Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔ ՀԱՅԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՆՀՆԱՐ Է
Ադրբեջանում հայերի թողած միայն տների ու բնակարանների քանակը մոտ 1000–ով ավելի է ամբողջ Հայաստանը, Արցախն ու ազատագրած տարածքները լքած ադրբեջանցիների քանակից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին մարդու իրավունքների պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով բռնի տեղահանված հայերի վերադարձի հավանականությունը Ադրբեջան։
Այս թեման արդիական դարձավ այն բանից հետո, երբ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» անվամբ կազմակերպությունը հայտարարեց, թե պայքարելու է ադրբեջանցիների Հայաստան վերադարձի համար։ Ավելի ուշ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ այս պարագայում պետք է խոսել հայերի` Բաքու և Սումգայիթ վերադարձի մասին։
Այդ տներ և ընդհանրապես Ադրբեջանի տարածք հայերի վերադարձը Լարիսա Ալավերդյանն անհնար է համարում` հիշեցնելով Ադրբեջանում պետականորեն վարվող հայատյաց քաղաքականությունը։ Նա ընդգծում է, որ դեռևս 1951 թվականի փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայում նշված է վերադարձի իրավունքի մասին, սակայն դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ այդ երկիրը և իր քաղաքացին վտանգ չեն ներկայացնի վերադարձողի համար։
«Հայաստանում ի սկզբանե մի պաշտոնական քաղաքականություն էր որդեգրված, որը հիմնականում բռնի տեղահանվածների սոցիալական և հումանիտար կարիքներն էր հոգում։ Փաստը հետևյալն է` մեզ մոտ ոչ թե հասարակ փախստականներ են, որոնք վտանգներից կամ վախից ելնելով են փախել, այլ մարդիկ են, որ իրենց բռնի տեղահանել են, այդ բռնի տեղահանման ժամանակ հարյուրավորների սպանել են»,–ասաց Ալավերդյանը։
Ըստ նրա` անգամ Ադրբեջան վերադարձի անհնարինության պայմաններում, Հայաստանում պետք է լինի հատուկ մարմին, որտեղ հստակ կշեշտվի փախստական տերմինը։ Սակայն այսքան տարիների ընթացքում նման կառույց չի ստեղծվել, թեպետ նմանատիպ գործառույթ իրականացնում է միգրացիայի վարչությունը։ Ու սա վկայում է այն մասին, որ փախստականների խնդիրը երբեք չի դիտարկվել որպես պետական խնդիր։
Ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանում փախստականների հարցերով հատուկ մարմին կա (պետական կոմիտ–խմբ), որտեղ ղեկավար է ընտրված փոխվարչապետը` այսինքն` բարձր պաշտոն զբաղեցրած մարդ։
«Ինձ համար մութ է մնացել, թե ինչու Հայաստանը կարևորություն չի տվել փախստականների հարցին։ Իհարկե, հայերի վերադարձն այնտեղ հնարավոր չէ, բայց մենք այլ հարցերի ենք գնում։ Ժամանակին փախստականների և միգրացիայի վարչության պետը ՄԱԿ-ում և այլ մակարդակներում հնչեցրել է, որ կան այլ իրավունքներ` փոխհատուցման, ինստիտուցիայի և այլն, սակայն դա այդպես էլ չի դարձել օրակարգի հարց որևէ հաստատությունում»,–նշեց իրավապաշտպանը` հավելելով, որ ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր էր 30 տարիների ընթացքում միջազգային մակարդակում հասնել փոխհատուցման։
Այստեղ բացթողումը, ըստ Ալավերդյանի, նորանկախ ՀՀ–ում իրար հաջորդող իշխանությունների անտարբերությունն է եղել այդ հարցին։ Իսկ Սովետական Հայաստանի Գերագույն խորհուրդը բնութագրել է Բաքվի ջարդերը որպես ցեղասպանություն և պահանջել Կենտկոմին պատժել ոչ միայն կատարողին, այլև կազմակերպիչներին։
«Դա բավականին մեծ արժեք ունեցող փաստաթուղթ է։ Ինչքան պնդեցինք, որ նորանկախ Հայաստանի Գերագույն խորհուրդը կամ հետագայում ԱԺ–ն ընդունի նման որոշում կամ հայտարարություն, չհասանք դրան։ Այսինքն` ՀՀ–ում իրար փոփոխող իշխանությունները դեմ էին, որ մենք դիտարկենք Ադրբեջանի գործողությունները որպես ցեղասպանական գործողություններ, ինչը կբերեր բոլորովին այլ դաշտ, կլիներ մեծ հնարավորություն թե՛ փոխհատուցում ստանալու, թ՛ե խոսելու այլ ձևերի մասին»,–ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը, որ Ադրբեջանից բռնագաղթված հայերի մարդահամար ու նյութական վնասների հաշվարկ է իրականացվում, Ալավերդյանը նշեց, որ այդ հաշվարկն իրականցվել է դեռ տարիներ առաջ ՀԿ–ների, ինչպես նաև ի սկզբանե սովետական դատախազության կողմից, սակայն Հայաստանի իշխանությունների անհետևողական վարքագծի հետևանքով որևէ արդյունք նաև այստեղ չի գրանցվել։
Այսօր, ըստ Ալավերդյանի, որևէ իմաստ չունի նման հաշվարկներ իրականացնելը, քանի փախստականների մեծ մասը վաղուց լքել է Հայաստանը։ Այսօր ՀՀ–ն մի անելիք ունի այդ մասով` գույքագրել այն, ինչ տեղի է ունեցել 2020 թվականի պատերազմի արդյունքում, սակայն ո՛չ Շուշի, ո՛չ Հադրութ տեղանունները չեն հնչել վարչապետի կողմից։