ԻՆՉՈ՞Ւ ԵՎ Ո՞ՒՄ ԱՉՔԻՆ ԵՆ «ԲՆԱՊԱՀՊԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ» ԵՐԵՎԱՑԵԼ ՄԵԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Բերձորի միջանցքի արգելափակման հարցի քննարկումը փորձագետները գնահատեցին որպես Ադրբեջանի «լիակատար ջախջախում»: Ճիշտ է, առայժմ անհասկանալի է, թե ինչ կտա Արցախին ու Հայաստանին այդ զուտ բանավոր «ջախջախումը», եթե ճանապարհը շարունակում է փակ մնալ արդեն 11 օր շարունակ։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ քննարկումների արդյունքներով սպասվող հայտարարությունը (կամ բանաձևը) կրելու է խորհրդատվական բնույթ։

Որքան էլ տարօրինակ է, այդ գրեթե միաձայն երգչախմբում (բացառությամբ, իհարկե, Ադրբեջանի ներկայացուցչի) անհասկանալի և տհաճորեն առանձնացավ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևայի ելույթը։ Լիակատար տպավորություն էր ստեղծվում, որ դիվանագետը շատ վատ է ծանոթ այն իրավիճակին, որի մասին խոսում է, և պարզապես թղթից կարդում է ինչ-որ մեկի գրած տեքստը, ընդ որում անում է դա բավական անվստահ։ Մինչդեռ խոսքը քննարկվող իրավիճակում առանցքային կամ այդպիսի դեր կատարող երկրներից մեկի ներկայացուցչի մասին է, որն այդ իսկ պատճառով պարտավոր է երևալ ու հանդես գալ համոզիչ և հստակ։

Բայց գլխավորը տվյալ դեպքում նույնիսկ ելույթի տոնայնությունը չէր։ Ապշեցրեցին Եվստիգնեևայի հնչեցրած հայտարարություններն ու շեշտադրումները։ Այսպես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնից նա հայտարարեց, թե Բերձորի (Լաչինի) միջանցքը մասամբ ապաշրջափակված է, ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Հակառակ դեպքում Ստեփանակերտում չէին մահանա ծանր հիվանդ մարդիկ, որոնց անհրաժեշտ է բուժման տեղափոխել Երևան (ճիշտ է, այդ հիվանդներից մեկին այնուամենայնիվ հաջողվել է տեղափոխել ԿԽՄԿ-ի օգնությամբ)։ Իսկ եթե տիկին Եվստիգնեևան նկատի ուներ ՌԽԶ-ի մատակարարումն իրականացնող բեռնատար շարասյուների երթևեկությունը, ապա դա, կներեք, այլ օպերայից է և բնավ չի նշանակում մասնակի ապաշրջափակում:

Մանավանդ որ իրենք՝ ադրբեջանցիները, որոնց այդքան ջանում էր պաշտպանել Ռուսաստանի ներկայացուցիչը գործողություններին համարժեք գնահատականներից, հենց նույն օրը, հաշված ժամեր անց ցուցադրաբար ապացուցեցին նրա խոսքերի անհամապատասխանությունն իրողություններին։ Մարդիկ, որոնց Եվստիգնեևան քնքշորեն անվանեց «բնապահպան փորձագետներ», փակեցին ռուսական խաղաղապահ ուժերի շարասյան ճանապարհը և թույլ չտվեցին անցնել. արդյունքում շարասյունը ստիպված էր շրջվել և հետ գնալ։ Մոսկվայի կողմից ջանադրաբար և նույնիսկ վախվորած պահպանվող ամոթալի «հավասարության» դիմաց Բաքվի երախտագիտությունը, այսպիսով, իրեն երկար սպասել չտվեց։

Այո, Եվստիգնեևան ԱԽ նիստում ելույթ ունեցող բոլորի հետ միաձայն հաստատեց միջանցքով երթևեկության շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը։ Բայց միևնույն ժամանակ նա հայտարարեց, թե ճանապարհի արգելափակումը պայմանավորված է... «տարածաշրջանի հանքավայրերի շահագործման հարցի շուրջ կողմերի տարաձայնություններով»: Ի՞նչ գրողի տարած «կողմերի տարաձայնություններ»: Ի՞նչ կապ ունի Ադրբեջանն Արցախի ընդերքի մշակման հետ։ Եվ ի՞նչ «հանքավայրերի» մասին կարելի է ընդհանրապես խոսել այդքան լուրջ և բարձր մակարդակում, երբ ակնբախ են Արցախի 120 000 բնիկների բռնի տեղահանման, էթնիկ զտումների և ցեղասպանության փորձն ու սպառնալիքը։

Այնուհետ՝ ավելին: Ռուսաստանյան դիվանագետը հայտնեց, որ «համաձայնեցվում են ադրբեջանցի բնապահպան փորձագետների կողմից Լեռնային Ղարաբաղի հանքերի այցելության պարամետրերը», որից հետո կոչ արեց հայկական և ադրբեջանական կողմերին «զսպվածություն ցուցաբերել և պահպանել եռակողմ պայմանավորվածությունները»: Թե հայտարարություններում նշվածից այդ ինչ չի կատարում հայկական կողմը, մնում է միայն գուշակել։ Վերջում սույն տիկինը բացարձակ անպատեհ պատմեց եռակողմ աշխատանքային խմբի գործունեության մասին, որի նպատակը, ճակատագրի հեգնանքով, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն է։

