ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հույս ունի
Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում կողմերի փուլային տեղաշարժի հույս ունի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Ելնում ենք նրանից, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում առաջընթացի հասնելուն կնպաստի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի բոլոր եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձևավորել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների համալիր կարգավորման «ճանապարհային քարտեզը»»,-ասել է նա։
«Մասնավորապես, ակնկալում ենք աստիճանաբար առաջ շարժվել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, հումանիտար խնդիրների լուծումը»,-հավելել է Գալուզինը:
News.am