Լավրով․ Ռուսաստանը հանդես է գալիս Լաչինի միջանցքը հնարավորինս արագ ապաշրջափակելու օգտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանը հանդես է գալիս Լաչինի միջանցքում հնարավորինս արագ տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու և տարածաշրջանի հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունները լուծելու օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքները։

 


«Մենք դիտարկել ենք Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը, որն այժմ առավել մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Մենք հաստատել ենք, որ ռուս խաղաղապահները բառացիորեն ամեն ժամ աշխատում են համապատասխան կողմերի հետ՝ իրավիճակի կարգավորելու համար։ Մենք կողմ ենք, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի տրանսպորտային հաղորդակցությունը և լուծվեն տարածաշրջանի հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունները։ Թեման հին է, որն եկել է Խորհրդային Միությունից, և, իհարկե, պետք է հնարավորինս արագ լուծել հարցը։ Մենք ելնում ենք նրանից, որ բոլորը պետք է խստորեն կատարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կապված Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ռեժիմի հետ։ Մեր ադրբեջանցի գործընկերները, ինչպես ես եմ հասկանում, նույն դիրքորոշումն ունեն»,-ասել է Լավրովը։

News.am