«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԵՆՑ ԲԱԺԻՆԸ». ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍՏԵՂԾԵԼ ԶՈՒԳԱՀԵՌ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Օրերս ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը ուղարկել էր Հայաստանի փրկության ծրագրի իր գրած տեքստը, խնդրելով կարծիք հայտնել։ Մարդն անկեղծորեն անհանգստանում է Հայրենիքի համար, խորապես մտահոգված է ընդդիմության և հասարակության պասիվությամբ և որոշել է առաջարկել իր տեսլականը, թե ինչ է պետք անել 5-ամյա սրընթաց գահավիժման վիճակից դուրս գալու համար։ Տեքստը լավն էր, գրագետ, դրա բազմաթիվ դրույթների տակ կարելի էր ստորագրել, մի խոսքով՝ այնտեղ գրեթե ամեն ինչ լավ էր, լիովին համապատասխան այն ամենին, ինչ ամեն օր ասում են փորձագետներն ու վերլուծաբանները։

Եվ միայն մեկ բան մտահոգեց. «հարկավոր է», «պետք է արվի», «անհրաժեշտ է իրականացնել» կարգի բառերն ու արտահայտությունները կրկնվում էին յուրաքանչյուր պարբերությունում: Հասկանալի է, որ շարքային քաղաքացին գերազանց և նույնիսկ փրկարար գաղափարներ կարող է ունենալ ինչքան ասես, բայց չկա գլխավորը. դրանք իրականացնելու հնարավորությունը։ Չկա այն, ինչ ունի կազմակերպված ու կայացած կառույցը, լինի դա քաղաքական, հասարակական, թե մասնագիտական կառույց։ Հենց դրանում է տարբերությունը այն ամենի միջև, ինչ ասում ու առաջարկում է առանձին անհատն ու նույնիսկ փորձագետը, և նրա, թե ինչ է հրապարակավ ասում ու առաջարկում ինստիտուտային ուժի ներկայացուցիչը: Հատկապես փորձ ու ռեսուրսներ ունեցող և հասարակական-քաղաքական գործընթացներում առաջատար դերի հավակնող ուժի։

Օրերս լրագրողների հետ զրուցում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Եթե ամփոփենք հայ ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկի ասածը, ապա այն հանգում էր հետևյալին.

«Լաչինի միջանցքի հետ կապված ճգնաժամ է ստեղծվել, սակայն բոլորն ունեն պատասխանատվության իրենց բաժինը, և բոլորը հասկանում են, որ խնդիրը պետք է լուծում ստանա։ Այսօր մեզ պակասում է արցախահայության պաշտպանության համահայկական գործընթացը, որը պետք է օր առաջ ստեղծել և իրականացնել։ Մեր առաջարկածն այն է, որ ձևավորվի միասնական աշխատանքային խումբ, շտաբ կամ խորհուրդ, որը կառաջացնի համահայկական զորաշարժ: Հայ ժողովուրդը չի կարող նստել և կողքից նայել, թե ինչպես է շնչահեղձ լինում Արցախը։ Պետք է համահայկական շարժում սկսել ի պաշտպանություն Արցախի, և այդ գործընթացը պետք է լինի ոչ միայն հումանիտար։ Անհրաժեշտ է մոբիլիզացնել ինչպես քաղաքական, այնպես էլ դիվանագիտական, հումանիտար ռեսուրսները»։

Հարցազրույցը հակասական հույզեր առաջացրեց։ Մի կողմից, ամեն ինչ ճիշտ է, ընդ որում՝ ճիշտ է արդեն շատ վաղուց, և կարելի է լոկ զարմանալ, որ մինչ օրս, երբ մեր աչքի առաջ գործնականում ընթանում է հայերի ֆիզիկական ոչացման միջոցով Արցախի մնացած մասը հանձնելու գործընթաց, այդ ամենը չի արվել։ Մյուս կողմից, ի հայտ են գալիս օրինաչափ հարցեր, առաջին հերթին՝ ո՞վ պետք է դա աներ և ո՞ւմ են ուղղված «մեր (պետք է հասկանալ՝ «Հայաստան» խմբակցության) առաջարկները»։ Մի՞թե իշխանություններին։

Այսինքն ընդդիմադիր պատգամավորները և, մասնավորապես, «Հայաստան» դաշինքը՝ ի դեմս ՀՅԴ-ի, դեռևս ինչ-որ հույսեր են կապում և պատրանքներ տածում դավաճան իշխանության իրական մտադրությունների ու ծրագրերի վերաբերյալ և առաջարկություններ անում նրան։ Օրինակ՝ համահայկական կենտրոն կամ Արցախի պաշտպանության շարժում ձևավորելու կամ քաղաքական, դիվանագիտական և այլ ռեսուրսները մոբիլիզացնելու առնչությամբ։ Կամ ստեղծելու «միասնական շտաբ կամ կենտրոն», որը, պետք է ենթադրել, պիտի համակարգի համահայկական շարժումը։ Առաջարկություններ են անում, իսկ հետո հրապարակավ զարմանում, որ ոչինչ չի արվել, և դժգոհություններ հայտնում ում ասես, առաջին հերթին՝ իշխանություններին։

