ԱՐՑԱԽԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՄԵԿ ՀԱՐԹԱԿՈՒՄ

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը (ՀՃՈՒ հիմնադրամ) կես դարից ավելի գիտարշավներ է իրականացնում պատմական Հայաստանի ողջ տարածքում՝ հայկական նյութական մշակույթի հուշարձանները վավերագրելու, համակողմանի ուսումնասիրելու և հանրայնացնելու նպատակով: Հավաքված և համակարգված հարուստ արխիվը այսօր բաղկացած է 650,000 պատկերներից, միկրոֆիլմերից, հատակագծերից, քարտեզներից և հարակից այլ նյութերից:

Фонд по изучению армянской архитектуры (ФИАА)

Արխիվի կարևոր մասն է կազմում Արցախի հսկայական պատմա-ճարտարապետական ժառանգությունը, որը վերջերս ձեռք բերեց իր սեփական և ուրույն ինտերնետային հարթակը: «Արցախի պատմական հուշարձաններ», կամ https://artsakhmonuments.org - այժմ այս տիրույթում հնարավոր է ծանոթանալ արցախյան հողի նյութական մշակույթի լավագույն օրինակներին, որոնք ստեղծվել են տարբեր դարաշրջաններում մեր նախնիների կողմից։ Ինչպե՞ս է ստեղծվել կայքը, ինչպե՞ս օգտվել նրանից և այլ հարցերի շուրջ մենք զրուցեցինք ՀՃՈՒ հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Կորթոշյանի հետ։

- Ի՞նչը պատճառ հանդիսացավ կայքը հիմնելու համար:

- Նոր artsakhmonuments.org կայքի նախապատմությունը պետք է սկսել մեր հիմնադրամի armenianarchitecture.am երկլեզու (հայերեն, անգլերեն) հին կայք էջից։ Այն Հայկական հուշարձանների առաջին որոնման համակարգն էր, ստեղծված դեռևս 2004 թ. ՀՃՈՒ հիմնադրամի մի խումբ ծրագրավորողների կողմից՝ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ։ Նշված կայքը արդեն 15 տարի համալրվում է տեղեկություններով ՀՃՈՒ հիմնադրամի հրատարակ­ված գիտական ուսումնա­սիրու­թյունների հիմման վրա: Դրանց կարևոր մասը կազմում են Արցախի հուշարձանները՝ հավաքագրված հուշարձանագետ Սամվել Կարապետ­յանի աշխատությունների շնորհիվ։ Թվային տեխնոլոգիաների զարգացում մեզ կանգնեցրեց նոր խնդրի առջև: Անհրաժեշտ էր կայքի նորացված տարբերակի ստեղծումը, ինչն ավելի կարևոր դարձավ 44-օրյա պատերազմից հետո: Արցախի պատմական հուշարձանների մեծ մասը արդեն վտանգված էր՝ հատկապես քրիստոնեական շերտը, բազմաթիվ հայկական և միջազգային կազամկեր­պու­թյուններ՝ լրատվական, մշակութային, իրավաբանական, հանրագիտարանային և այլն, հետաքրքրվելով Արցախի հուշարձաններով սկսեցին դիմել մեզ Արցախի հուշարձաններին վերաբերող նյութեր խնդրելով։ Այդ նյութերը ավելի արագ մատուցելու համար հիմնականում նրանց ուղորդում էինք մեր հին կայք էջ։ Բայց օգտատերերի ժամանակը խնայելու և ավելի թիրախային դարձնելու համար որոշեցինք նույն որոնման հիմքով ստեղծել ավելի արդիական, նոր տեխնիկական պահանջներին համահունչ և արդեն Արցախի համար հատուկ կայքէջ, որը հայտնի պատճառներով պետք է ունենար նաև ռուսերեն տարբերակ։

- Ովքե՞ր են աշխատել կայքի վրա:

Фонд по изучению армянской архитектуры (ФИАА)

- Այս գործը հաջողացնելու նպատակով, սկսած 2021 թ.-ի սկզբից ես դիմել եմ տարբեր կազմակերպություններ և ի վերջո շնորհիվ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների, ինչպես նաև Բելգիայի թագավորությունում ՀՀ դեսպանության ջանքերին այն ստանձնեց Բելգիայի Ֆլամանդական կառավարությունը՝ նախագահ Ժան Ժամբոնի գործուն մասնակցությամբ։ Ավելի ուշ կայքի որոշ հատվածների հովանավորությունը իրենց վրա վերցրեցին Թուֆենկյան և Ֆորդ հիմնադրամները ի դեմս Թուֆենկյան հիմնադրամի գործառնությունների տնօրեն Գրեգ Բեդյանի։ Կայքի աշխատաքները բաղկացած է երկու հիմնական բաժնից, որոնք ղեկավարում ենք ես և Արմեն Գևորգյանը: Կայքի ծրագրավորման բաժնի իրագործումը վստահվեց հմուտ ծրագրավորողների խմբի՝ գլխա­վո­րու­թյամբ Գրիգորի Դոխոյանի և Արման Զաքարյանի: Կայքը տեղեկատվություններով համալրման բաժնի հիմնական գործը իրականացրել է նախորդ և այս կայքէջի ադմի­նիստրատոր Լիանա Հովհաննիսյանը՝ հիմք ընդունելով ՀՃՈՒ հիմնադրամի եռալեզու հրատա­րակու­թյուն­ները: Գործին օժանդակել են նաև ճարտարապետ Աշոտ Հակոբյանը, արվեստաբան Դիանա Գրիգորյանը և թարգմանիչ Գայանե Մովսիսյանը:

- Ի՞նչ տեսակ աշխատանք է արվել և ի՞նչ է իրենից ներկայացնում կայքը:

- Ինչպես գիտեք, ՀՃՈՒ հիմնադրամում կատարված տարբեր ուսումնասիրությունների արդյունքները մշակվում են և ընթերցողին մատուցվում հրատարակությունների տեսքով: Այս կայքէջի շրջանակներում դրան զուգահեռ կատարվել են հուշարձանների և բնակավայրերի համացանցային թվայնացման աշխատանքներ: Մշակվել են այն սկզբուքները, թե ինչպես հուշարձանը ներկայացնել որպես թվային օբյեկտ, ինչպես դասակարգել ըստ տեսակների, ենթատեսակների, ճարտարապետական հորինվածքների, դարաշրջանների, ինչպես նկարագրել հուշարձանը հաշվի առնելով առկա արձանագրությունները, պատկերաքանդակները և ի վերջո ինչ չափանիշներով կազմակերպել հուշարձանների և բնակավայրերի որոնումը: Հուշարձանը որպես թվային օբյեկտ ամբողջացնելուց հետո ոչ պակաս կարևոր էր նաև կազմակերպել դրա ցուցադրումը կայքէջում: Հասկանալով, որ կայքից օգտվողները կցանկանան ավելի հստակ տեղեկություն քաղել այս կամ այն տեղանվան կամ հուշարձանի վերաբերյալ, որոշվել է պարզ մատուցել գիտական շարադրանքը՝ մեջբերում-աղբյուր սկզբունքով: Օրինակ, եթե բացենք որևէ հուշարձան, կտեսնենք, որ յուրաքանչյուր մեջբերում ունի նաև իր աղբյուրը և այդ բոլոր մեջբերումները խմբավորած են մեջբերման վերնագրի տակ: Լուսանկարները, որոնք հնարավորություն ունենք կցելու հուշարձաններին և տեղանուններին, թվային սահմանափակում չունեն և ժամանակի ընթացքում ավելացվում ու թարմացվում են: Ընդլայնված որոնում բաժնում հնարավոր է հուշարձանը գտնել, օրինակ, ըստ ճարտարապետական հորինվածքի, դարաշրջանի և այլն: Կայքէջում հնարավոր է տեսնել նաև տեղեկատվական ձև տերմինը: Դա հուշարձանի այն բաժինն է, որը մեզ տեղեկություն է հաղորդում հուշարձանի վերաբերյալ՝ նրանց արձանագրություններն են, պատկերաքանդակները, զարդաքանդակները, զինանշանները և այլն: Այսպիսով, հուշարձանի թվային մոդելը կայքում բաղկացած 5 հիմնական մասերից. մեջբերումներ, տեղեկատվական ձևեր, նկարներ, քարտեզ, դուստր-հուշարձաններ (ենթահուշարձան): 

Фонд по изучению армянской архитектуры (ФИАА)

- Ո՞րն է կայքի նպատակը, ի՞նչ խնդիրներ լուծելու համար է այն ստեղծված:

- Ինչպես ասեցի, այսօր բոլորիս հայտնի պատճառներով Արցախի պատմական հուշարձանների մեծ մասը վտանգված է՝ հատկապես քրիստոնեական շերտը։ Դրանց ոչնչացումը հանցագործություն է համաշխարհային քաղաքակրթության դեմ: 2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի արդարադատության դատարանը բավարարեց «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցը և այլ որոշումների հետ մեկտեղ պարտավորեցրեց Ադրբեջանին կանխել ու պատժել վանդալիզմի և հայկական մշակութային ժառանգության պղծման գործողությունները։ Սակայն վերջինիս ղեկավարությունը շարունակում է գործել մշակութակործան քաղաքականության սկզբունքներով: Ուստի այս կայքի նպատակն է ներկայացնել Արցախի հուշարձանների պատմությունը, ճարտարապետությունը և արվեստը, բարձրացնել համամարդկային մշակութային ժառանգության անբաժանելի մասնիկ՝ Արցախի նյութական մշակույթի ժառանգության մասին իրազեկությունը։

- Ինչ խնդիրների եք բախվել են կայքը ստեղծելու ընթացքում:

- Հրապարակման պահից տարբեր հաքերական խմբեր փորձում են կոտրել կայքը, դա մենք տեսնում ենք կայքի տեխնիկական համալրվածության շնորհիվ: Հաքերական հարձակումների հասցեները ևս մեզ համար պարզ են՝ հիմնականում Մոսկվայում են: Հարձակումները եռապատկվել են հատկապես շնորհանդեսի նախորդ և նույն օրը, բարեբախտաբար նրանց չի հաջողվել կայքը կոտրել:

- Կայքը վերջնական տեսք ունի թե՞ բովանդակությունը ընդլայնելու նպատակ կա:

Фонд по изучению армянской архитектуры (ФИАА)

- Կայքի վերջնական վիճակի բերելու համար մեզ անհրաժեշտ էր 3 տարի՝ 6 ամիս կայքի ծրագրավորման համար, որը ավարտված է, և 2.5 տարի նյութերով համալրելու համար: Անցած 6 ամսում կայքը արդեն համալրվել է նախապես հովանավորների խոստացված թվից քառապատիկ չափով: Այս պահին կայքում առկա են 1044 տեղանքից 2782 հուշարձան, 3843 լուսանկար և չափագրումներ։ Ի դեպ hովանավորություն եք ստացել միայն 1 տարվա համար, մնացած երկու տարում նախատեսված մյուս նյութերը շարունակելու ենք տեղադրել մեր հիմնադրամի ուժերով։

- Ի՞նչ լսարանի համար է նախատեսված կայքը:

- «Արցախի պատմական հուշարձաններ» կայքի հիմնական լսարանը Արցախի հուշարձաններով հետաքրքրված ուսումնասիրողներն են՝ ճարտարապետներ, հնագետներ, պատմաբաններ, մշակութաբաններ, վիմագրագետներ և այլն: Նրանք հնարավորություն ունեն ընդլայնված որոնումով հաշված վարկյանների ընթացքում գտնել իրեց ուսումնասիրությունների շրջանակներում անհրաժեշտ տեղեկություններ: Այն կարևոր աղբյուր է նաև Արցախի հուշարձանների պահպանությամբ զբաղվող իրավաբանական, մշակութային, հասարակական, լրատվական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև հուշարձանասեր լայն շրջանակների համար: