ՄՈՒՐԻ ԱՅՑԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՊԱՐԶԱԲԱՆԵԼ, ԹԵ ԻՆՉ Է ՔՆՆԱՐԿԵԼ «ՄԻ-6»-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

Արցախի վերջնական հանձնման և Հայաստանի թուրքացման ուղղությամբ անխոնջ աշխատող ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 12-ին Լոնդոնում հանդիպել է բրիտանական ՄԻ-6-ի՝ արտաքին հետախուզության (պաշտոնական անվանումը՝ «Մեծ Բրիտանիայի ԱԳՆ գաղտնի հետախուզական ծառայություն») ղեկավար Ռիչարդ Մուրի հետ։ ՀՀ Անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը սահմանափակվեց ընդհանուր հերթապահ հաղորդագրությամբ, թե իբր՝ Լոնդոնում Գրիգորյանի հանդիպումները նվիրված էին «անվտանգության ոլորտում հետագա համագործակցության հարցերին»։ Հիշեցնեմ, որ հենց դեկտեմբերի 12-ին արգելափակվեց Արցախի «կյանքի ճանապարհը»՝ Բերձորի միջանցքը։

Չորս օր անց՝ դեկտեմբերի 16-ին, նույն Մուրը անսպասելիորեն ժամանեց Երևան և հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պաշտոնական հաղորդագրությունը կրկին անբովանդակ էր. Փաշինյանն ու Մուրը, իբր, քննարկել են «Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները», ինչպես նաև անդրադարձել «տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների»։ Մուրի այցը բավական տագնապալի բնույթի բազմաթիվ հարցեր առաջացրեց հայկական փորձագիտական հանրության միջավայրում, քանզի խոսքը ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ավանդաբար ոչ բարեկամական երկրի արտաքին հետախուզության ղեկավարի մասին է, այլև մի մարդու, որին անվանում են թուրքական ակտիվ լոբբիստ։

Այս համատեքստում կան նաև այլ կարևոր տեսանկյուններ, կապված հենց Մեծ Բրիտանիայի հետ։ Մասնավորապես, օրերս հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ Կաշենի հանքավայրը Ալիևը վաճառել է անգլիական ընկերությանը։ Այսպես, ըստ CivilNet-ի հրապարակման, Ադրբեջանի կառավարությունը հուլիսին համաձայնագիր է ստորագրել Բրիտանական Anglo Asian Mining Company ընկերության հետ՝ 3 մլրդ դոլարի գործարքի շուրջ, որը ներառում է նաև Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի պղնձամոլիբդենային հանքը:

Բաքվի ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին նաև այն մասին, որ ընկերությունը դիմել է ինչ-որ միջազգային դատարան՝ բողոքելով, որ մուտք չունի Կաշենի հանքավայր, սակայն դրա վերաբերյալ որևէ հաստատում դեռևս չկա: Կապվա՞ծ է արդյոք Մուրի այցը հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Տրամաբանական է ենթադրել, որ դա կարող էր լինել Փաշինյանի հետ հանդիպման թեմաներից մեկը, բայց ընդամենը մեկը և բնավ ոչ ամենագլխավորը, քանզի ռազմական հետախուզության ղեկավարի անսպասելի այցը Մեծ Բրիտանիայի համար աննշանակալի երկիր դժվար թե կարող էր հիմնավորված լինել միայն այդ հարցով։ Մանավանդ որ հետախուզական ծառայությունների ղեկավարներն առանձնապես չեն սիրում ճամփորդել, հասկանալի պատճառներով նախընտրելով գործել ծայրաստիճան փակ։ Իսկ առավելևս Փաշինյանի հետ «միջազգային անվտանգության» հարցեր Մուրն անձամբ չէր քննարկի։

Ռիչարդ Մուրի անցած ուղին լավ հայտնի է: 2014-2018 թվականներին նա եղել է Մեծ Բրիտանիայի դեսպանը Թուրքիայում, փայլուն տիրապետում է թուրքերենին։ Նա սերտ կապեր ունի Թուրքիայում, մտերիմ է Էրդողանի հետ, որին ակտիվորեն աջակցել է 2016-ի պետական հեղաշրջման փորձի ժամանակ։ Ցուցանշական է, որ Մուրը «Մի-6»-ի ղեկավար նշանակվեց 2020 թվականի հոկտեմբերին, իսկ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ նոյեմբերի 11-ին, այցելեց Անկարա և մի շարք հանդիպումներ ունեցավ, որոնց ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, քննարկվել են «Լեռնային Ղարաբաղի և Լիբիայի վերջին իրադարձությունները»։

Բայց եթե անգամ անգլիական ռազմական հետախուզության ղեկավարը որևէ կերպ կապված չլիներ թուրքերի հետ, նրա այցը Երևան, այն էլ Արցախի լիակատար շրջափակման օրերին, ամեն դեպքում բազմաթիվ հարցեր կծներ։ Բավական է հաշվի առնել հենց միայն Մեծ Բրիտանիայի ավանդական հակահայկական քաղաքականության փաստը և, մասնավորապես, այն չարագուշակ դերը, որ խաղացել է այդ երկիրը Հայոց ցեղասպանության իրականացման գործում։ Բացի այդ, առ այսօր դեռ լիովին բացահայտված չէ 44-օրյա պատերազմին Լոնդոնի մասնակցության աստիճանը։ Հիշենք, որ 2020թ. նոյեմբերի սկզբին հենց Մեծ Բրիտանիան տապալեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կարևոր որոշման ընդունումը։

