Կոստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇՏԱՊՈՒՄ Է ՀԱՍՆԵԼ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԹՈՒՐՔԻԱՆ ՆՐԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը դեկտեմբերի 20-ին ռուսական Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» հաղորդման ժամանակ անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակուման փաստին, որ Արցախի Հանրապետության (ԼՂՀ) և Հայաստանի միակ կապող օղակն է:
«Այն, ինչ տեղի է ունենում, հետևանք է 2020 թվականի պատերազմի, այն բանի, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը, փաստորեն, թողել է Ղարաբաղն իր ճակատագրին և դժվարանում է ուղիներ գտնել Ադրբեջանի գործողություններին հակազդելու համար: Վերջինս, իհարկե, այժմ, շտապում է հասնել արդյունքի՝ գիտակցելով իր առավելությունը։ Թուրքիան նրան աջակցում է դրանում։
Ադրբեջանն առաջ քաշեց իր պահանջները: Դրանք վերաբերում են ոչ միայն խաղաղության պայմանագրին, այլ նաև նրան, որ Ադրբեջանի ներքին գործն այն ամենն է, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Ցույց տալով, թե իբր Լեռնային Ղարաբաղ ընդհանրապես չկա։ Կարծես այն երբեք էլ չէր եղել»,-ընդգծել է ՌԴ դումայի պատգամավորը և հավելել. «120 հազար մարդը, որ մնացել է Լեռնային Ղարաբաղում… Այն նրանց հայրենի հողն է։ Անկախ նրանից, թե ինչ են ասում, նրանք կախված են կյանքի ճանապարհից, որը կոչվում է Լաչինի միջանցք։
Իհարկե, կեղծ պատրվակով՝ իբր հանքերի պատճառով շրջակա միջավայրի մասին մտահոգությամբ են այս ճանապարհը փակել այսպես կոչված «բնապահպանները»։ Ընդորում, նրանք հագնում են մորթյա մուշտակներ: Իսկական բնապահպանները մուշտակներով չեն շրջում: Սրանք մի տեսակ դեր են խաղում:
Նրանք հրահրում են մեր խաղաղապահներին, քանի որ խաղաղապահները պարտավոր են՝ առաջին հերթին կանխել ռազմական գործողությունների վերսկսումը, ինչը և անում են, այն իրենց խնդիրն է: Երկրորդ՝ նրանք պարտավոր են ապահովել անխափան հաղորդակցություն։ Սա այսօր խնդիր է, քանի որ ճանապարհը փակ է։ Բնապահպանական պահանջներին հաջորդեցին տարածքի հասանելիության, զննման, անցակետեր տեղադրելու և և մնացած այլ պահանջները»,- ասել է Զատուլինը։
Բանախոսը գտնում է, որ ՌԴ-ն այսօր շատ բարդ երկխոսություն է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ, բայց հիմնահարցը մնում է՝ հիշեցնելով, որ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը նման գործողություններ է ձեռնարկում, որ սեպտեմբերին Հայաստանի տարածքում ռազմական գործողությունների հետևանքով Բաքուն մեկ շաբաթվա ընթացքում խորացել է Հայաստանի Հանրապետության տարածք։
«Նա փորձում է մինչև վերջ սեղմել»,-ավելացրեց Զատուլինը: