Ադրբեջանի ԱԳՆ-ն գռմռացել է՝ Միյատովիչին խորհուրդ տալով «անաչառ լինել»

Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի կոչերի՝ Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ, հայտարարություն է արել, որի բովանդակությունը հանգում է այն բանին, որ ԵԽ հանձնակատարի հայտարարությունը «կանխակալ» է և «չի արտացոլում իրողությունները տեղերում»։

«Ոչ մի խոչընդոտ չկա տեղի բնակիչներին ապրանքներ հասցնելու կամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու հարցում։ Փաստ է, որ վերջին օրերին մի քանի տրանսպորտային միջոցներ, ներառյալ ռուսական խաղաղապահ զորակազմի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենաները, ինչպես նաև հայկական շտապօգնության մեքենաները, անխոչընդոտ անցել են Լաչինի միջանցքով,»,- ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Այսինքն՝ շտապօգնության մեքենայի անցնելը մատուցվում է որպես մեծագույն լավություն։

«Այսպիսով, Եվրոպայի խորհրդի հանձնակատարը հերթական անգամ կասկածի տակ է դրել իր աշխատանքի անկախությունն ու անաչառությունը։ Բացի այդ, հանձնակատարի հայտարարությունը չի նպաստում խաղաղությանը և հանդարտությանը տարածաշրջանում»,- ասել են ԱԳՆ-ում՝ հավանաբար ենթադրելով, որ խաղաղությանն ու հանդարտությանն օգնում է Արցախի 120 հազար բնակիչներին քաղցի ենթարկելը։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հանձնակատարին խորհուրդ են տվել լինել անաչառ, ինչպես պահանջում է նրա մանդատը, և «ձեռնպահ մնալ գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են վնաս հասցնել Եվրոպայի խորհրդի հեղինակությանը»։

Իրականում Եվրոպայի խորհրդի հեղինակությանը հսկայական վնաս է հասցնում Ադրբեջանի մասնակցությունն այդ կառույցին և ԵԽ բավական պասիվ արձագանքը Բաքվի հանցավոր արարքներին։ Նշենք, որ նույնաբովանդակ հայտարարություններով Ադրբեջանի ԱԳՆ-ն ամեն օր, եթե չասենք՝ ամեն ժամ «հետ է մղում» աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների և միջազգային կազմակերպությունների՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու կոչերը։

News.am