«ՆԱԽԿԻՆՆԵՐԸ» ԿՐԿԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՐԱԽՆ ԵՆ
Վերահսկողություն տարածաշրջանի նկատմամբ՝ հայերի հաշվին. նման միտք կարող էր ծնվել միայն թուրքերի գլխում
Ագրեսորի դեմ 44-օրյա պատերազմում կրած պարտություն, 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագիր, ադրբեջանական զինված ուժերի ներխուժում Հայաստանի տարածք, մինչ օրս տուն չվերադարձած հայ ռազմագերիներ, Արցախի շրջափակում, աճող աղքատություն՝ գների տիեզերական թռիչքի խորապատկերին, և բազմաթիվ այլ բաներ, որ դեռևս 4 տարի առաջ մեր համաքաղաքացիները մղձավանջային երազում անգամ չէին տեսնի. Փաշինյանն ու իր թիմը իրենց իշխանավարման բոլոր աղետալի արդյունքներն առ այսօր բարդել են «նախկինների» վրա։ Բոլոր այն խնդիրները, որոնց բախվել է երկիրը ներքաղաքական և արտաքին քաղաքական դաշտում, տեսեք-տեսեք, խնդիրներ են, որոնք «նախկինները գցել են Նիկոլի գրպանը»։
ՄԻՆՉԴԵՌ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆՊԻՍԻՆ ԵՆ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆԱԼՈՎ ավելի մեծ դժվարությամբ է արդարանում իր վրիպումների, սխալների և ապազգային գործողությունների համար՝ բարդելով դրանք «նախկինների» վրա։ Ակնհայտ է, որ այդ պատճառով էլ նա այս անգամ ասաց այն, ինչը, պետք է ենթադրել, մարդկության պատմության մեջ առ այսօր չի ասել ոչ մի պետության ոչ մի ղեկավար. իբր՝ ինքն այնքան է սիրում իր ժողովրդին ու երկիրը, որ դրանից երբեմն կորցնում է գլուխն ու սխալներ թույլ տալիս։ Դա զմայլելի է:
Մյուս կողմից, այսօր արդեն «նախկինների» թեմայով ոչ մի փաստարկ չի մնացել, որոնք օգտագործելով Փաշինյանը կարող է արդարացնել իր, առաջին հերթին՝ արտաքին քաղաքական ձախողումը։ Նույնիսկ իր երկրպագուների գլուխը չի հաջողվի թլսորել այդ ստով, քանզի ներկայիս իրավիճակին հանգեցրած հիմնական գործընթացները, քաղաքական ու աշխարհաքաղաքական զարգացումները բոլորն էլ վերջին տարիների արդյունքն են։ Իսկ մինչ այդ և՛ աշխարհաքաղաքականությունն էր այլ, և՛ Արցախի վերաբերյալ պայմանավորվածություններն էին այլ հունով զարգանում, և՛ գործում էր ԵԱՀԿ միջնորդական առաքելությունը, և՛ միջազգային մակարդակով բանակցային գործընթացի ընկալումն էր այլ։ Կապակցել այն ժամանակվա իրողություններն ու պայմանավորվածություններն այն ամենի հետ, ինչ կատարվում է այսօր Արցախում, անհնար է։ Ավելին, այսօր հետզհետե ավելի ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանում ժամանակին ծրագրվող աշխարհաքաղաքական փոփոխությունները համառորեն պահանջում էին իշխանափոխություն Հայաստանում, և արդյունքում պետությունը կառավարելու բերեցին մի սուբյեկտի, որը պատրաստ էր բոլորովին նոր խաղ խաղալ։
Թե ով բերեց նրան, այլ հարց է։ Բայց անհնար է ժխտել ընթացիկ իրողությունները. Արևմուտքը ձգտում է «դուրս շպրտել» Ռուսաստանին Հարավային Կովկասից, փոքր-ինչ փոխվել են բուն Ռուսաստանի առաջնահերթությունները խնդիրների առումով։ Արևմտյան ճակատը, Ուկրաինան, ՀՌԳ-ը, ռուս-թուրքական հարաբերությունները հույժ արդիական են, Հարավային Կովկասը՝ արդեն ոչ։ Նույնիսկ Ղազախստանն այսօր ավելի մեծ առաջնահերթություն է Ռուսաստանի համար, քան Անդրկովկասը։ Ռուս խաղաղապահներն Արցախում և 102-րդ ռազմակայանը Գյումրիում. այլ հենակետեր Ռուսաստանը չունի։ Ընդ որում արժե ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչ տեմպերով է Հայաստանում փորձ արվում վերաձևաչափել հասարակական կարծիքը՝ այդ երկու հենարաններից էլ Ռուսաստանին զրկելու նպատակով։
Մինչդեռ վերը նշված ամենը բնավ չի նշանակում, թե Փաշինյանն ու իր թիմակիցները, ամեն կերպ ջանալով պահպանել իշխանությունը, չեն շարունակելու մանիպուլացնել ու զառանցանքներ բարբաջել, փորձելով բարդել սեփական պատասխանատվությունը «նախկինների», իրենց համաքաղաքացիների հանդեպ անսպառ և բնանականությունը մթագնող սիրո, այլմոլորակայինների և այլոց վրա։
