ԱՐԱ ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՍ

«Կմեռնենք, բայց մեր Հայրենիքում կմնանք»,- ասում է Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Մեռնել բնավ պարտադիր չէ, բայց իրավիճակն իսկապես ծայրահեղ է։ «Հայաստանն ու հայ ժողովուրդը այլ ընտրություն չունեն, քան պատրաստվել նոր ագրեսիայի և դիմակայության»: Այս արտահայտությունը մենք վերցրել ենք իշխանամետ քարոզչական մի պարբերականից։ Այսինքն նույնիսկ այնտեղ արդեն գիտակցում են, թե ինչ փոսի մեջ է գցել մեզ Նիկոլ Փաշինյանի «խաղաղ օրակարգը»՝ այդ ուտոպիայի հեղինակի գլխավորությամբ։

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ. ի՞նչ անել։ Ինչպե՞ս դուրս գալ ճգնաժամից և դիմակայել թուրք-ադրբեջանական համակարգված ճնշմանը։

Անկախ Հայաստանի ամենաերևելի քաղաքական գործիչներից մեկի՝ Վահան Հովհաննիսյանի բախտը բերեց. նա մահացավ Հայաստանի պարտությունից դեռ շատ առաջ։ Նա չտեսավ պարտությունը, չտեսավ իր զինակիցների ու ընկերների նոր շիրիմները Եռաբլուրում, չտեսավ այսօրվա խայտառակությունը, հեռացավ հաղթած։ Վահան Հովհաննիսյանն ուներ մի սիրելի արտահայտություն, որն իր արմատներով գալիս է Հին Հռոմի պատմությունից, իսկ ավելի ուշ անցած դարի ռուս գեներալներից մեկի կարգախոսն էր։ «Արա այն, ինչ պետք է անես, և ինչ լինելու է՝ թող լինի»: Նշանաբանն անփոխարինելի է այն իրավիճակներում, որոնք անհույս փակուղային են թվում:

Հայաստանն ու Արցախը փակուղուց դուրս բերել հնարավոր է միայն մեկ ժողովրդի երկու պետությունների դիմադրողականության աստիճանը նոր մակարդակի բարձրացնելով։ Այլ հարց է, որ իշխանությունը դա անել մտադիր չէ։ Իշխանության մարտավարությունն է՝ հանձնել աստիճանաբար, որպեսզի երկար բավականեցնի, առանց իր համար ռիսկի:

Իշխանությունը չի անում այն, ինչ պետք է անի, սա է գլխավոր խնդիրը, բոլորն էլ դա հասկանում են։ Հետևաբար, իր պարտավորություններից ավելին պետք է անի ընդդիմությունը։ Հանձն առնի հայկական ողջ ռեսուրսի մոբիլիզացման գործառույթը, որպեսզի յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր հասարակական կամ այլ կազմակերպություն իմանա իր կոնկրետ խնդիրը, թե հատկապես ինչ պետք է անել Արցախին ու Հայաստանին աջակցելու, Ադրբեջանին դիմակայելու համար։ Հայությունն ունի հսկայական կադրային ներուժ, որի գործարկումն այսօր գրեթե զրոյական է։

Այո, մտահոգ իշխանությունը կխանգարի՝ ինչպես կարող է, բայց «Դիմադրություն» շարժման առաջնորդները պետք է նորից ոտքի կանգնեն։ Ամենամեծ հիմարությունը հուսահատվելն է, պետք է ճեղքել «Քաղաքացիական պայմանագրի» կառուցած անտարբերության պատն այնքան, որքան հարկ լինի, համազգային դիմակայության շարքերում ներգրավելով նոր մարդկանց։

Ժամանակն է, որ ընդդիմությունը հանդես գա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրենսդրական նախաձեռնությամբ։ Իշխանությունն, իհարկե, կտապալի։ Բայց բոլորը, ողջ աշխարհը՝ սկսած Ալիևից և վերջացրած ՄԱԿ-ով, պետք է իմանան, որ այդ հարցը օրակարգում է, և մենք հասնելու ենք դրա դրական լուծմանը հնարավոր բոլոր օրինական ճանապարհներով, ի հեճուկս իշխանության մոտեցումների, որը որդեգրել է «Մեր ուժը մեր թուլության մեջ է» լևոնական թեզը։

Եվս մեկ թեմա։ Ի՞նչն է ավելի կարևոր. «Քաղաքացիական պայմանագրի» սպեկուլյատիվ-բաժակաճառային հայտարարություններն այն մասին, թե ինչպես են իրենք հերոսաբար պաշտպանում հանրապետության «ինքնիշխանությունը» Մարիա Զախարովայի, Մարգարիտա Սիմոնյանի կամ հենց Սերգեյ Լավրովի «ոտնձգություններից», հայտարարություններ, որոնց աղմուկի տակ հանձնվում է հնարավոր ամեն ինչ, թե՞ Հայաստանի ու նրա քաղաքացիների իրական անվտանգությունը։ Եթե կարևորը իրական անվտանգությունն է, ապա արդիական է այն հարցը, որ հայ-ադրբեջանական սահմանը նույնպես լինի հայկական ստորաբաժանումների և Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի համատեղ հսկողության ներքո, ինչպես հայ-թուրքական սահմանը։ Նման օրենսդրական նախաձեռնությունը նույնպես պետք է բխի ընդդիմությունից։

Վերջապես, խոսելով հնարավոր օրենսդրական նախաձեռնությունների մասին, արդիական է Հայաստանի և Արցախի կենսաթոշակային տարիքը չբոլորած բոլոր չափահաս քաղաքացիների համար պարտադիր կանոնավոր զինվորական պատրաստականության և վերապատրաստման հարցը։ Համենայնդեպս՝ այնքան ժամանակ, քանի դեռ վերջնականապես չի կարգավորվել Հայաստանի և Արցախի հակամարտությունն Ադրբեջանի հետ։

Սփյուռքի կառույցները պետք է առաջատար տեղերից մեկը զբաղեցնեն համազգային դիմադրության կազմակերպման գործում։ Այո, իշխանություններն այդտեղ էլ կխանգարեն, բայց Սփյուռքի ակցիաները պետք է նոր մասշտաբ ձեռք բերեն։ Հայաստանի դեսպանատների առջև՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ադրբեջանի դեսպանատների առջև՝ հիշեցնելով աշխարհին, որ հարևան երկրի ղեկավարը մարդասպան բռնապետ է։ Սփյուռքում ակցիաներ պետք է տեղի ունենան նաև տվյալ երկրի իշխանության կառույցների առջև՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու և Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով, որպես ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում հայապահպանության միակ ճանապարհ։ Սփյուռքի ակցիաներ անհրաժեշտ են նաև միջազգային կառույցների, առաջին հերթին ՄԱԿ-ի առջև՝ Լեռնային Ղարաբաղը ՄԱԿ-ի կառավարման տակ վերցնելու, ռուսական խաղաղապահ զորախմբին կամ միջազգային խաղաղապահ զորակազմին միջազգային ուժեղ մանդատ տալու պահանջով։

Սփյուռքը կարող է և պետք է ողջ աշխարհին ստիպի միջազգային օրակարգի առաջնային խնդիրներից մեկը դարձնել Արցախի հարցը։ Սակայն այս և այլ խնդիրների լուծման համար, եթե ոչ իշխանությունը, ապա հասարակությունը, Եկեղեցին և առաջին հերթին ընդդիմությունը պիտի անեն այն, ինչ պետք է։