ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ։ «Մենք մտահոգություն ենք հայտնում Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։
Ռուսական կողմը, մասնավորապես՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարությունը, շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել իրավիճակի կարգավորման համար։
Ինչպես նշվում է մեկնաբանությունում, հենց ռուս խաղաղապահները առանցքային ներդրում ունեն իրենց տեղակայման տարածքում անվտանգության ապահովման գործում, ինչ մասին այս տարի Սոչիում հոկտեմբերի 31-ին կայացած գագաթաժողովում նշել են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։
«Մեր խաղաղապահների դեմ ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք մենք համարում ենք անընդունելի և կանխամտածված գործողություններ, որոնք շոշափելի վնաս են հասցնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել Երևանին և Բաքվին անշեղորեն հետևել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթներին։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն տվյալ փաստաթղթում նշված նպատակների համար։ «Հուսով ենք, որ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքավայրերի շահագործման հետ կապված հարցում»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Ընդգծվում է նաև, որ ՌԴ ԱԳՆ-ն հանդես է գալիս ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի համապարփակ իրականացման օգտին՝ ուղղված տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը և երկու երկրների հասարակական գործիչների և փորձագետների ու խորհրդարանականների միջև հարաբերությունների հաստատմանը։
News.am