ՌԴ ԱԳՆ․ Լաչինի իրավիճակը բարդացնում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունները
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման աշխատանքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Անկասկած, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների նախապատրաստությունը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար։ Ակնկալում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով համատեղ աշխատանքի շուտափույթ վերսկսում», - ասել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ փաստաթղթի շուրջ համաձայնության ժամկետն այնքան էլ կարևոր չէ. գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան հասնել փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում։
ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին այնպես, ինչպես դա արձանագրված է հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։
Sputnik Արմենիա