Պետք է կանխել Արցախում առողջապահական ճգնաժամը. Ավանեսյանը` ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում տեղաշարժի արգելափակման հետևանքով Արցախում առողջապահական ճգնաժամի վտանգները կանխելու հնարավորությունները: Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ դեկտեմբերի 12-ից առայսօր Ադրբեջանի կողմից փակ է Հայաստանը Արցախին կապող միակ ուղին` Լաչինի միջանցքը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է ԿԽՄԿ-ի հետ համագործակցությամբ Արցախից հիվանդներ տեղափոխելու, դեղորայք և մանկական սնունդ հասցնելու հնարավորությունը:

Նախարարը նշել է, որ ԿԽՄԿ աջակցությամբ Արցախից մեկ պացիենտ է տեղափոխվել Երևան, սակայն այս պահին էլ պահպանվում է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների անհապաղ տեղափոխման անհրաժեշտությունը: Ավանեսյանը ընդգծել է նաև Արցախում բնակչությանը հոգեբանական մասնագիտացված աջակցություն ցուցաբերելու կարևորությունը:

Թիերի Ռիբոն իր հերթին նշել է, որ Ստեփանակերտում ԿԽՄԿ -ն ունի գրասենյակ, որի միջոցով շարունակում է իրականացնել մարդասիրական առաքելություն և պատրաստ է միջնորդել բուժօգնության և դեղապահովման կազմակերպման շուրջ:

Sputnik Արմենիա