Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մինչև չհստակեցվի Հայաստանի դիրքորոշումը այս հարցում, և մինչև մենք չփոխենք նահանջողական քաղաքականությունը և ազգային-ազատագրական շունչ չտանք, ապա Ադրբեջանն անշեղորեն կատարելու է իր ցեղասպանական ծրագիրը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

 


«Հայաստանում ամենափոքր հայկական համայնքն է, չենք տեսնում այն միասնականությունը, որ տեսել ենք Արցախյան շարժման ժամանակ, ճիշտ ժամանակն է Արցախյան շարժում հայտարարել և սկսել ազգովի աշխատել այդտեղ։ Նորանկախ Հայաստանն այդպես էլ չի ճանաչել Ադրբեջանին որպես ցեղասպանական սուբյեկտ։ Միջազգային հարթակներից Ադրբեջանին որպես ցեղասպանական սուբյեկտ ճանաչելու բանաձևերը հնչել են, իսկ Հայաստանից՝ ոչ»,- նշեց նախկին ՄԻՊ-ը։

Ալավերդյանն անդրադառնալով ՀՀ իշխանության կողմից պարբերաբար առաջ բերվող «խաղաղության օրակարգին», նշեց. «Երբ հիմա խոսում են արհեստածին խաղաղության օրակարգից, մենք հստակեցնենք, որ խաղաղության օրակարգը վրա է հասնում այն ժամանակ, երբ ագրեսոր պետությունը հստակ կանչվում են պատասխանատվության, ընդունում են իրենց հանցագործությունը, ինչից հետո անցնում են խաղաղության օրակարգին»։

Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է Արցախը կտրված է աշխարհից ու Հայաստանից։ Մոտ 120 հազար արցախցի մնացել է շրջափակման մեջ։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։ Ճանապարհի՝ փակ լինելու պատճառով Արցախում հումանիտար ճգնաժամի ռիսկն օրեցօր մեծանում է։ Ամեն օր Հայաստանից 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

News.am