Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ԵՎ ԴՈՆՖՐԻԴԸ ԵՎ ԶԱԽԱՐՈՎԱՆ, ՓԱՍՏՈՐԵՆ, ՆՈՒՅՆ ԲԱՆՆ ԵՆ ԱՍՈՒՄ

1994-թ. ի վեր և՛ ԱՄՆ-ն (+կոլեկտիվ Արևմուտքը), և՛ ՌԴ-ն պահանջում էին հայերից զորքերը դուրս բերել Հայաստանի ազատագրված տարածքից, այսինքն՝ պահանջում էին մեզանից կտրուկ իջեցնել մեր անվտանգության մակարդակը դիմացը չստանալով անվտանգության որևէ իրական երաշխիքներ։

Այդ նույն ժամանակահատվածում և՛ ԱՄՆ-ն (+կոլեկտիվ Արևմուտքը), և՛ ՌԴ-ն չէին դատապարտում Ադրբեջանի հայատյաց պետական քաղաքականությունը, որևէ ճնշում այդ ֆաշիստական պետության դեմ չէին կիրառում, ընդհակառակը՝ երկուսն էլ ամեն կերպ ամրապնդում էին Ալիևներին։

2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ո՛չ ԱՄՆ-ն (+կոլեկտիվ Արևմուտքը), ո՛չ ՌԴ-ն ձեռք չմեկնեցին Հայաստանին և ողջունեցին Ն. Փաշինյանի չարդարացված կապիտուլյացիան։

2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր ՀՀ-ի և Արցախի տարածքի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումները, նոր տարածքների բռնազավթումները, ռազմագերիների սպանություններն ու ապօրինի դատավարությունները, ռազմական մյուս հանցագործությունները չփոխեցին ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ ՌԴ-ի ջերմ ու բարյացակամ քաղաքականությունը Բաքվի ֆաշիստների նկատմամբ։

2022 թ. սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձազերծվեց մի նոր իսկական պատերազմ՝ պատճառելով մեզ ծանր կորուստներ։ Բայց Բաքուն դարձյալ չենթարկվեց որևէ ճնշման, էլ չասած՝ պատժամիջոցների ո՛չ ԱՄՆ-ի (+կոլեկտիվ Արևմուտքի), ո՛չ էլ ՌԴ-ի կողմից։

2022 թ. դեկտեմբերի 12-ից ի վեր՝ արդեն մեկ ամիս շարունակ Ադրբեջանն իրականացնում է Արցախի դաժան պաշարումը։ Եվ նորից՝ որևէ իրական ճնշում ո՛չ ԱՄՆ-ի (+կոլեկտիվ Արևմուտքի), ո՛չ էլ ՌԴ-ի կողմից չկա։ Ընդհակառակը՝ և՛ ԱՄՆ-ն, և՛ ՌԴ-ն կոչ են անում ՀՀ-ին, որպեսզի Բերձորի (Լաչինի) միջանցքը բացելու համար ինչ-որ բանակցություններ վարենք Բաքվի հետ՝ այդպիսով, փաստորեն, խրախուսելով Բաքվի ֆաշիստներին Արցախի պաշարումը շարունակելու գործում։ Եթե ուշադիր կարդանք, օրինակ, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարին Դոնֆրիդի և ՌԴ ԱԳՆ խոսնակ Մ. Զախարովայի վերջին, գրեթե միաժամանակ արված հայտարարությունները (https://news.am/arm/news/739093.html և https://news.am/rus/news/739134.html), ապա երկուսն էլ, փաստորեն, նույն բանն են ասում՝ «մենք չենք միջամտելու, դուք ինքներդ հարցը լուծեք», ասել կուզի՝ մենք դեմ չենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակեն Հայաստանի հոշոտումն ու հայերի հայրենազրկումը։

Մի՞թե պարզ չէ, որ Հայաստանի հարցում ՌԴ-ն և ԱՄՆ-ն (+կոլեկտիվ Արևմուտքը) գոնե մինչև այսօր գործում են ինչ-որ գաղտնի պայմանավորվածությամբ (ընթացքում այն երբեմն փոքր-ինչ խմբագրումների ենթարկելով), որի դրույթներն ամբողջովին հակահայկական են։ Թե ինչ կլինի հետագայում՝ ով ում «կգցի» թե չի գցի, պարզ չէ։ Առայժմ ամեն ինչ ընթանում է բավականին սահուն։

Եվ այս ամենից հետո մեզանում կան մոլի «արևմտամետ» և մոլի «ռուսամետ» քաղաքական ուժեր, դեմքեր, ԶԼՄ-ներ, ժուրնալիստներ, բլոգերներ, սովորական քաղաքացիներ... Խելքի՜ աշեցեք։

Հ.Գ. Իսկ որպեսզի նշված գաղտնի պայմանավորվածությունը խախտվի և հայկական շահերը տեղ գտնեն ԱՄՆ-ի և ՌԴ-ի աշխարհաքաղաքական հաշվարկներում՝ Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային գործոն, ինչն էլ հնարավոր է միայն Ազգ-Բանակ հայեցակարգը շուտափույթ կյանքի կոչելու դեպքում։