Ադրբեջանը պետական հովանավորությամբ է զանգվածային արշավ սկսել․ Մարգարյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում

Ադրբեջանը պետական հովանավորությամբ զանգվածային արշավ է սկսել և խախտել եռակողմ հայտարարության կետը, որի համաձայն՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է կապ լինի Լաչինի միջանցքով։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով նիստ է անցկացնելու Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Ադրբեջանը ժխտում է իր պատասխանատվությունը, կեղծ պատրվակներ բերում։ Ադրբեջանը աշխարհում ժողովրդավարության հարցում ամենացածր վարկանիշներից մեկն ունի, տասնյակ քաղբանտարկյալներ կան Ադրբեջանում, այնտեղ հնարավոր չէ քաղաքացիական ակցիա անել առանց պետական աջակցության»,- ասաց ՀՀ ներկայացուցիչը։

Մարգարյանը շեշտեց, որ Ադրբեջանը ձգտում է մեծածավալ հումանիտար աղետ ստեղծել Լեռնային Ղարաբաղում։ Այս պահին 120 հազար մարդ Ադրբեջանի կողմից պատանդ են պահվում։

«Չնայած խաղաղապահ ուժերի ջանքերին՝ բանակցությունները դեռևս ոչ մի արդյունք չեն բերել»,- նշեց նա։

Հայկական կողմը պահանջում է, որ ՄԱԿ-ը փաստահավաք առաքելություն տեղակայի Լաչինի միջանցքում՝ տեղում գնահատելու մարդասիրական իրավիճակը, և կոչ է անում Անվտանգության խորհրդին իր գործառույթների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և դատապարտել Բաքվի ագրեսիվ գործողությունները, որոնք կենսական վտանգ են ներկայացնում հայ բնակչության համար։

Sputnik Արմենիա