Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ

Ադրբեջանի իշխանությունները մտադրված քայլերով Արցախը տանում են հայաթափման, Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջման՝ 120,000 խաղաղ բնակչությանն ամբողջությամբ մեկուսացնելով արտաքին աշխարհից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, գրել է. 

«Արդեն 12-րդ օրն է` Արցախի շրջափակված լինելու պատճառով, դեղատներում սպառվում է դեղորայքը, մարդիկ զրկված են կենսական անհրաժեշտության իրերից, սննդամթերքից։

Ադրբեջանի իշխանությունները մտադրված քայլերով Արցախը տանում են հայաթափման, Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջման՝ 120,000 խաղաղ բնակչությանն ամբողջությամբ մեկուսացնելով արտաքին աշխարհից։

Սա ադրբեջանական հայատյաց քաղաքականության բաղկացուցիչ մաս է։ Նրանք այս անգամ պարզապես փոխել են մեթոդները և իրենց քաղաքականությունն իրականացնում են իրենց բնապահպան հռչակած, բայց Կառավարության կողմից ֆինանսավորվող մարդկանց միջոցով։

Ադրբեջանի նպատակն Արցախի ժողովրդի մոտ հուսահատության, անելանելիության զգացում առաջացնելն է, ինչը կստիպի մարդկանց, ըստ ադրբեջանական ծրագրի, լքել Արցախը:

Այո, Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի:

Մենք մեզանից կախված ամեն ինչ պետք է անենք` խափանելու համար Ադրբեջանի իշխանությունների ծրագիրը»։

News.am