ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԸ ԿԲԱՎԱԿԱՆԱՑՆԻ ՄԻՆՉԵՎ... ԲԼԻՆՔԵՆԻ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵ՞ՐԸ
«Բնապահպանների» հետ բանակցություններով հարցը չի լուծվում…
«Մենք շարունակում ենք բանակցությունները ապաշրջափակման հարցի շուրջ»,- կրկնում են ռուս խաղաղապահները, մինչդեռ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի մասին կարելի է այդքան երկար բանակցել «բնապահպանների» հետ, երբ հայկական կողմը համաձայնել է նրանց մեկանգամյա այցելությանը հանքավայրեր։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր հերթին հայտարարել է, որ բանակցություններ «գրեթե չկան» և մատնանշել Ստեփանակերտի օդանավակայանի և օդային բեռնափոխադրումների գործարկման անհրաժեշտությունը: Այդ հայտարարությունից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը պետական քաղաքականության մակարդակով հրապարակայնորեն աջակցող Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումների մասին։
Համաշխարհային հանրության համար առավել քան պարզ է, որ խնդիրը բնավ բնապահպանությունը չէ, այլ ցեղասպան պետության հերթական ինքնադրսևորումը՝ 120 հազար հայերի շրջափակման միջոցով, որոնցից 30 հազարը երեխաներ են։ Ավաղ, տեսանելի հեռանկարում այդ հանրությունը կարող է դադարել արձագանքել Բաքվի նկատմամբ պատժամիջոցների և դատապարտման վերաբերյալ հայկական կողմի դիմումներին. չէ՞ որ այդ դիմումների խորապատկերին պաշտոնական Երևանն օդային դարպասներ է բացել Թուրքիայի հետ բեռնափոխադրումների համար։
Հիշեցնեմ, որ խաղաղապահ զորակազմը տեղակայված է Ստեփանակերտից 7 կմ հեռավորության վրա՝ Իվանյան ( Խոջալու) գյուղում, հենց այնտեղ էլ ընթանում են խաղաղապահ զորախմբի ղեկավարության հանդիպումները ադրբեջանցի «բնապահպանների» հետ։ «Բնապահպանների» թեման Ադրբեջանը արդիականացրեց դեռևս դեկտեմբերի 3-ին, երբ մի քանի ժամով փակեց Լաչինի միջանցքը։ Քաղաքակիրթ հանրությունն իրեն հաշիվ է տալիս, որ Ալիևի բոլոր գործողությունների հետևում կանգնած է Էրդողանը, իսկ Փաշինյանը շարունակում է Անկարայի հետ խաղաղ երկխոսության ուղեգիծը, անտեսելով Արցախի շրջափակումը...
Ստեփանակերտում արդեն վաճառքի են հանվել պարենամթերքի ռազմավարական պաշարները, մանկական սննդի դեֆիցիտը մասամբ ծածկում են Կարմիր խաչի մատակարարումները, սակայն Ստեփանակերտում և գյուղերում մեկը մյուսի հետևից փակվում են հացի փռերը, դեֆիցիտ են ծխախոտը, մրգերը, շաքարավազը, բրինձն ու մակարոնեղենը։ Սպառված ապրանքների ցանկն աճում է օրըստօրե։ Հիշեցնեմ, որ հենց ռեժիմի քարոզչամեքենան առաջինը սկսեց տարածել այն սուտը, թե իբր՝ շրջափակումը շուտով կհանվի։ Գազամատակարարման վերսկսումից հետո ցանկալի էր հավատալ, որ 21-րդ դարում նույնիսկ ցեղասպան պետության նախագահը չի կարող իրեն թույլ տալ ողջ աշխարհի աչքի առաջ սովամահ անել 120 հազար մարդու։
Փաշինյանը հունվարի 5-ին անվանեց Ալիևի քաղաքականությունը ցեղասպանություն, շրջափակումը հենց ցեղասպանության քաղաքականության դրսևորում է։ Միջազգային արձագանքը հօգուտ հայերի է, քաղաքակիրթ երկրներն Ալիևից պահանջում են դադարեցնել շրջափակումը և պահպանել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները, իսկ նույն այդ ժամանակ պաշտոնական Երևանը խոսում է Թուրքիայի հետ փոխադարձ օդային բեռնափոխադրումների մտադրության մասին։ Եվ դա՝ չնայած այն ակներև հանգամանքին, որ ցեղասպան պետությունները գործում են միաբան՝ ռեժիմի պարագլխին դրդելով տրամադրել «Զանգեզուրի միջանցքը»։
Բաքվից վստահեցնում են, թե ոչ մի շրջափակում չկա, և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բաց է։ Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումներին Երևանի համաձայնությունը, ըստ էության, կոչված է հաստատելու այդ պնդումները։ Իսկ ադրբեջանական քարոզչությունը փորձում է ապատեղեկատվություն պարտադրել միջազգային հանրությանը, թե իբր՝ Հայաստանից Արցախ ականներ են մատակարարվում...
