Բոբ Մենենդեսը Թուրքիային մեղադրել է հայերին սպանելու գործում Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ
Աթենքի ուղղությամբ «Տիֆոն» հրթիռ արձակելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի սպառնալիքները ոչ միայն անհանգստություն են առաջացնում, այլ բացարձակապես անընդունելի են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը:
Ելույթ ունենալով Սենատի ամբիոնից՝ Մենենդեսը վկայակոչել է դեկտեմբերի 11-ին Էրդողանի ելույթը, որում վերջինս հայտարարել է, որ Աթենքի ուղղությամբ հրթիռ կարձակի, «եթե հույները հանգստություն չպահպանեն»։
Մենենդեսն ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը կոնկրետ քայլեր ձեռնարկելու կոչ է արել, որպեսզի Էրդողանը պատասխան տա Վլադիմիր Պուտինի հետ իր աճող կապերի, ռեպրեսիվ և հակաժողովրդավարական նորմերի ձգտման, մարդու իրավունքների խախտումների և միջազգային իրավունքի մշտական խախտումների համար:
«Որքան էլ դաժան լինի Էրդողանը Թուրքիայում, նրա արտաքին քաղաքականությունը բացարձակապես սարսափելի է․․․Մի բան պարզ է․ ԱՄՆ-ն պետք է լուրջ վերաբերվի նրա գործողություններին․․․Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Էրդողանին իր պահվածքի համար, երբ նա խախտում է միջազգային օրենքները կամ մարտահրավեր է նետում ժողովրդավարական նորմերին կամ էլ թույլ է տալիս իր ուժերին մարդու իրավունքների խախտումներ կատարել»,-ասել է Մենենդեսը։
Մենենդեսը հավելել է, որ ինքը նաև Թուրքիայում ազատ և արդար ընտրությունների կոչ է անում։
«Բայց եթե մարդու իրավունքների խախտումներին դիմակայելը, Ադրբեջանին չզինելու և անմեղ հայ խաղաղ բնակիչների կոտորածը թույլ չտալու կոչը, Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխանությունը ճանաչելու կոչն ինձ դարձնում է Էրդողանի թշնամին, ապա դա նշան է, որը ես կկրեմ պատվով։
Որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ կոչ եմ անում հավանություն չտալ F-16-ի վաճառքին այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի դադարեցրել ողջ տարածաշրջանում ագրեսիայի իր արշավը։
Թուրքիայում վիրավորանքը քրեականացնելուց, խոսքի ազատությունը սահմանափակելուց մինչև այլախոհություն և ընդդիմադիր գործիչների ճնշումներ․ Էրդողանը բանտարկել և լռեցրել է ժողովրդավարության և մարդու իրավունքների համար այնքան շատ մարդկանց, որ ինչ-որ պահի թուրքական բանտերում ավելի շատ իրավաբաններ և լրագրողներ են եղել, քան աշխարհի որևէ այլ վայրում։
Թուրքիայի կառավարությունը շարունակում է փորձել թաքցնել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը՝ հետապնդելով գրողներին ու պատմաբաններին։
2008-ին Ստամբուլի փողոցներում սպանվեց ցեղասպանության մասին գրող լրագրողներից մեկը։
Լեռնային Ղարաբաղում Բաքվի սանձազերծած պատերազմի նախօրեին Թուրքիան Ադրբեջանին վաճառեց 77 միլիոն դոլարի ռազմական սարքավորումներ, որոնք օգտագործվեցին անմեղ հայերի վրա հարձակվելու համար:
Ուստի զարմանալի չէ, որ այս ամռանը Էրդողանը Թեհրանում հանդիպեց Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ, որոնք աշխարհի ամենադաժան բռնապետներից են»,-նշել է նա։
«Մի՛ վախեցեք պաշտպանել ամերիկյան արժեքները՝ Էրդողանի ագրեսիայի ֆոնին։ Միջազգային հանրությանը կոչ եմ անում չհապաղել միջազգային իրավունքը խախտելու համար Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հարցում։ Էրդողանի «Թայֆուն» հրթիռների ստվերում ապրող քաղաքացիներ, մի՛ մոռացեք, որ ԱՄՆ-ն ձեր կողքին է և այն մարդկանց կողքին, ովքեր դեռ հավատում են Թուրքիայի ազատ, ժողովրդավարական ապագային։ Մի՛ հանձնվեք։ Շուտով ձեր քաջության շնորհիվ խաղաղությունն ու բարգավաճումը կվերադառնան ձեր հայրենիք»,-հավելել է նա։
News.am