ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված պատմությունը կարելի է դիտարկել ամենատարբեր տեսանկյուններից. աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, հումանիտար... նույնիսկ էկոլոգիական։ Եվ բոլոր այդ տեսանկյուններից ադրբեջանական կողմը անգամ ոչ թե շրջափակել է Արցախը, այլ առհասարակ պատանդ վերցրել 120 հազար մարդու։ Ահաբեկչական լավագույն ավանդույթներով: Թեպետ, դա ամենևին էլ զարմանալի չէ: Գործողությունների ահաբեկչական մեթոդների նկատմամբ հակվածություն Բաքուն ցուցաբերում է եզակի հետևողականությամբ։ Իրականում զարմացնում է աշխարհի համբերատարությունն ու հանդուրժողականությունը այդ բացահայտ հանցավոր քայլերի նկատմամբ։
Երկուշաբթի օրը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հաջողվեց փրկել արցախյան 120 հազար պատանդներից մեկին։ Ծանր հիվանդին ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Ստեփանակերտի հիվանդանոցից շտապօգնության մեքենայով Լաչինի միջանցքով տեղափոխեցին Հայաստան։ Մնացած բոլոր 119 999 մարդիկ առաջվա պես լիովին մեկուսացված են արտաքին աշխարհից արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակ: Իհարկե, լավ է, որ գոնե մեկին դուրս բերեցին։ Բայց միանգամայն անհասկանալի է, թե ինչու դա արեց Կարմիր խաչը։ Չէի ցանկանա համալրել նրանց շարքերը, ովքեր այս օրերին ինքնամոռաց քննադատում են ռուս խաղաղապահներին։ Սակայն փաստերի հետ չես վիճի: Իսկ դրանք վկայում են այն մասին, որ Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգությունը երաշխավորող ռուս խաղաղապահներն ավելի քան մեկ շաբաթ չեն կարողանում դա անել (երաշխավորել անվտանգ երթևեկությունը), և հարկ է լինում դիմել ԿԽՄԿ-ի օգնությանը։
Այո, հասկանալի է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակում Ադրբեջանի առանցքային խնդիրներից մեկը սադրանքներն են ռուսական խաղաղապահ զորախմբի նկատմամբ։ Բայց հետաքրքիր պատկեր է ստացվում. խաղաղապահներին սադրում են, նրանք համբերատար չեն սադրվում, բայց Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկություն ապահովելու իրենց խնդիրն էլ չեն կատարում։ Զուգահեռաբար զորակազմի հրամանատարությունն արդեն ավելի քան մեկ շաբաթ բանակցություններ է վարում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։ Խոստովանենք, այդ բանակցությունների բուն փաստը դժվար է ինչ-որ բանով բացատրել։ Հնարավոր բոլոր բանակցությունները ամենաբարձր մակարդակով անցկացվել են դեռևս ավելի քան երկու տարի առաջ, ինչի արդյունքում ծնվել է մի փաստաթուղթ, որը կոչվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն։ Համաձայն այդ փաստաթղթի՝ ռուս խաղաղապահները գործարկված են Արցախի անվտանգության և Հայաստանի հետ Արցախի անխափան կապի ապահովման գործում։ Արդեն երկու տարուց ավելի է, ինչ ռուսական կողմը ժամանակ առ ժամանակ ընդգծում է այդ փաստաթղթի բոլոր 9 կետերի խստիվ պահպանման անհրաժեշտությունը։ Եվ արդեն երկու տարուց ավելի է, ինչ երեք կողմերից միայն մեկը՝ Հայաստանն է կատարում և, ի դեպ, գերակատարում փաստաթղթում ամրագրված իր պարտավորությունները։
ԱՅՍՏԵՂ ԻՄԱՍՏ ՈՒՆԻ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԻՇԵՑՆԵԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՏ ԱՌ ԿԵՏ.
1. 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ին հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Այս կետը կոպտորեն խախտվել է Ադրբեջանի կողմից։ Վերջինիս ԶՈՒ ստորաբաժանումները շարունակել են առաջ շարժվել և բռնազավթել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տարածքները։
2. Աղդամի շրջանը վերադարձվում է ադրբեջանական կողմին մինչև 2020թ. նոյեմբերի 20-ը։
Հայկական կողմը կատարել է այդ կետը։
3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներ, 90 միավոր զրահամեքենաներով, 380 միավոր ավտո և հատուկ տեխնիկայով:
Այս կետը կատարել է ռուսական կողմը։
4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման տեղակայման ժամկետը 5 տարի է`հաջորդ 5-ամյա ժամանակահատվածների ինքնաբերական երկարաձգմամբ, եթե Կողմերից ոչ մեկը չի հայտարարում սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ:
Այս կետը նույնպես կատարվել է։
5. Հակամարտության կողմերի կողմից համաձայնությունների կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար տեղակայվում է խաղաղապահ կենտրոն:
Այս կետը կատարվել է, Ադրբեջանի տարածքում տեղակայվել է հրադադարի ռեժիմի մշտադիտարկման ռուս-թուրքական կենտրոն։ Սակայն ադրբեջանական կողմից հրադադարի ոչ մի խախտում կենտրոնը չի արձանագրել։ Համենայնդեպս պաշտոնապես այդ մասին չի հաղորդվել։
6. Հայաստանը կվերադարձնի Ադրբեջանին Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և չի տարածվի Շուշի քաղաքի վրա, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիներին որոշվելու է Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման պլանը, որը կապահովի կապը Ստեփանակերտի և Հայաստանի միջև՝ հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի վերատեղակայմամբ: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների երթևեկության և բեռնափոխադրումների անվտանգությունը Լաչինի միջանցքով:
Հայկական կողմը կատարել է այս կետով նախորոշված իր պարտավորությունները։ Բայց Լաչինի միջանցքի պարագայում ունենք այն, ինչ ունենք։ Իսկ ունենք հետևյալը. նախ՝ ռուս խաղաղապահների վերատեղակայումը ադրբեջանական կողմի պնդմամբ տեղի ունեցավ պայմանավորված ժամկետից շուտ։ Երկրորդ՝ խաղաղապահների կողմից այդ երթուղու պահպանությունն այսօր փոքր-ինչ տարօրինակ տեսք ունի, քանզի երթուղին ավելի քան մեկ շաբաթ չի գործում։ Վերջապես, Ադրբեջանը չի ապահովում Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգությունը։
7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ՝ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:
Այս կետի իրականացման հարցում հայկական կողմը ոչ մի կերպ չի խանգարում ադրբեջանցիներին։
8. Իրականացվում է ռազմագերիների և այլ պահվող անձանց և զոհվածների մարմինների փոխանակում:
Այս կետը ադրբեջանական կողմը չի կատարել, հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Իսկ այ հայկական կողմն Ադրբեջանին է հանձնել նույնիսկ պատերազմից առաջ բռնված մարդասպան-դիվերսանտներին։
9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթևեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները:
Եվ այստեղ էլ հայկական կողմի նկատմամբ դժգոհություններ չեն կարող լինել, քանի որ Երևանը ոչինչ չի արգելափակել, որպեսզի հիմա ապաշրջափակի։ Ապաշրջափակումը ավելի քան 30 տարի Հայաստանի շրջափակումն իրականացնող Ադրբեջանի և Թուրքիայի գործն է։
Այսպիսով, առնվազն տարօրինակ է եռակողմ հայտարարության բոլոր կողմերին կոչ անել պահպանել դրա կետերը, երբ նրանցից մեկը (Հայաստանը) իր պարտավորությունները կատարել է նույնիսկ չափից ավելի։ Իսկ Ադրբեջանը չի կատարել նշված կետերից ոչ մեկը։
Ավելի քան մեկ շաբաթ 120 հազար արցախցիներ պատանդ են վերցված Ադրբեջանի կողմից։ Սա ամենաիսկական ահաբեկչություն է, որի հանդեպ հանդուրժողականությունը պարզապես ապշեցնում է։ Հանդուրժողականություն և՛ ռուսական կողմից, և՛ արևմտյան բոլոր դերակատարների՝ ժողովրդավարության, ազատության ջատագովների և համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարողների կողմից։