Ստեփանակերտում սննդամթերքի հետ կապված իրավիճակն ավելի բարդ է, քան գյուղերում, որտեղ ավանդաբար պաշարներ են կուտակել ձմռանը նախապատրաստվելիս։ Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանի անդամներն այցելում են գյուղեր, տեղում ծանոթանում իրավիճակին։ Խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ 4 հանդիպումներից հետո Արցախի Հանրապետության պատգամավորներն ու կառավարության անդամները հանգել են այն եզրակացության, որ ժամանակն է անցնել ավելի վճռական քայլերի, քանի դեռ իրավիճակը չի հասել սովի փուլին։
Միակ հույսը Բլինքե՞նն է:
Միջազգային հանրությունը բացահայտեց Ալիևի ծրագրերը և դատապարտեց էթնիկ զտումների փորձն Արցախում: Պարզ չէ միայն, թե ի՞նչ դեր է Փաշինյանը նախատեսում հատկացնել միջազգային փաստահավաք առաքելությանը։ Ի՞նչ փաստեր է հավաքելու այդ առաքելությունը, երբ աշխարհը լիովին վստահում է Արցախից ստացած տեղեկատվությանը։ Հասկանալի չէ նաև, թե ի՞նչ խնդիր է կատարում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած խումբը, այդ ի՞նչ «հումանիտար որոշումներ» են կայացվում դրա նիստերում։
Հունվարի 5-ին հաղորդագրություն ստացվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հնարավոր հեռախոսազրույցների մասին: Եթե այդ զրույցներից հետո Ադրբեջանը չհանի շրջափակումը, ապա ակնհայտ կդառնա, որ Ալիևը պատրաստվում է նոր ագրեսիայի։
Սեպտեմբերի 13-ի լայնածավալ ագրեսիայից հետո Հայաստանում արևմտամետ ուժերի ներկայացուցիչները խոսում էին այն մասին, թե պատերազմը 3-րդ օրը դադարեցրել Է Պետդեպարտամենտը, ավելի ճիշտ՝ Բլինքենի զանգը։ Դա ասվում էր տպավորություն ստեղծելու նպատակով, թե Ռուսաստանն այլևս ոչինչ չի որոշում և վերջնականապես կորցրել է ազդեցությունն Ադրբեջանի վրա, մինչդեռ հավաքական Արևմուտքը պատրաստ է օգնության ձեռք մեկնել և փրկել Հայաստանը նոր պատերազմից, իսկ Արցախի Հանրապետության հայկական բեկորը՝ էթնիկ զտումներից։ Տեսնենք, թե այս անգամ ինչ կհաջորդի Բլինքենի հեռախոսազրույցներին: Ըստ երևույթին, շրջափակված Արցախում պարենի պաշարները կբավականացնեն ճիշտ մինչ այն պահը, երբ նա կզանգի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին…
Ի դեպ, ԱԱԾ-ն այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե ինչու հայկական կողմը որոշեց ադրբեջանցիներին հանձնել Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ մեռած 10 ադրբեջանցի զինվորների աճյուններն ու 2 քարտեզ, ենթադրաբար՝ 4 դիակների թաղման վայրի նշումով։ Բաքվի կողմից այդ ի՞նչ պատասխան քայլերի դիմաց է հայկական կողմը ձեռնարկել դա, և ո՞ւմ պահանջով է տեղի ունեցել փոխանցումը։ Հարցն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում հենց թեկուզ այն պատճառով, որ աճյունների ու քարտեզների փոխանցմանը անմիջապես հաջորդեց Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակումը։ Մինչդեռ ԱԱԾ-ն գաղտնի է պահում նույնիսկ քարտեզների և աճյունների փոխանցման վայրը…