Փաշինյան․ Պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի առաքելություն ուղարկելու ուղղությամբ
Ես նախորդ նիստում արձանագրեցի մեր հավաքական ջանքերի կարևորությունը Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակելու փաստի միջազգային տեսանելիությունը մեծացնելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք տեսնում ենք, որ ԼՂ շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել: Նախորդ օրը կարևորագույն քննարկում տեղի ունեցավ ՄԱԿ-ի ԱԽ-ում այս հարցի վերաբերյալ: Տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ շարունակում են հստակ գնահատական հնչեցնել ստեղծված իրավիճակին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հստակ գնահատական հնչեցրած բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի և Սփյուռքի այն կազմակերպություններին ու անհատներին, մասնագիտական խմբերին, որոնք ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելիության աճի համար: Մեր միասնական ջանքերն այս ուղղությամբ պետք է ավելի մեծացնենք:
ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա: Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,-ասաց նա:
News.am