Միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր անի Լաչինի միջանցքի համար

Միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ ստիպելու Ադրբեջանին լիովին հարգել 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ հեռախոսազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում են գերատեսչությունից։

«Պետք է անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ վերացնելով անվտանգ և անարգել տրանսպորտային հաղորդակցության համար բոլոր խոչընդոտները»,– ասել է Արարատ Միրզոյանը։

ՀՀ արտգործնախարարը կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղումը` հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը վերաբերող հարցերի:

Ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միտված են Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելուն:

Նշենք, որ նույն թեմաներով Արարատ Միրզոյանն այսօր խոսել է նաև Տոյվո Կլաարի և Ֆիլիպ Ռիքերի հետ։

Sputnik Արմենիա