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԻՆՉ-ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՎՈՒՄ ԵՆ։ Եվ ճիշտ այնպես, ինչպես արվում են, դրանց պատասխանում է, մասնավորապես, Արևմուտքը։ Ոչինչ չնշանակող կոչերով. մտահոգված են, ապաշրջափակել, և այլն: Մի՞թե այդ բանավոր գնդակախաղի պատճառը հենց այն չէ, որ իրականում բոլորը հասկանում են. խոսքը Ռուսաստանի դեմ կազմակերպված գործողությունների մասին է, Բաքուն ու Երևանը ներգրավված են դրանում, իսկ Արևմուտքը հետևողականորեն ջանում է հասնել իր հակառուսական նպատակներին: Այն աստիճան, որ դժվար թե արժե զարմանալ, եթե վաղը արևմտյան կերպարներից որևէ մեկը Արցախում հայտարարի, թե ռուս խաղաղապահները ձեզ ընդհանրապես օգնող չեն, և պետք է հրաժարվել նրանցից հօգուտ նոր խաղաղապահ ուժերի, ասենք՝ ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի։ Եվ ֆենոմենալ արագությամբ մշակվող միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին ինքն իրեն հարց կտա, թե՝ իսկ գուցե լա՞վ կլինի, որ գան «ուրիշ խաղաղապահներ»։
Սակայն պետք է հասկանալ. ոչ ոք չի գա։ Ռուսներին պետք է դուրս մղել Հարավային Կովկասից, դա արդեն արվում է, իսկ որ դա կլինի Արցախի, Հայաստանի հայերի կյանքի հաշվին՝ Արևմուտքը թքած ունի։
Ինչո՞ւ Ռուսաստանը ուժի կիրառմամբ չի ցրում կեղծ բնապահպանական այդ ավազակախմբին և չի բացում Լաչինի միջանցքը։ Թե՞ դրանում է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու երկրորդ սցենարը։ ՌԽԶ-ի կողմից ուժի կիրառումը ձեռնտու է Ադրբեջանին, Բաքվում ռուս խաղաղապահներից ակնկալում են հենց այդպիսի գործողություններ՝ ուժի կիրառում, որպեսզի շարունակեն սադրանքը։ Մենք նույնպես սպասում ենք դրան, բայց այլ պատճառով. որովհետև ճանապարհը պետք է բացվի, և Ռուսաստանը պարտավորություններ է ստանձնել վերահսկել անարգել երթևեկությունը Լաչինի միջանցքով։ Բայց թե ինչպես դա պետք է անի, ինչ իրավունքներ ունի ռուս խաղաղապահը, կոնկրետ իրավիճակների, սպառնալիքների պարագայում ինչպիսին կլինեն ՌԽԶ-ի գործողությունները, այդ մասին ոչինչ չի ասվել։
Ադրբեջանը, ինչպես հայտնի է, չի հաստատել եռակողմ մանդատը, իսկ Փաշինյանը նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրելիս ոչինչ չի պահանջել վերոնշյալ թեմայով։ Եվ հետո էլ չպահանջեց։ Հետևաբար, ուժ կիրառած ցանկացած ռուս խաղաղապահի կարելի է դատապարտել ու հանձնել միջազգային տրիբունալի, եթե զենքի կիրառմամբ ցրելիս զոհվի թեկուզ մեկ ադրբեջանցի, եթե կարելի է այսպես ասել՝ բնապահպան։ Պետք չէ խելքի ծով լինել՝ կանխագուշակելու համար, որ ադրբեջանցիներն ամեն ինչ կանեն, որպեսզի դա տեղի ունենա։
Թե կատարվող ամենի խորապատկերին ինչպես է դիտվում Հայաստանի և Թուրքիայի ղեկավարության միջև պայմանավորվածությունը ուղիղ ավիահաղորդակցություն բացելու վերաբերյալ, նույնպես պարզ է։ Թուրքերն ի տես ամենքի ցույց են տալիս, որ կարող են ոտքերը սրբել միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, հայկական պետականության վրա, կարող են վերահսկողություն հաստատել տարածաշրջանի նկատմամբ (գուցե հայկական իշխանությունների օրհնությա՞մբ), և չնայած ռուս-թուրքական համագործակցությանը՝ նույնպես մասնակցել Ռուսաստանի դուրսմղմանը Հարավային Կովկասից։
Ներքին սպառման համար ինչո՞վ է արդարացնելու Փաշինյանն այն թակարդը, որի մեջ հայտնվել ենք մենք։ Կրկին կթոթափի իր պատասխանատվությունը «նախկինների» մասին դատարկախոսությա՞մբ, իսկ Արևմուտքը կձայնակցի նրան այդ հարցում։
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ԱԿՆԿԱԼԵԼ ԻՆՉ ԱՍԵՍ։ ԵՎ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄ։ Կրկին իսկ ծրագրված պատերազմ՝ պարտության, Հայաստանի նոր տարածքների բռնազավթման ծրագրավորմամբ. այդ մասին արդեն այսօր զգուշացնում են բազմաթիվ փորձագետներ, որոնք փորձում են հայերի մեջ արթնացնել իրականության զգացումը։
Ընդ որում խոսվում է այն մասին, որ պատերազմն այս անգամ լինելու է ոչ թե տեղային, այլ մասշտաբային, Իրանի ներգրավմամբ, քանզի իրականում հենց նա է գլխավոր թիրախը։ Իսկ ինչ վերաբերում է արգելափակված Լաչինի միջանցքին, ապա եթե հայկական ղեկավարությունը շարունակի խաղը տիկնիկավարների թելադրանքով, ապա փաստ չէ, որ վաղը այն կարգելափակվի ոչ թե «բնապահպանների», այլ թուրք-ադրբեջանական զինվորականների կողմից։
Որտե՞ղ է առհասարակ ծնվել այդ ծրագիրը. Թուրքիայի, թե՞ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբում։ Քանզի պատկերացնել անգամ անհնար է, որ մեկ այլ վայրում, աշխարհի քարտեզի վրա առկա որևէ այլ պետությունում, որոնցից շատերը ճանաչել են ընդամենը մեկ դար առաջ իրականացված Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, միտք հղացած լինեն, որ տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը վերցվի Հայաստանի և Արցախի հաշվին։