Անկեղծ ասած, դժվար է մեկնաբանել այս, ուղիղն ասենք, խայտառակ և Ռուսաստանին ոչ վայել ելույթը։ Մանավանդ որ բազմաթիվ ապացույցներ կան, որ Բերձորի միջանցքում որևէ «բնապահպան փորձագետների» հոտ անգամ չի գալիս, որ ճանապարհին տեղակայված են Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները՝ քաղաքացիական հագուստով, ինչպես նաև այդ երկրի իշխանությունների անմիջական ցուցումով գործող չզգեստափոխված զինվորականներ։ Չէ՞ որ բոլորին էլ հասկանալի է, որ առանց պաշտոնական Բաքվի հրահանգի ոչ մի ադրբեջանցի բնապահպանի մտքով անգամ չէր անցնի արգելափակել «կյանքի ճանապարհը»։ Չենք խոսում արդեն այն մասին, որ նրանք այնտեղ պարզապես չէին կարողանա հասնել, քանի որ Արցախի բռնազավթված տարածքներ մտնելու համար հատուկ թույլտվություն է պետք։

Եվ շատ ու շատ այլ հանգամանքներ

ԱԽ նիստում ոչ մի այլ երկրի որևէ ներկայացուցիչ չհիշատակեց «բնապահպանների» և «բնապահպանական խնդիրների» մասին, բացի Եվստիգնեևայից: Բաքվի այդ բլեֆն այնքան անշնորհք է կարած սպիտակ թելով, որ դրա մասին լուրջ խոսելը պարզապես ծիծաղելի է։ Սակայն այս ամենի մեջ կա նաև մեդալի հակառակ կողմը, որն ակնհայտորեն հավանական ահռելի վտանգ է պարունակում Արցախի համար։

Դեկտեմբերի 17-ին շատերն ուշադրություն դարձրեցին Ռուսաստանի պաշտպանության նախարարության հերթական ամփոփագրում տեղ գտած արտահայտությանը՝ կապված խաղաղապահների գործունեության հետ։ «Ստեփանակերտ-Գորիս ավտոմոբիլային ճանապարհին ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 7 պահակետի շրջանում իրավիճակն անփոփոխ է։ Բանակցային գործընթացում ռուսաստանյան խաղաղապահների հրամանատարությունը սպասում է իրավիճակի կարգավորման առաջարկների վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերի պատասխաններին»,- ասվում էր տեղեկագրում։ Դա սաստիկ մտահոգեց փորձագետներին. երկու կողմերին ուղղված այդ ի՞նչ «առաջարկների» մասին է խոսքը, եթե իրավիճակն ակներև է, և լուծումը կարող է լինել միայն մեկը. անհապաղ ապաշրջափակում՝ առանց որևէ պայմանի։

Հիմա ահավասիկ, Եվստիգնեևայի ելույթից հետո ամեն ինչ պարզ դարձավ։ Ռուսական կողմը փորձում է Արցախի իշխանություններից համաձայնություն ստանալ Կաշենի և Դրմբոնի հանքավայրեր ադրբեջանցի «բնապահպան փորձագետների» այցի (այցերի) համար։ Թե ինչով է դա սպառնում Արցախին՝ բացատրելու հարկ չկա։ Թե ինչու է դա անում Մոսկվան, հավանաբար՝ նույնպես։ Քանզի ՌԴ ԱԳՆ-ում շատ լավ են հասկանում Բաքվի շանտաժին և սադրանքներին հերթական անգամ զիջելու բոլոր հետևանքները, բայց, դատելով ամենից, ստիպված են հերթական անգամ զոհաբերել արցախահայությանը՝ ելնելով սեփական շահերից, ընդ որում՝ ոչ միայն զուտ տարածաշրջանային։

Թե ինչպիսին է Ստեփանակերտի արձագանքն այդ «առաջարկին», դժվար չէ կռահել, քանի որ ճանապարհը մինչ օրս բացված չէ։ Բայց որքա՞ն ժամանակ կբավականացնեն պաշարված և աստիճանաբար ջլատվող Արցախի ռեսուրսները։ Մանավանդ որ Մոսկվայի (իմա՝ Բաքվի) առաջարկին Հայաստանի իշխանությունների համաձայնությունը կասկածից վեր է։

Իրավացի են այն փորձագետները, որոնք հավաստիացնում են, որ միջանցքն ի վերջո ապաշրջափակվելու է. հարցը միայն գինն է։ Եթե դրա գինը լինի ադրբեջանցիների մուտքը Ստեփանակերտ, ապա կարելի է, հավանաբար, հրաժեշտ տալ հայկական Արցախին, քանզի նման որոշման հետևանքներն անդառնալի կլինեն։ Եվ եթե մինչ «հաղթական ավարտ» արցախցիներին դաժան շրջափակման քարե պարկում պահելու Բաքվի ձգտումը ոչ մեկին չի զարմացնում, ապա Մոսկվան կարող էր և պարտավոր էր դրսևորել այլ պահվածք. առնվազն՝ արժանապատիվ, չստիպելով սեփական զինվորներին նվաստացումներ ու վիրավորանքներ հանդուրժել, չտրվելով մի ամբողջ ժողովրդի մեծ արյամբ ու ողբերգությամբ շաղախված կեղտոտ շանտաժին։

Ընդ որում՝ կրկին իսկ հարգելով առաջին հերթին սեփական շահերը, բայց համապատասխանելով իր բարձր առաքելությանը և դրա համար ստանձնած պատասխանատվությանը: