ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ՝ 33 ՏԱՐԻ ԱՆՑ. ՄԵԹՈԴՆԵՐՆ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ, ՔԱՆԶԻ ԱՆՓՈՓՈԽ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արցախի շրջափակման 33-րդ օրն է և Բաքվում հայերի ցեղասպանության 33-րդ տարելիցը, որը սկսվեց 1990 թվականի հունվարի 13-ին (այլ տվյալներով՝ 11-ին) ու ձգվեց մեկ շաբաթ՝ մինչև 20-ը։ Շաբաթ, որն ընդամենը հերթական օղակն է Ադրբեջանում, ապա նաև Արցախում հայերի դեմ ցեղասպան գործողությունների հրեշավոր շղթայում, որը սկսվեց 1987թ. դեկտեմբերին հանրահայտ Չարդախլու գյուղում և շարունակվում է առ այսօր՝ «կյանքի ճանապարհի» արգելափակմամբ։ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը սկիզբ դրեց հայերից տարածաշրջանի իսպառ մաքրմանն ու հայկական բոլոր տարածքների զավթմանն ուղղված թուրքական քաղաքականությանը:

արմանալի է, բայց Արցախի շրջափակման առաջին օրերին Բաքվից գաղթած հայերից շատերը գրում էին, որ «Բաքվում էլ հենց այսպես սկսվեց»։ Զարմանալի է, քանի որ ժամանակն ու հանգամանքները միանգամայն այլ են. թվում է, թե համեմատելու ոչինչ չկա: Բայց ապշեցնում է Բաքվի «սև հունվարի» մղձավանջը ժամանակին վերապրած մարդկանց հույզերի բացարձակ, բնազդային մակարդակի հասնող համարժեքությունը։ Քանզի սկզբունքորեն հենց այդպես էլ կա. մենք գործ ունենք նույն անմարդկային երևույթի՝ խեղդելու, կործանելու, ամենաանմարդկային ձևերով սպանելու, նվաստացնելու, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես տառապել ստիպելու ձգտման հետ։

Մենք գործ ունենք Թուրքիայի և Ադրբեջանի մինչև ուղնուծուծը հանցավոր նույն քաղաքականության հետ, որն անփոփոխ ու անշեղ շարունակվում է արդեն ավելի քան 100 տարի, որի նպատակը հայ ժողովրդի պատմական ապրելավայրի աստիճանական, փուլային նեղացումն է՝ բռնի ուժով դուրս մղելու և տարածաշրջանում հայկական հետքը ոչնչացնելու միջոցով։

Обыкновенный геноцид: Баку, январь 1990-го

Այս նպատակին հասնելու մեթոդները, որոնք տարբեր են՝ կախված դարաշրջանից, զենքից, հանգամանքներից ու իրավիճակից, կրկին սկզբունքորեն հանգում են մեկ բանի. բռնության, ծայրահեղ դաժանության և անմարդկայնության։ Դարասկզբի յաթաղանին կարող են փոխարինելու գալ բայրաքթարներն ու ֆոսֆորային արկերը, բայց թուրքերի դեպքում այդ ամենը զուգորդվում է. հայերին գլխատել և դանակներով ու յաթաղաններով անդամահատել են ինչպես 20-րդ դարասկզբին ու դարավերջին, այնպես էլ 21-րդ դարում։ Եվ բնավ պատահական չէ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հենց Ադրբեջանից գաղթած հայերն էին, հատկապես Արցախում ու Հայաստանում բնակվողները, որ մյուսներից ավելի ծանր էին տանում տեղի ունեցող ամենը. չափազանց սուր էր դա հիշեցնում այն իրադարձությունները, որոնք, թվում էր, երբեք չեն կրկնվելու…

... 1988 թվականին Բաքվում ապրում էին ավելի քան քառորդ միլիոն հայեր, որոնք կազմում էին քաղաքի սերուցքն ու ընտրախավը և անջնջելի հետք են թողել դրա նկարագրի վրա: Ընդամենը 2 տարի անց, 1990-ի հունվարին, որը դարձավ ցեղասպանության գագաթնակետը, Բաքվում մնացել էին ոչ ավելի, քան 30-35 հազար հայեր, որոնք հիմնականում տկար, հիվանդ մարդիկ էին և հաշմանդամներ, ինչպես նաև նրանց մասին հոգ տանելու համար մնացած հարազատները: «Սումգայիթի» և «բաքվի» միջև ընկած այդ ժամանակահատվածը, այդ երկու տարիները հենց այն էին, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում. Ադրբեջանի իշխանությունները, այդ հանրապետության բնակչության բուռն աջակցությամբ, կյանքի անտանելի պայմաններ էին ստեղծում հայերի համար, միաժամանակ կամաց-կամաց բնաջնջելով նրանց և ստիպելով լքել հարազատ քաղաքը։

Ինչպես վկայում են բաքվեցի գրեթե բոլոր հայերը, Սումգայիթի ցեղասպանությունից անմիջապես հետո՝ 1988թ. փետրվարի վերջին, մայրաքաղաքում իրավիճակն ահագնանում էր օրըստօրե։ Հայերին զանգվածային կարգով հեռացնում էին աշխատանքից, վիրավորում ու նվաստացնում հիմնարկներում, տրանսպորտում, խանութներում, ԲՇՏ-ներում, ուր դիմում էին փաստաթղթեր ստանալու համար, թքում էին նրան երեսին, ծեծում ու սպանում, վտարում բնակարաններից՝ զավթելով ունեցվածքը և թույլ չտալով վերցնել նույնիսկ փաստաթղթերն ու անձնական իրերը։ «Բաքվում հայերի հունվարյան ցեղասպանությանը նախորդած միայն մեկ տարվա ընթացքում իրենց տներում, աշխատավայրում, փողոցներում «աննկատ» սպանվել է ազգությամբ հայ ավելի քան 60 քաղաքացի, հարյուրավոր հայեր խեղվել են, տասնյակ հազարավորորներ՝ վտարվել»,- այն օրերին գրել է խորհրդային թերթերից մեկը:

«Ցնցում է Ադրբեջանի վայրագությունը»,- 1990 թվականի հունվարի 18-ին իր օրագրում գրել է ռուս բանաստեղծ Դավիդ Սամոյլովը։ Այն մասին, թե ինչ էր կատարվում հունվարյան այդ օրերին «ինտերնացիոնալ» Բաքվում, շատ բան է գրվել և ասվել, և այդ ամենը մինչև հիմա զարհուրելի է հնչում։ Այն մեթոդները, որոնցով սպանում էին անմեղ մարդկանց, այդ թվում՝ տարեցներին, հիվանդներին և հաշմանդամներին, նորմալ մարդու գիտակցությունը հրաժարվում է ընկալել, ճիշտ այնպես, ինչպեսև հայերի հանդեպ հաշվեհարդարի մեթոդները Օսմանյան Թուրքիայում, ավելի ուշ՝ Ադրբեջանում. Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ), գործնականում ամենուր, որտեղ հայեր էին ապրում։ 1988-1992 թվականներին իրականացված էթնիկ զտումների արդյունքում նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնի տեղահանվել է ավելի քան 500 հազար հայ։

Այնուհետ այդ մեթոդները կրկնվեցին Արցախի Մարաղա գյուղում, արձագանքեցին Բուդապեշտում, որտեղ ադրբեջանցի ճիվաղ զինվորականը գիշերը գլխատեց քնած հայ սպային, կրկնվեցին 2016-ի ապրիլին, այնուհետ՝ 2020-ի աշնանը։ Ավելի քան 2 տարի այդ անմարդկային վերաբերմունքի մեթոդները կիրառվում են գերեվարված հայերի նկատմամբ, որոնց ապօրինի և անպատիժ պահում է Ադրբեջանը։ Վերջին ավելի քան 35 տարիների ընթացքում տեղի են ունեցել ոչ միայն ցեղասպանության և էթնիկ զտումների քաղաքականության, այլև իսկական սադիզմի, գազանային դաժանության, կույր ատելության և անմարդկայնության բազմաթիվ կրկնահանցագործություններ, ընդհուպ մինչև homo sapiens-ի կերպարանքի բացարձակ կորուստ։

Ադրբեջանի վայրագությունը շարունակում է ցնցել բառացիորեն առ այսօր, երբ 120 000 մարդիկ ավելի քան մեկ ամիս ապրում են արտաքին աշխարհից իսպառ մեկուսացված և իսկական հումանիտար ճգնաժամ ապրում նույն պատճառով. նրանք հայեր են, որոնք չեն ցանկանում հանձնվել և տալ իրենց Հայրենիքը թշնամուն: Նրանցից 30 հազարը երեխաներ են, որոնք սննդի, դեղորայքի, ջերմության պակաս ունեն, զրկված են կրթական հաստատություններ հաճախելու հնարավորությունից, իսկ ոմանք կտրված են իրենց ծնողներից։

