Արա Դարզի․ Արևմուտքը պետք է ավելին անի հայոց հերթական ցեղասպանությունը կանխելու համար

Լեռնային Ղարաբաղը, որտեղ ապրում է 120 000 հայ, փաստացի շրջափակման մեջ է այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ քաղաքացիական հագուստով ադրբեջանցիների խումբը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ միակ ճանապարհը, որը կապում է տարածքը արտաքին աշխարհի հետ: Այս մասին Times-ի համար իր հոդվածում գրել է Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական ոլորտում նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին։

Նա նշել է, որ, որպես բրիտանական խորհրդարանում առաջին հայ, անձամբ շահագրգռված է այս իրավիճակի լուծմամբ։ «Ես ծնվել եմ Իրաքում՝ 1915 թվականի ցեղասպանության հետևանքով փախստական դարձած հայերի ընտանիքում, երբ օսմանցիները կոտորեցին ավելի քան մեկ միլիոն էթնիկ հայերի: Ես դիտել եմ վերջին իրադարձությունները սարսափի աճող զգացումով, որ պատմությունը կարող է շուտով կրկնվել»,- նշել է նա:

«2020 թվականին թուրքական աջակցությամբ Ադրբեջանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղ ստիպել է 90 000 հայերի լքել իրենց տները՝ փրկվելով էթնիկ զտումների սպառնալիքից։ 2020 թվականի նոյեմբերին հաստատված հրադադարի ռեժիմը բազմիցս խախտվել է։ Անցյալ տարվա սեպտեմբերին ադրբեջանական զորքերը հատել են սահմանը և երկու օրում սպանել ավելի քան 200 հայերի, հիմնականում՝ զինվորների։

Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտել է միջազգային հանրությունը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան և ԵՄ-ն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «անընդունելի է խաղաղ բնակչության համար խնդիրներ ստեղծելը», սակայն հերքել է խաղաղապահ ուժերի հասցեին քննադատությունը։

Հիտլերը 1939 թվականին Լեհաստան ներխուժելու նախօրեին, ծրագրելով Եվրոպայի հրեական բնակչության ոչնչացումը, ասել է. «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»։ «Եթե մենք, որպես միջազգային հանրության անդամներ, չգոռանք ցեղասպանության բռնության մասին, որտեղ էլ որ այն տեղի ունենա, դրա մեղավորները կլկտիանան, և արատավոր շրջանը կշարունակվի»,- նշել է Դարզին։

News.am