Ապահովել հայկական կողմի մուտքը վթարի գոտի․ Թովմասյանը դիմել է միջազգային գործընկերներին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործըներներին` շտապ ապահովել հայկական կողմի մուտքը վթարի գոտի՝ վերականգնելու հոսանքի մատակարարումը Արցախ։

«Մեկ ամսից ավելի է՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է իր էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունն Արցախում՝ փաստացի պատանդ պահելով 120 000 մարդու, որից 30 000-ը՝ երեխա, 20 000-ը՝ ծեր, 9000-ը՝ հաշմանդամություն ունեցող»,– գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանին անպատժելի թողնելու պայմաններում Արցախում խնդիրներն օրեցօր ավելանում են:

«Ադրբեջանի այս հանցավոր քաղաքականության նպատակն է հայաթափել Արցախը։ Դրա վկայությունն է նաև Ալիևի վերջին հայտարարությունը, որ եթե հայերը Արցախում չեն ցանկանա Ադրբեջանի քաղաքացի լինել, միջանցքը բաց է, կարող են գնալ»,– գրել է նա։

Թովմասյանը նշել է, որ Ադրբեջանն Արցախում ստեղծել է հումանիտար արտակարգ իրավիճակ, որի հետևանքով Արցախը հոսանքազրկված է ձմեռային ցուրտ պայմաններում. Հայաստանից սնուցվող միակ բարձրավոլտ գծի Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրվել է վթար: Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հատվածում հնարավոր չէ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ։

Նա հիշեցրել է նաև, որ Ադրբեջանական կողմը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները և խոչընդոտում է նորոգման աշխատանքները։

«Ադրբեջանը արգելափակել է սննդամթերքի, դեղորայքի և առհասարակ բոլոր մատակարարումներն Արցախ, հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից, սննդի պակասի պատճառով փակվել են ավելի, քան 100 կրթական հաստատություններ»,– գրել է պատգամավորը։

Նա նաև հիշեցրել է, որ հազարավոր ընտանիքներ բաժանված են, բազմաթիվ երեխաներ գտնվում են ծնողներից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։

Sputnik Արմենիա