Обыкновенный геноцид: Баку, январь 1990-го

Ակամայից զուգահեռներ են առաջանում նաև արտաքին աշխարհի արձագանքի առումով. 33 տարի առաջ, երբ Բաքվում դժոխք էր տիրում, և հայերին տանջում էին, սպանում ու թալանում միայն ազգային պատկանելության պատճառով, միջազգային հանրությունը սահմանափակվում էր լոկ խոսքերով ու փաստերի արձանագրմամբ։ Այն ժամանակ ԽՍՀՄ-ն էր, այսօր՝ անկախ պետություններ և չճանաչված Արցախ, հայտարարություններն ու կոչերը նկատելիորեն ավելի շատ են, բայց խոսքերից այն կողմ գործը դարձյալ չի գնում։ Այսօր Ադրբեջանը փակում է թթվածինն ու դուրս մղում հայերին Արցախից, ինչպես որ 33 տարի առաջ դուրս էր մղում Բաքվից, ինչպես որ մինչ այդ դուրս էր մղում, վտարում, արտաքսում ժամանակակից Ադրբեջանի կեսմիլիոնանոց հայությանը, որն այնտեղ ապրել է հարյուրամյակներ շարունակ, երբ «Ադրբեջան» նախագիծը դեռ չէր էլ ենթադրվում։

Եթե մենք այսօր դավաճանենք Արցախին, վաղը նրանք նույն կերպ դուրս կմղեն ու կվտարեն մեզ արդեն Հայաստանից։ Եթե ոմանք կասկածում են դրանում, թող լսեն Բաքվի հայերի վկայություններն այն մասին, թե ինչպես իրենք չէին հավատում Ցեղասպանության կրկնությանը և ինչպես հետո դառնորեն զղջացին իրենց կուրության ու միամտության համար։ Եվ թող այդ «ոմանք» մտորեն այն մասին, թե ինչու ենք մենք մշտապես ոտքը դնում նույն փոցխին՝ չցանկանալով ընդունել այն անփոփոխ փաստը, որը չեն թաքցնում իրենք՝ թուրքերը. իրենց պետք են Արցախը, Հայաստանը և ողջ տարածաշրջանն առանց հայերի։ Քանի՞ անգամ պետք է Էրդողանն ու Ալիևը կրկնեն դա, որ հասնի բոլոր հայերի ուղեղին։

Իսկ բացի այդ, վատ չէր լինի մտորել այն մասին, որ Ադրբեջանի, ինչպեսև 100 տարի առաջ Թուրքիայի անպատիժ մնալը հանգեցրեց ցեղասպանության շղթայի անվերջանալիությանը։ Անպատժելիություն, որը մենք՝ հայերս, թույլ տվեցինք, համարելով, թե ամեն ինչ անցյալում է, և նման բան այլևս չի կրկնվի։ Կրկնում է, և էլի կկրկնվի, եթե չհասկանանք վերջապես, որ միայն դիմադրությունն ու միայն պայքարը կարող են կտրել այդ իսկապես վայրի ու սարսափելի շղթան, ինչպես դա մեկ անգամ արդեն եղել է մեր պատմության մեջ։ Դա տեղի ունեցավ, քանի որ մենք հավատացինք սեփական ուժերին, կռվեցինք և հաղթեցինք:

Բաքվում հայերի ցեղասպանության 33-րդ տարելիցը, ինչպեսև Սումգայիթում ցեղասպանության 35-րդ տարելիցը պետք է լինեն ոչ միայն հիշատակի և անմեղ զոհերի ոգեկոչման ու սգո օրեր: Ներկա պայմաններում, երբ հարցականի տակ է դրված Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի բուն գոյությունը, պատմական հիշողությունը պետք է դառնա ահազանգ, թույլ չտալով, որ աղետը կրկնվի։ Ահազանգ, որը կոչում է պայքարի, դիմադրության. նաև հանուն բոլոր նրանց հիշատակի, ովքեր դաժանորեն տանջամահ են արվել իրենց տանը և իրենց քաղաքում, կամ զոհվել ռազմի դաշտում:

Այդ թվում՝ հանուն այն սպանված բաքվեցի հայերի հիշատակի, որոնց թիվը մինչ օրս անհայտ է։ Հայ ժողովրդի, մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործություններին պետք է վերջ տրվի, և դա կարող ենք անել միայն մենք՝ այն ժողովուրդը, որի համար ցեղասպանության դարն առայժմ լոկ շարունակվում է։

Վավերագրական ֆիլմ «Սովորական ցեղասպանություն. Բաքու, 1990-ի հունվար»: