Ֆրանսիայի ԱԺ նախագահը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

«Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը»,– ասված է հաղորդագրությունում:

Բարձրաստիճան հյուրերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն–Պիվեն Հայաստան է ժամանել երեկ՝ հունվարի 12-ին, Ալեն Սիմոնյանի հրավերով։

Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Վալերի Ռաբոն, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների հարցերով պատգամավոր Անն Ժընըտեն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելը:

Sputnik Արմենիա