Դավիթ ԳԱԼՍՏՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՇԽԱՏԻ
Շրջափակման պայմաններում Արցախը ցնցումների տանելը ճիշտ չէ, և Արայիկ Հարությունյանը որոշել է այս պահին փոփոխությունների չգնալ, «Ազատությանը» հայտնեց ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, ով երեկ մասնակցել է Արցախի նախագահի ու խորհրդարանականների հանդիպմանը։
Հարությունյանն իր հրաժարականի և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին տարածվող լուրերից հետո երեկ խորհրդարանականներին վստահեցրել էր, թե շրջափակման ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական խնդիրների լուծմանը։
«Քանի որ այս բլոկադայի իրավիճակում մեր հնարավորությունները շատ մեծ չեն, և այսօր ցնցումների տանել կամ հերթական անգամ նոր կառավարություն ձևավորած նորից ինչ-որ ցնցումների տանել, ապա դա մենք կհամարենք, որ մարդիկ ուղղակի չեն ուզում, որ այս երկիրն այս իրավիճակից դուրս բերեն: Դրան համար որոշում է կայացվել հիմա Արայիկի կողմից՝ մինչև բլոկադայի ավարտվելը ոչ մի փոփոխություն դեռ չկա: Ընդհանուր է խոսվել, ինձ թվում է, նաև Ռուբեն Վարդանյանի մասով», - ասաց Գալստյանը:
Մինչ Արցախի իշխանական պատգամավորները լռում են, ընդդիմադիր Դավիթ Գալստյանն ասում է, որ Արցախի իշխանությունն իրականում չի ցանկանում արտահերթ ընտրություններ, քանի որ հասկանում են՝ չեն կարողանալու խորհրդարանում կրկին մեծամասնություն կազմել և վերարտադրվել։
Եթե իշխանությունն արտահերթ ընտրություններ չի ցանկանում և դրա հնարավորությունն էլ այս պահին չկա, ինչո՞ւ էր այդ դեպքում ընդհանրապես օրակարգ բերվել Արայիկ Հարությունյանի հրաժարականի և արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Դավիթ Գալստյանի համոզմամբ, այդ ամենն ուղղակի բլեֆ էր, գուցե ցույց տալու համար, որ Հարությունյանը կառչած չէ իշխանությունից։
«Ազատության» հարցին՝ իր կարծիքով, եթե վաղը ընտրություններ լինեն, ժողովուրդը իսկապես նրանց ձայն չի՞ տա, պատգամավորը պատասխանեց. «Այո, ես համոզված եմ, որ ժողովուրդը տեսել է, երբ որ 20 թվականին մարդկանց մոլորեցնում էին, սուտ խոստումներ էին տալիս, և ընդդիմությունը ամեն հանդիպման ժամանակ ասում էր, որ եթե Արցախում ընտրվի Նիկոլ Փաշինյանի սրտի թեկնածուն, լինելու է պատերազմ և տանելու են համատեղ բնակեցման, այսօր դրա հետ առնչվում ենք»:
Հարցին՝ «կարծում եք՝ նրանց վերընտրվելու հնարավորությունը քի՞չ է», Գալստյանն արձագանքեց. «Ես համոզված եմ՝ 50+ չեն կարող վերցնել»:
Դավիթ Գալստյանը պնդում է, որ ո՛չ Արցախի նախագահը, ո՛չ այսօրվա Ազգային ժողովի այսօրվա մեծամասնությունը չեն վայելում ժողովրդի վստահությունը, հետևաբար արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը կա, բայց դրանք այս պահին անցկացնելը արկածախնդրություն կլինի։
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հետ կապված խնդրին, ընդդիմադիր «Արադարություն» խմբակացության պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Արցախի նախագահը պետնախարարի հետ միջանձնային խնդիրներ չունի, ինքը, համենյանդեպս տեղյակ չէ։ Պատգամավորը պնդում է, որ Պետնախարարի հրաժարականի հարցը առաջ էր եկել Հայաստանի վարչապետի պահանջով, քանի որ Վարդանյանը վերջին շրջանում հակադրվում է Փաշինյանին։
«Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որ Ռուբեն Վարդանյանը Ղարաբաղում աշխատի, դա Նիկոլ Փաշինյանի պահանջն էր, խարխլի, Արցախը վերջնական հանձնի Ադրբեջանին, այսպես խնդիրներ ստեղծելով, թուլացնելով: Հարցը Ռուբեն Վարդանյանը չի: Ռուբեն Վարդանյանը ի պաշտոնե երբ որ հակադրվել է Նիկոլ Փաշինյանին, խնդիրների տեղիք է առաջացել: Ասել է, որ Հայաստանից մենք միայն ֆինանսական և հումանիտար աջակցություն չենք ակնկալում, այլ Հայաստանը պետք է շատ ավելի լուրջ աշխատանքներ տանի ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար, և դա դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին», - նշեց Գալստյանը:
Ռուբեն Վարդանյանի թիմում, մինչդեռ, չեն հաստատում, թե Հայաստանի իշխանությունները ճնշումներ են բանեցնում Արայիկ Հարությունյանի վրա պետնախարարին պաշտոնանկ անելու համար: Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն ասաց՝ Արցախի իշխանությունների և պետական գործիչների պաշտոնավորումը որոշվում է բացառապես Արցախում։
«Արցախի կառավարության գործունեության նկատմամբ ճնշումներ չկան, այս պահին Արցախի նկատմամբ ճնշումները Ադրբեջանի կողմից են, որի արդյունքում փակվել է ճանապարհը», - ասաց նա:
«Ազատության» հարցին՝ Ռուբեն Վարդանյանին Արայիկ Հարությունյանի կողմից կոնկրետ պահանջ ներկայացվե՞լ է, որ պետք է հրաժարական տա, Առաքելյանը պատասխանեց. - «Ես տեղեկություն չունեմ, չեմ կարող մեկնաբանել»:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների հնարավորությանը, ապա Ռուբեն Վարդանյանի թիմում ևս վստահ են՝ ստեղծված ծանր վիճակում արտահերթ ընտրություններ անցկացնելը անմտություն է. - «Մենք առնվազն անմտություն ենք համարում ստեղծված իրավիճակում որևէ քաղաքական քննարկում իրականացնել, առավել ևս Սահմանադրություն փոխել, դեռ մի բան էլ ընտրություններ անել: Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ կառավարությունը բնականոն աշխատում է և որևէ քաղաքական քննարկումների մեջ ներգրավված չէ»:
Արցախում վերջին ընտրություններն անցկացվել են 2020 թվականին՝ պատերազմից հինգ ամիս առաջ։