Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ՀՆԴԿԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ ԿԱՄ Ի՞ՆՉ ՕԳՈՒՏ ԻՍԿԱՆԴԵՐԻՑ, ԵԹԵ ՎԵՐՋԻՆԻՍ ԹԻՐԱԽԸ ՍԽԱԼ Է ԸՆՏՐՎԱԾ
Վերջին շրջանում Հայաստանի հանրության շրջանում նկատվում է մեծ խանդավառություն Հնդկաստանից մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ զենքի ձեռքբերման կապակցությամբ։ Իհարկե, շատ կարևոր է 44-օրյա պատերազմից հետո ըստ տարբեր գնահատականների մի քանի միլիարդ դոլարի հասնող զենքի կորուստների վերականգնման ձգտումը՝ ցանկացած աղբյուրի պարագայում, թեև տարօրինակ է, որ այդ ուղղությամբ որոշակի ակտիվություն է նկատվում պատերազմից միայն 2 տարի անց։ Ինչև, կցանկանայի կանգ առնել Հայաստանի կողմից սպառազինության ձեռք բերման մի քանի կարևոր ասպեկտների վրա։
- Նախ պետք է նշել, որ Հնդկաստանից սպառազինության ձեռք բերման մասին տեղեկությունները առայժմ զուտ խոսակցությունների մակարդակում են, և ըստ տարբեր գնահատականների՝ դրանց մատակարարումները կարող են տեղի ունենալ ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց, այնինչ մեր անվտանգային մարտահրավերները օրհասական են։
- Հնդկաստանն ինքն է իր սպառազինության մեծ մասը ներմուծում Ռուսաստանից(տես՝ կից ներկայացված պատկերում), իսկ մինչ այդ էլ ԽՍՀՄ-ից, թեև նաև ունի ներմուծված սպառազինության արդյունավետ մոդիֆիկացիայի մեծ փորձ։
- Հայաստանը ունի ՌԴ-ից արտոնյալ պայմաններով, երբեմն էլ անվճար սպառազինությունների ձեռքբերման մեծ հնարավորություններ, ուստի ինչո՞վ է պայմանավորված զենքի մեծաքանակ ձեռքբերումը մի երկրից, որն ինքն է իր զինանոցի հսկայական մասը ապահովում Ռուսաստանից միջազգային գներով սպառազինությունների ներմուծմամբ։
- Եթե ՀԱՊԿ-ը առաջարկում էր Հայաստանին ռազմա-տեխնիկական աջակցություն՝ այդ թվում սպառազինություն տրամադրել անհապաղ՝ ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակից, ապա ո՞րն է այդ առաջարկը մերժելու և երրորդ երկրից անորոշ ժամկետներում և հսկայական գնով զենք ձեռքբերելու իմաստը, երբ դրանց փաստացի ներմուծման պահին Հայաստանը կարող է կանգնած լինի էլ ավելի մեծ ռազմական ու տարածքային կորուստների կայացած փաստի առջև։
- Շատերի ուշադրությունից վրիպեց, որ ՌԴ ամենամոտ դաշնակիցը համարվող Բելառուսը միայն վերջերս, Ուկրաինայի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում, հայտարարեց սեփական տարածքում Իսկանդեր համակարգերի տեղակայման մասին։ Հայաստանին Իսկանդեր «ՏՐԱՄԱԴՐԵԼ» էին դեռ 2015-ին, իսկ Բելառուսում Ռուսաստանը այն «ՏԵՂԱԿԱՅԵԼ» է միայն 2022-ին։
- Այլ հարց է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում այդ զենքը նպատակային չօգտագործվեց․ թշնամու կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումների թիրախավորման, էներգետիկ ենթակառուցվածքները ոչնչացնելու փոխարեն, իսկանդերը գերադասեցին օգտագործել այլ՝ ոչ արդյունավետ ուղղությամբ։
- Իսկ ինչո՞ւ սպառազինության ձեռքբերման հարցում չհամագործակցել հարևան Իրանի հետ, որը տիրապետում է բավականին էժան և էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորման տեսանկյունից Ուկրաինայում իրենց արդյունավետությունը ապացուցած ԱԹՍ-երի։ Իսկ դա ինչպիսի՞ զսպող ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի համար, որը դիրքավորվել է որպես Թուրքիայի և Եվրոպայի փոքր բենզա-գազալցակայան և որևէ սպառնալիք չի զգում իր այդ կարգավիճակի համար։
Խմդիրն այն չէ, թե որտեղից և ինչ զինատեսակներ պետք է ձեռք բերել՝ ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ապահովելու նպատակով։ Խնդիրն այն է, որ դա պետք է անել ցանկացած տեղից և ցանկացած միջոցով, պետք է անել հնարավորինս սեղմ ժամկետներում և ի վերջո պետք է ունենալ կամք և խոհեմություն՝ նույնիսկ առկա զինանոցը առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու և թշնամու անսպառ ախորժակը ժամանակին զսպելու համար։
Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