Յաել Բրաուն-Պիվե․ Ֆրանսիան չէ, որ պետք է սահմանի ԼՂ կարգավիճակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանում: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երևանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին, թե Ֆրանսիայի տեսակետից ի՞նչ կարգավիճակ է Լեռնային Ղարաբաղի համար նախատեսելի՝ խաղաղ կարգավորման համար:

 


«Մեր դիրքորոշումը հստակ է, մենք չենք ճանաչել ԼՂ անկախությունը, և կարգավիճակը չպետք է Ֆրանսիայի կողմից սահմանվի: Այն պետք է սահմանվի միջազգային իրավունքի շրջանակներում տարբեր ժողովուրդների կողմից, և մասնավորապես, հակամարտության տարբեր կողմերի կողմից»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ իսկ երբ 120 հազար մարդ շրջափակված է Ղարաբաղում, ի՞նչ է ասում միջազգային իրավունքը, Ֆրանսիայի ԱԺ նախագահն արձագանքեց. «Միջազգային իրավունքն ասում է, որ կա միջանցք, որը պետք է բացվի և որ մարդկանց տեղաշարժը պետք է վերականգնվի»:

Իսկ բլոկադայի վիճակում կարո՞ղ են քաղաքական բանակցությունները շարունակվել, հարցին էլ ասաց. «Այո, ես երկխոսությանը հավատացող մարդ եմ և կարծում եմ՝ երբեք պետք չէ հրաժարվել երկխոսությունից, պետք է գտնել միշտ փորձել գտնել խաղաղ լուծում»:

News.am