Թե ընդհանուր առմամբ ինչպիսին են այդ երկրի ներգրավվածության իրական ծավալները վերջին 4 տարիներին տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում, կրկին իսկ միայն կռահել կարելի է։ Մանավանդ եթե նկատի առնենք բրիտանական ահռելի ներդրումները (մոտ 30 մլրդ դոլար) Ադրբեջանի տնտեսության մեջ և այնտեղ գործող ավելի քան 500 անգլիական ընկերությունների շահերը։ Պատահական չէ այն տարածված կարծիքը, որ դրանցից խոշորագույնը՝ British Petroleum-ն է վճռում Բաքվի արտաքին քաղաքականության բոլոր կարևոր հարցերը։ Համենայնդեպս վստահաբար կարելի է ասել, որ և՛ BP-ի, և առհասարակ Մեծ Բրիտանիայի շահերը Ադրբեջանի վարած քաղաքականության մեջ միշտ հաշվի են առնվում առաջնահերթ կարգով։

Հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով, եթե Հայաստանի իշխանությունները շփվում են Ռիչարդ Մուրի հետ, ապա այդտեղ կա նաև երրորդ կողմը՝ Թուրքիան, և դա, ըստ էության, կարող է նշանակել նաև միջնորդավորված շփում Երևանի և Անկարայի միջև։ «Բայց թե 3 երկրներից որի օրակարգի շուրջ է ընթանում այդ շփումը, դժվար է ասել»,- նշել Է նա Sputnik Արմենիային տված հարցազրույցում։ Միքայելյանը ենթադրում է նաև, որ բրիտանացիների իրական հետաքրքրությունը կապված է ոչ այնքան Հայաստանի, որքան հարևան Իրանի հետ։ Այցի մյուս հնարավոր թեման փորձագետը համարում է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու գործընթացը։ Նրա խոսքերով, Երևանն այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի՝ հաշվի առնելով ռուսաստանյան ռազմական ներկայությունը Հայաստանի և Արցախի տարածքում։ Երևանում Մուրի բանակցությունների երրորդ հնարավոր թեման Միքայելյանը համարում է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, բնականաբար՝ հօգուտ Ադրբեջանի։

Մեկ այլ փորձագետ՝ Yerevan Today պարբերականի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է. «Տարիներ շարունակ մանրակրկիտ գծված ծրագիրը հասել է ավարտին, ու քանի որ էլ թաքցնելու բան չկա, պարբերաբար հանդիպումները զուտ այդ ծրագրի անշեղ իրականացման համար են»։ Դա իսկապես կասկածից վեր է, ինչպեսև այն, որ վերոնշյալ հարցերի ողջ սպեկտրը, ինչպես նաև մի շարք այլ հարցեր, դարձել են Մուրի և Փաշինյանի քննարկման առարկան։ Իսկ ամենակարևորը. կարելի է հարյուր տոկոսով վստահ լինել, որ բոլոր քննարկումներն ու պայմանավորվածությունները կրել են թուրքամետ և, հետևաբար՝ հակահայկական բնույթ, և որ Մուրը Փաշինյանից ստացել է այն ամենը, ինչ ցանկացել է առաջիկայի համար, ճիշտ այնպես, ինչպես ստացել էր ավելի վաղ՝ սկսած 2018-ի գարնանից։

Հետևաբար, այն ամենը, ինչ վերաբերում է Հայաստանի դե ֆակտո ղեկավարի հանդիպմանը հայ ժողովրդի ճակատագրում մշտապես խիստ բացասական դեր կատարող երկրի ներկայացուցչի հետ, պետք է հայտնի դառնա հանրությանը։ Այն ծայրահեղ վիճակը, որում այսօր գտնվում են Արցախն ու Հայաստանը, որպես ակնհայտ իրագործվող աշխարհաքաղաքական սցենարի հետևանք, համառորեն պահանջում է կառավարության հաշվետվություն հանրությանը՝ ընդհանրապես պետության և նրա յուրաքանչյուր քաղաքացու համար իրապես գոյաբանական նշանակություն ունեցող հարցերում։ Կարելի է հավատալ կամ չհավատալ դավադրության տեսությանը. հիմա դա արդեն կարևոր չէ, բայց անհնար է չտեսնել այն ահավոր վտանգը, որը դամոկլեսյան սրի պես նույնիսկ ոչ թե կախված է, այլ արդեն ընկնում է Արցախի և Հայաստանի վրա։

Տեղի ունեցող ամենի, այդ թվում հայ ժողովրդին սպառնացող ամենաիրական մահացու վտանգի օրերին Արմեն Գրիգորյանի և հենց իր՝ դե ֆակտո վարչապետի ինտենսիվ այցերի և հանդիպումների վերաբերյալ Փաշինյանից բացատրություն պետք է պահանջի առաջին հերթին խորհրդարանական ընդդիմությունը։ Բայց դա նաև հասարակության պարտականությունն է. գոնե նրա այն հատվածի, որը գիտակցում է այդ վտանգը և փորձում դիմակայել դրան։