոչնչացմանն ու հայաթափմանը հասնելու համար։ Բայց այս ամենը միայն Արցախով չի սահմանափակվելու, եթե դեռևս մարդիկ կան, որ այդպես են մտածում, ապա չարաչար սխալվում են։ Նույնպիսի երևույթներ են տեղի ունենալու նաև Սյունիքի, ինչու չէ՝ նաև Հայաստանի այլ տարածքների հետ։ Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, թե իրենք վերադառնալու են Սյունիք, Սևան և Երևան, սակայն դա անելու են առանց տանկերի։
Ըստ այդմ, ադրբեջանական կողմը խոսում է նաև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին, որը, ըստ իրենց պատկերացումների, պետք է տեղի ունենա 1920 թ. ինչ-որ քարտեզով։ Իսկ դրա տակ իրենք հասկանում են, թե Սյունիքը ևս պետք է իրենց պետության կազմում լինի, ու հենց դրա շրջանակներում է, որ Ալիևն անընդհատ խոսում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ուստի բացառված չէ, որ մի օր էլ նման բնապահպաններ հայտնվեն Սյունիքի կամ Գեղարքունիքի տարածքում ու ճանապարհներ փակեն՝ տարբեր պահանջներ ներկայացնելով։ Այնպես որ, վտանգները գոյաբանական են հայ ժողովրդի համար, իսկ կշեռքի նժարին դրված է Հայաստանի ու Արցախի պետականության հարցը։ Բայց մի բան արդեն իսկ հստակ է, որ ՀՀ իշխանությունները բացառապես ամեն ինչ տանուլ են տալիս այն կարգի, որ տպավորություն է առաջանում, թե հատուկ այդ առաքելությամբ են ուղարկվել։