ԱԿԱՆԱՅԻՆ ԽԱՂԱՔԱՐՏ. ԲԱՔՈՒՆ ՁԳՏՈՒՄ Է ԼԵԳԻՏԻՄԱՑՆԵԼ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ
Արցախի արդեն գրեթե մեկ ամիս շարունակվող լիակատար շրջափակման խորապատկերին Բաքվում որոշել են իրավական հիմք դնել սեփական հանցավոր գործողությունների տակ։ Բնապահպանական բաղադրիչն ակնհայտորեն ձախողվում է, հատկապես հանքերի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու և միջազգային փորձագետներ հրավիրելու Ստեփանակերտի որոշման խորապատկերին։ Բերձորի միջանցքում կանգնած «ակտիվիստների» ցուցապաստառները՝ «Ստոպ էկոցիդին» մակագրությամբ, արդեն այն աստիճան ակնհայտ են հակադրվում Ադրբեջանի կողմից իրականացվող ամենաիսկական ցեղասպանությանը (առնվազն՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի 3-րդ կետի բնորոշմամբ), որ շտապ անհրաժեշտ էր գործարկել այլ հիմնավորում, ցանկալի է հումանիտար բաղադրիչով՝ որպես գլխավոր հաղթաթուղթ։
Եվ Բաքվում որոշեցին դիմել միջազգային դատարան՝ խնդրելով «պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել ադրբեջանական տարածքների ականապատումը և Լաչինի ճանապարհի օգտագործումը Ղարաբաղ ականներ տեղափոխելու համար»։ Հունվարի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, թե «կան նոր ապացույցներ, որ Հայաստանը 2021 թվականից սկսած շարունակում է ականներ տեղադրել ադրբեջանական տարածքներում, և ականներ-թակարդներ՝ տներում», ինչը, իբր, խոչընդոտում է հարկադիր տեղահանված անձանց ընտանիքների վերադարձին իրենց (?) տներ:
ԱԳՆ-ի տվյալներով, 2022 թվականի օգոստոսից Ադրբեջանում հայտնաբերվել է ավելի քան 2,7 հազար ական, որոնք արտադրվել են Հայաստանում 2021 թվականին, և ապացույցներ կան, որ դրանք տեղադրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ «Նշված ականների կեսից ավելին հայտնաբերվել է քաղաքացիական տարածքներում, ուր պետք է վերադառնան ադրբեջանցի հարկադիր վերաբնակները։ Բացի այդ, ականների և այլ սպառազինության տեղափոխման համար բացահայտ օգտագործվում է Լաչինի ճանապարհը, որը նախատեսված է բացառապես հումանիտար նպատակների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այնուհետ Բաքվի ԱԳՆ-ը քաղաքական ցինիզմի և երեսպաշտության գլուխգործոց է ցուցադրում՝ Արցախում տիրող հումանիտար աղետի խորապատկերին հայտարարելով, թե նշված «ականները» «վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի համար» և սպառնալիքի տակ դնում «խաղաղության համաձայնագիրը, որի ստորագրմանը դեռևս հակված է Ադրբեջանը»։ Դատարան դիմելու նպատակը նշված է հետևյալ կերպ. որ Հայաստանը «անհապաղ ձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ օպերատիվ, անվտանգ և արդյունավետ կերպով մաքրելու ականներից այն շրջանները, ուր վերադառնալու է քաղաքացիական բնակչությունը, ականներ և այլ պայթուցիկ նյութեր չտեղադրի քաղաքացիական տարածքներում և դադարեցնի դրա համար օգտագործել Լաչինի ճանապարհը»։
Այս հիրավի շամանական տեքստում կենտրոնացած են միանգամից մի քանի ցուցանշական և փորձագետների ուշադրությանը արժանի կետեր: Պայմանականորեն դրանք կարելի է բաժանել կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների: Առաջինը վերաբերում է Բերձորի միջանցքի ապօրինի արգելափակման իրավական հիմքի ստեղծմանը. ըստ էության, Ադրբեջանը ձգտում է ստանալ Միջազգային դատարանի սանկցիան՝ Արցախի շրջափակումը շարունակելու և իրապես սեփական Հայրենիքում ապրող 120 000 մարդկանց սովամահ անելու համար՝ վկայակոչելով «քաղաքացիական բնակչությանը» սպառնացող ինչ-որ վտանգ, որը դեռևս չկա և դեռ հայտնի չէ, թե երբ կհայտնվի բռնազավթված տարածքներում և ընդհանրապես կհայտնվի, թե ոչ։ Հընթացս նշենք, որ միաժամանակ Բաքուն փորձում է բացատրել այն փաստը, որ բռնազավթումից ավելի քան 2 տարի անց Արցախի տարածքները մնում են չբնակեցված, ինչը հաստատում է քաղաքագետների կանխատեսումներն այն մասին, որ թուրքերը նախատեսում են վերածել դրանք ռազմականացված գոտիների։
