ՀՀ-ն պետք է հայտարարեր՝ խաղաղության պայմանագրի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Արցախի ճանապարհը փակ է. պատգամավոր
Արդեն երրորդ տարին է՝ Արցախում Նոր տարին արտասովոր պայմաններում ենք դիմավորում. այս տարի էլ գտնվելով շրջափակման մեջ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կոչով լուռ քայլերթ արեցինք դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ մեր նահատակների, ցավալին այն էր, որ այդ երթին իշխանություններից ոչ ոք չէր մասնակցում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Մարդիկ տրամադրություն չունեին, Ամանորի զգացողություն չկար։ Փորձեցինք երեխաների համար փոքր-ինչ տոնական տրամադրություն ստեղծել։ Նոր տարվա սիմվոլիկան պահեցինք․ Ձմեռ պապիկը նվերներ բերեց երեխաների համար, թերեւս այսքանով զգացինք Նոր տարվա շունչը»,- պատմեց պատգամավորը։
23-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է եւ արցախցի պաշտոնյան կարծում է, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների կողմից բավարար քայլեր չեն ձեռնարկվում շրջափակումից դուրս գալու համար։
«Բոլորս էլ հասկանում ենք, որ բլոկադան կարող է երկար տեւել, իսկ այդ պարագայում շատ խնդիրներ են առաջանալու։ Հայաստանի իշխանությունների վարքագիծը, կրավորական մոտեցումը մեզ համար ավելի դաժան է, քան միջազգային հանրության արձագանքը։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանություններն այսօր թեւութիկունք կանգնեին ու խնդիր դնեին, որ եթե ճանապարհը չբացվի, ապա դիվանագիտական հարաբերություննեը կխզի եւ խաղաղության պայմանագրի մասին խոսք լինել չի կարող, ապա դա մեզ համար ավելի կարեւոր կլիներ, քան միջազգային հանրության արձագանքը։ Բայց Հայաստանը շարունակում է խաղաղության շինծու օրակարգով առաջ շարժվել եւ պատրաստ է Ադրբեջանին ճանապարհ տրամադրել այն դեպքում, երբ Ադրբեջանը 120 հազար հայ պատանդ է վերցրել։ Հայաստանի այդ հայտարարությունը համարժեք կլիներ այսօրվա իրողություններին։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շահառուն արցախահայությունն է, իսկ կողմերը Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանն են։ Հայաստանը, որն այս իրավիճակը հանգուցալուծելու համար կարող է շատ պահանջներ դնել՝ չի անում։ Արցախի իշխանությունն էլ միջազգային հանրությունից ինչ-որ բան պահանջելու փոխարեն պետք է Հայաստանի իշխանություններից պահանջի, բայց լուռ են, համաձայնվում են Հայաստանի իշխանությունների հետ, այն դեպքում, երբ ներքին կյանքում միասնական քայլերով փորձում են հաղթահարել այ վիճակը, իսկ արտաքին քաղաքականության մեջ կրավորական մոտեցում ունեն Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Պետք է հրապարակայնացնեն այն գնահատականները, ինչ մտածում ես Հայաստանի իշխանություններ վերաբերյալ»,- ասաց Դավիթ Գալստյանը։
Հումանիտար աղետը Արցախում խորանում է. խանութներ կան, որոնք արդեն չեն գործում, մյուսներն էլ կիսադատարկ են։
«Հումանիտար աղետը խորանալու է, կանգնելու ենք սովի առաջ։ Ալյուր, կրուպեղեն, շաքարավազ, ձեթ․ այս ապրանքներից սահմանափակ քանակով են վաճառում, խանութներում հերթեր են առաջանում, իսկ միրգ, բանջարեղեն եւ լայն սպառման այլ մթերքներ այլեւս չկան»,- նշեց պատգամավորը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 23 օր է՝ 120 հազար մարդ մնացել է շրջափակման մեջ։ 1100 խաղաղ բնակիչներ` այդ թվում կանայք, ծերեր եւ 270 երեխաներ, ճանապարհի փակ լինելու հետեւանքով մնացել են Հայաստանում։ Ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Դեկտեմբերի 13–ին էլ Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ին, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ առանց որեւէ նախապայմանի, առանց իրենց կողմից որեւէ զիջումի, Ադրբեջանը վերականգնել է գազի մատակարարումը:
News.am