ՀԵՐԹԱԿԱՆ ԶԻՋՈՒՄԸ ԱՆՑՆՈՂ ՏԱՐՎԱ ԱՎԱՐՏԻՆ։ ԱՐԴՅՈՔ ՎԵՐՋԻ՞ՆԸ

Արցախի կառավարությունը «Base Metal» ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Կաշենի և Դրմբոնի հանքերի աշխատանքը։ Արցախի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի և միջազգային այլ մասնագիտական կազմակերպությունների համապատասխան կառույցներին՝ կարճ ժամկետներում հանքավայրերում միջազգային բնապահպանական փորձաքննության անցկացում կազմակերպելու խնդրանքով։ Նպատակը՝ ապացուցել, որ հանքերի մշակման ժամանակ պահպանվում են բնապահպանական բոլոր անհրաժեշտ նորմերը։

ԲԱՔՎՈՒՄ ԱՅՍ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՅԼ ԿԵՐՊ ԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ։ Բաքվում ասում են, որ ոչ մի միջազգային բնապահպանական փորձաքննություն հանքավայրերում թույլ չեն տա անցկացնել։ Եվ որ հանքերի շահագործման միջազգային մոնիտորինգի մասին Արցախի կառավարության հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պարտվածի խրոխտանք. իրականում Բաքուն ստիպեց Ստեփանակերտին դադարեցնել հանքերի աշխատանքը, այսինքն՝ հասավ իր նպատակներից ևս մեկին։

Բաքվում ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արցախի կառավարության այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ կառավարություն է այցելելել Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը։ Իբր՝ վերջինս ստիպել է Լեռնային Ղարաբաղի կառավարությանը այդպիսի որոշում կայացնել ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման թուլացման դիմաց։ Այսինքն՝ միջանցքով Կարմիր խաչի, շտապօգնության և ՌԽԶ-ի հումանիտար ավտոշարասյունների երթևեկությունը թույլ տալու հնարավորության։

Այս մեկնաբանության հետ կարելի է և համաձայնել, մանավանդ որ սովորական երթևեկության համար միջանցքն առաջվա պես փակ է։ Այլ հարց է, որ հանքերի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու Արցախի կառավարության որոշումը բավականին պրագմատիկ է, քանի որ Լաչինի միջանցքի արգելափակման պայմաններում հանքերից հանքանյութ դուրս բերել, միևնույն է, հնարավոր չէ։

Այդուհանդերձ փաստն ակներև է. Իլհամ Ալիևը հերթական անգամ հասավ իր ուզածին։ Առնվազն՝ մասամբ։ Բաքվի վրա միջազգային ճնշման կազմակերպմամբ Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու Փաշինյանի կառավարության փորձերը հաջողությամբ չպսակվեցին, թեև Նիկոլի քարոզիչները շեփորում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ադրբեջանի գրեթե «դիվանագիտական ջախջախման» մասին։ Ինչպես տեսնում ենք, «ջախջախումն» ավարտվեց նրանով, որ զիջումների գնաց ոչ թե Ադրբեջանի, այլ Արցախի կառավարությունը։

Ըստ էության, զարմանալին ոչինչ առանձնապես չկա։ Նիկոլ Փաշինյանի երիտհեղափոխականների կառավարությունը պոպուլիստների դասական կառավարություն է, այսինքն ամպագոռգոռ խոստումների ու հայտարարությունների, բայց բնավ ոչ իրական գործերի կառավարություն։ Առ այսօր նրանք խոստացած ոչ մի բան մինչև վերջ չեն հասցրել, նույնիսկ «նախկինների» դատավարությունները։ Մի՞թե նրանք ի վիճակի են պարտավորեցնել ինչ-որ բան անել Բաքվին ...

Ի դեպ, վերջերս պարզվեց, որ կառավարությունը մինչ օրս չի կատարել նույնիսկ Շուռնուխում նոր թաղամաս կառուցելու իր խոստումը։ Այն նույն Շուռնուխում, որի տարածքի մի մասը Փաշինյանի կառավարությունը սիրահոժար զիջեց ադրբեջանական զորամասերին արդեն 44-օրյա պատերազմի ավարտից հետո։ Զիջեց, ընդգծենք, ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, խախտելով Ալիևի, Փաշինյանի և Պուտինի 9.11.2020թ. եռակողմ հայտարարության այն կետը, համաձայն որի՝ հայտարարության ստորագրումից հետո հակամարտող կողմերը կանգ են առնում զբաղեցրած դիրքերում...