Վերադառնանք, սակայն, հիպոթետիկ ականներին, որոնք սպառնում են նույնքան հիպոթետիկ վերաբնակներին։ Ադրբեջանի ԱԳՆ-ը, այսպիսով, հավաստիացնում է, որ Բաքուն չի վերահսկում գրավյալ տարածքները։ Այլապես ինչպե՞ս կարող են հայերն անարգել ներթափանցել և պայթուցիկ սարքեր տեղադրել ավելի քան 2 տարի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, այն էլ այդպիսի քանակությամբ. ավելի քան 2,7 հազար ական։ Կա՛մ Բաքվի ԱԳՆ-ը համեստորեն լռում է այդ տարածքներում տիրող բարդակի և անտերության մասին, ինչը հայերին հնարավորություն է տալիս առանց որևէ խնդրի, հանգիստ և ազատ ելումուտ անել այնտեղ, կա՛մ այդ գերատեսչությունը լկտիաբար ստում է։
Իսկապես, եթե ականային ողջ այդ սանձարձակությունը շարունակվում է, ինչպես պնդում են, 2021 թվականից, ինչո՞ւ «դիվերսանտները» ոչ մի անգամ չեն բռնվել հանցանքի վայրում, ինչը հնարավորություն կտար պաշտոնական Բաքվին հանդիսավորությամբ և խլացուցիչ աղմուկով բացահայտել և կալանավորել չարանենգ հայ պարտիզաններին, որոնք խանգարում են խեղճ վերաբնակներին վերադառնալ և բնակություն հաստատել, ընդգծենք, հենց հայերի կողմից լքված տներում։ Եվ այդժամ այդ բացահայտումներից ցնցված Միջազգային դատարանը միգուցե, բավարարեր Բաքվի խնդրանքը և ստիպեր Հայաստանին մաքրել ու նախապատրաստել այդ տները «քաղաքացիական բնակչության» վերադարձին։
Իսկ նման դեպքերի բացակայության պարագայում որպես ապացույց, ամենայն հավանականությամբ, կներկայացվեն ընդամենը հայկական արտադրության ականների նմուշներ, որոնք, բացի ամենից, իրենց ադրբեջանցի հանցակիցներին միանգամայն կարող են տրամադրած լինել Հայաստանի իշխանությունները։
Իրավական տեսանկյունները, թեպետ, թողնենք իրավաբաններին։ Միանգամայն ակնհայտ է, որ դատարանին հղված այս դիմումը հետապնդում է առաջին հերթին քաղաքական նպատակներ և ուղղված է Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանության և լիակատար շրջափակման լեգիտիմացմանը, ընդ որում՝ միջազգային դատական ատյանի միջոցով։ Ակնհայտ է նաև իրավական դաշտում իրավիճակը հավասարակշռելու Բաքվի ձգտումը, պատասխանելով Եվրադատարանի կողմից բավարարված կամ մասամբ բավարարված հայկական կողմի վերջին մի քանի բողոքներին։ Թե որքանով են հիմնավորված այդ հավակնությունները, ցույց կտան դատարանի գործողությունները, սակայն արդեն այսօր դժվար է չնշել մի շարք փաստեր։
Առաջին հերթին ուշադրություն է գրավում պաշտոնական Երևանի լիակատար լռությունը տվյալ հաղորդագրության առնչությամբ։ Ոչ մի իրավաբան և ոչ մի դիվանագետ մինչ օրս չի մեկնաբանել դա, չնայած Արցախի և Հայաստանի դեմ ճնշման լրացուցիչ լծակներ ստանալու Ադրբեջանի հնարավորության վտանգին։ Չէ՞ որ ակնհայտ է, որ անդադար կրկնելով «Հայաստան»՝ Բաքուն սլաքներն ուղղում է առաջին հերթին Արցախի և Պաշտպանության բանակի վրա, որի լիակատար լուծարմանն Ադրբեջանը, ինչպես հայտնի է, վաղուց է ձգտում հասնել։
Հնարավոր է, որ Երևանում համարում են, թե դիմումն արժանի չէ ուշադրության՝ իր կատարյալ անհեթեթության պատճառով։ Նման դիրքորոշումն իսկապես կարող էր արդարացված թվալ դեռևս 5 տարի առաջ։ Բայց այսօր, հաշվի առնելով ՀՀ իշխանությունների թուրքամետ քաղաքականությունը և Հայաստանի տոտալ բացակայությունը արտաքին բոլոր ճակատներում, այդ թվում՝ տեղեկատվական-քարոզչական, և բոլոր այդ ճակատներում Բաքվի չափազանց ակտիվ աշխատանքը, նման դիմումն, անշուշտ, որոշակի ռիսկեր է պարունակում։
Հատկապես եթե հիշենք Ադրբեջանի ղեկավարության սիրելի կոռուպցիոն սովորույթները, որոնք կարող են և անցյալում բազմիցս կարողացել են անդիմադրելի ազդեցություն գործել միջազգային պաշտոնյաների վրա։
Դժվար է, իհարկե, պատկերացնել, որ Միջազգային դատարանը (ի դեպ, Հաագայի դատարանի մասին է արդյոք խոսքը, թե ոչ, չի նշվում) լեգիտիմացնի Արցախի «կյանքի ճանապարհի» արգելափակումը և դրանով իսկ փաստացի արտոնի 120 000 մարդու ցեղասպանությունը։ Մյուս կողմից, վերջին տարիների դիվական քաղաքական վայրիվերումներն ու աշխարհաքաղաքական շահերի առջև իրենց բացարձակ անզորությունը ցուցաբերող միջազգային իրավական ինստիտուտների ակնհայտ կաթվածահարությունը հնարավոր են դարձնում ցանկացած ելք, հատկապես պատասխանող կողմի անտարբերության և անգործության, իսկ հնարավոր է և՝ նույնիսկ մեղսակցության պայմաններում։