Մայքլ Քարփենթեր․ ԱՄՆ-ն լրջորեն մտահոգված է, որ Լաչինի միջանցքն արդեն 30 օրից ավելի փակ է

ԱՄՆ-ն լրջորեն մտահոգված է, որ Լաչինի միջանցքը փակ է արդեն ավելի քան 30 օր, ինչը Լեռնային Ղարաբաղում պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների սուր պակաս է ստեղծում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը՝ պատասխանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթին։

«Այս փաստերն անվիճելի են։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել անարգել տարանցումը՝ նախկինում ստանձնած պարտավորությունների համաձայն, որոնք հստակորեն ներառում են երաշխիքներ, ինչպես Դուք մեջբերեցիք, «Լաչինի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգության համար»։ Լաչինի ճանապարհով մասնավոր և առևտրային տրանսպորտային միջոցների երթևեկության շարունակական խախտումը կարող է լուրջ հումանիտար հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ԿԽՄԿ-ին չափազանց կարևոր օգնության համար և կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել այդ շրջանում բնակչության իրավունքների, անվտանգության և բարեկեցության պահպանումը։ ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները պարտավոր են ապահովել իրենց տարածքում մարդկանց անվտանգությունը՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից։

Ես նաև անհամբեր սպասում եմ Կարիքների գնահատման թիմի առաջարկությունների վերաբերյալ բովանդակալից քննարկմանը։ ԵԱՀԿ-ն և նրա տարբեր ինստիտուտները լավ դիրքում են գտնվում՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հիմնվելով անվտանգության հարցում մեր համապարփակ մոտեցման, մեր արժեքների, սկզբունքների և պարտավորությունների վրա: Մենք ունենք լայնածավալ գործիքակազմ, որը կարող է օգտագործվել այս հակամարտությունում, և մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել։

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին վերսկսել բովանդակային բանակցությունները՝ իրենց վեճերը լուծելու համար։ Համապարփակ խաղաղության համաձայնագիրը ամուր խաղաղության միակ ճշմարիտ ճանապարհն է՝ հիմնված հարաբերությունների կարգավորման և փոխադարձ ճանաչման վրա։ Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին հետաքննել ենթադրյալ վայրագությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

ԱՄՆ-ն հույս ունի համագործակցել Հյուսիսային Մակեդոնիայի և ԵԱՀԿ-ի հետ՝ տարածաշրջանում բոլոր մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։ Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ և բազմակողմ հիմունքներով այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսիք են ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն, այս հակամարտության համապարփակ և կայուն կարգավորմանը հասնելու համար»,-նշել է դիվանագետը։

News.am