Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ԱՐՑԱԽԸ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԻ ԻՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հայաստանի իշխանությունների՝ Արցախի անվտանգության և բնականոն զարգացման երաշխավորը լինելու կարգավիճակից հրաժարվելու պայմաններում, Արցախի իշխանությունն ինքը պետք է սահմանի իր նպատակները, առաջնահերթություններն ու անելիքները և ըստ այդմ՝ այն ուղղի Հայաստանի տարբեր հասարակական-քաղաքական խմբերին, հավաքական առումով հասարակությանն ու Սփյուռքին։ Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Հասկանալի է, որ պետության բացակայության պայմաններում խնդիրը էականորեն բարդանում է, նկատի ունեմ այն հանգամանքը, երբ ՀՀ իշխանության առկա քաղաքական գծի պայմաններում պետական կառավարման համակարգը մասնակի է արձագանքում Արցախում ստեղծված իրավիճակին, ինչն ակնհայտորեն անբավարար է դրսևորվող վտանգների չեզոքացման համար։

Այստեղ խնդիրը պատասխանատվությունն ամբողջությամբ Արցախի իշխանության վրա բարդելը կամ թողելը չէ, խնդիրն արդեն ասեցի այն է, որ ՀՀ այս որակի ու դիրքի իշխանության պայմաններում, չկա այլ տարբերակ, քան օրակարգի, խնդիրների ձևակերպումն ու ճիշտ ուղղորդումն այն կենտրոնից՝ Արցախից, որը իրադարձությունների էպիկենտրոնն է, տիրապետում է իրավիճակի զարկերակին և նույնիսկ այս ծանր վիճակում համակարգային գործելու պոտենցյալ և ռեսուրս ունի։

Սա նշանակում է, որ Արցախը ոչ միայն պետք է ձևակերպի օրակարգն ու գործողությունների պլանը, այլ հստակ՝ ըստ հասցեատերերի, իջեցնի հանձնարարականներ Հայաստանի ու Սփյուռքի այն կազմակերպված խմբերին, որոնք ունեն կամք և ռեսուրս այս բարդ գործընթացի մեջ մտնելու համար։

Ժամանակը չափազանց քիչ է, պետք է արագ գործի դնել հայկական ներուժի ողջ պոտենցյալը»,- գրել է Աբրահամյանը։

Verelq.am