ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ «ՏԵՎԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ»…
Ավելի քան 7 ամիս շարունակ հիմնանորոգվում է ճանապարհը (8,5 կմ) Հայաստանի և Թուրքիայի միջև։ Բավական է 40 կմ-ից էլ պակաս ճանապարհ անցնել Երևանից՝ համոզվելու համար, որ անցած ամիսների ընթացքում շինարարությունն առանձնապես առաջ չի շարժվել։
Հիշեցնեմ, որ հուլիսի 1-ին Վիեննայից լուր ստացվեց, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները համաձայնության են եկել Հայաստան կամ Թուրքիա այցելել ցանկացող երրորդ երկրների քաղաքացիներին ցամաքային սահմանն անցնելու հնարավորության ընձեռման մասին։ Հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել էին, որ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն ամենամոտ ժամանակներս:
Հուլիսի 9-ին Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ հետևյալ բովանդակությամբ. «Ծանոթացա ՀՀ պետական բյուջեի միջոցներով Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին»: Գրառումից հետևում էր, որ Փաշինյանն աշխատանքների ընթացքին ծանոթացել է տեղում, իսկ շինարարության ղեկավարները վստահեցրել են, որ ճանապարհի վերականգնումը կավարտվի 2022 թվականի նոյեմբերի վերջին։
2023 թվականի մեկնարկին կարելի է տեսնել անորակ կարկատաններն ասֆալտի վրա, որոնք տեղումների ազդեցության տակ արդեն մերկացրել են կարկատում պահանջող նախկին անորակ շերտը։ Սա միանգամայն սպասելի արդյունք է ԶԼՄ-ների հրապարակումներից հետո, որոնց համաձայն՝ հիմնանորոգման աշխատանքներն ընթացել են մեծ ընդմիջումներով, բանվորներն ամիսներով աշխատավարձ չեն ստացել, մի քանի անգամ բանը հասել է գործադուլների, որոնք դադարեցվել են գումարի մի մասը վճարելուց հետո՝ շինարարական-վերանորոգման աշխատանքների ավարտից հետո բոլոր պարտքերը վճարելու խոստումների խորապատկերին։ Դեկտեմբերի վերջին տեղեկություններ հայտնվեցին, որ բանվորներին պարտք են մի քանի ամսվա աշխատավարձ, և նրանք փող չունեն Ամանորը նշելու համար։
2022 թվականի վերջում ո՛չ Փաշինյանը, ո՛չ կառավարության մյուս անդամները մի բառ անգամ չասացին «դարի շինարարության» մասին, որը կոչված է նպաստելու «տևական խաղաղության դարաշրջանի» մոտեցմանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչմամբ համաձայնագրերի ստորագրման հիման վրա։ 2023 թվականին այս ճանապարհը կպահանջի նոր հիմնանորոգում և նոր հատկացումներ։ Իսկ գուցե բանն այն է, որ Թուրքիայի կողմից հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը նույնպիսի բլեֆ էր, ինչպիսին «տևական խաղաղության դարաշրջանի» գալո՞ւստը՝ Ալիևի 5 սկզբունքների հիման վրա։ Ասենք, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման թեժ պահին Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումներին պաշտոնական Երևանի համաձայնությունն ինքնին խոսուն է։ Ռեժիմի պարագլուխը մտադիր չէ ոչ մի քայլ նահանջել Երևանի և Անկարայի միջև «խաղաղության օրակարգից»։
Ի՞նչ փուլում է հայկական և թուրքական կողմերի հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցային գործընթացը: Ինչո՞ւ այսօր չի խոսվում երկխոսության շարունակության մասին։ Ինչո՞ւ Էրդողանն անկեղծորեն ողջունեց Արցախի շրջափակումն Ալիևի կողմից։ Այնպիսի տպավորություն է, թե Թուրքիայի առաջնորդը նախապես վստահ էր, որ Արցախի վերաբերյալ իր դիրքորոշումը ոչ մի կերպ չի ազդի օդային բեռնափոխադրումների հարցում Փաշինյանի դիրքորոշման վրա։ Նախագահական նախընտրական քարոզարշավի շեմին Թուրքիայի նախագահի խաղաղարար ջանքերը Կիևից և Մոսկվայից այն կողմ չեն ծավալվում, այլ ուղղություններով նա ներկայանում է բացառապես ուժի դիրքերից, փորձելով իր կողմնակիցների ճամբար հրապուրել ազգայնական կազմակերպություններին և խմբերին։
Փաշինյանի շրջապատն ու նրա քարոզչամեքենան նույնիսկ չեն փորձում հետաձգել Բաքվի ու Անկարայի հետ «տևական խաղաղության» թեմայով շահարկումները մինչև ավելի լավ ժամանակներ։ Ընդհակառակը, նրանք բացահայտ հասկացնել են տալիս, որ Արցախի շրջափակումը չի խոչընդոտում դրան։ Այսօր ռեժիմի պարագլուխն ու իր քարոզչամեքենան Արցախի բռնազավթման մեջ մեղադրում են ռուս խաղաղապահներին, մի բառ անգամ չասելով Բաքվից ու Անկարայից բխող նոր ցեղասպանության սպառնալիքի մասին։