ԲԱՅՑ ԲՆԱՎ ՈՉ ՀԵՆՑ ԻՐԵՆՑ: Մինչդեռ իրավիճակը, որում մենք բոլորս հայտնվել ենք այսօր, նույնիսկ 2020-2021-ի աշուն-ձմեռը չէ, սա շատ ավելի վատթար է, քանզի մեր աչքի առաջ իսկապես տեղի է ունենում Արցախի վերջնական հանձնման փորձ, և խաղաքարտին է դրված արդեն բուն Հայաստանի գոյությունը։ Փաշինյանն ու Ալիևը ակնհայտորեն շտապում են, նրանց միջև առկա պայմանավորվածություններն արդեն չեն էլ թաքցվում, ինչպես որ չի թաքցվում այն փաստը, որ այն ամենը, ինչ իբր անում են ՀՀ դե ֆակտո իշխանություններն Արցախի ապաշրջափակման համար, կրում է բացառապես հերթապահ, երևութական բնույթ, իսկ նրանց իրական նպատակները ճիշտ հակառակն են։

Սակայն նույնիսկ «նահանջելու տեղ չկա, թիկունքում Երևանն է» իրավիճակը չի հանգեցնում ընդդիմադիր և հասարակական ուժերի որևէ ակտիվացման և մոբիլիզացման։ Ամեն ինչ տեղի է ունենում բացառապես առաջարկությունների, ցանկությունների, խրատախոսության և հորդորների դաշտում. ինչ ու ինչպես է պետք և անհրաժեշտ անել: Այդ ոգով է խոսում նույնիսկ կարևոր, եթե ոչ գլխավոր ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը. այն քաղաքական ուժի, որն իրավամբ համարվում է ազգային արժեքների կրող և կարծես թե ռեսուրսներ ունի համահայկական կենտրոնի կամ շարժման գաղափարը կյանքի կոչելու համար։ Բայց գաղափարից անդին գործը կրկին չի շարժվում: Եվ եթե համակարգային ընդդիմությունը շարունակի հանդես գալ միայն առաջարկություններով ու նախաձեռնություններով, իսկ հետո արձանագրի, որ իշխանությունները հրաժարվում են դրանք իրագործել, ապա չի էլ շարժվի։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ աշխարհում կան պայքարի վաղուց փորձված մեթոդներ՝ այն իրավիճակներում, երբ իշխանությունն անկարող է կատարել պետական նշանակության խնդիրները։ Մեր դեպքում ամեն ինչ շատ ավելի վատ է. իշխանությունը չի ուզում դա անել, թեև խոսքը վերաբերում է և՛ պետության, և՛ պետականության, և՛ նոր ցեղասպանության իրական վտանգի առջև կանգնած ժողովրդի փրկության խնդիրներին։ Մեր դեպքը եզակի է նաև այն պատճառով, որ երկիրը բռնազավթել է ազգադավ իշխանությունը, որը թշնամական պետությունների դրածոն է և աշխատում է բացառապես ի նպաստ արտաքին ուժերի շահերի։

Խոսքը զուգահեռ հասարակական-քաղաքական կառույցների ստեղծման մասին է, որոնք կարող են ստանձնել համազգային բնույթի այն խնդիրների կատարումը, որոնք հրաժարվում է կատարել գործող իշխանությունը։ Ռուստամյանն իրավացի է. անհրաժեշտ է կենտրոն, որը կարող է համակարգել Արցախի պաշտպանության շարժումը։ Դե, ուրեմն ստեղծե՛ք դա: Ձևավորեք այդ կարգի կառույց նախ Հայաստանում ու Արցախում, իսկ հետո արդեն Սփյուռքի խոշոր կենտրոններում. բարեբախտաբար, հենց ՀՅԴ-ն ունի նման հնարավորություններ։

Դա կարող է լինել զուգահեռ կառավարություն՝ համապատասխան ստորաբաժանումներով, որն ունակ կլինի իրականացնել այսօրվա ամենահրատապ խնդիրները և՛ արտաքին, և՛ ներքին դաշտում։ Ընթացիկ պահի գլխավոր օրակարգը հայկական Արցախի պաշտպանությունն ու փրկությունն է, և առայժմ ամեն ինչ պետք է ուղղված լինի հենց դրան։ Համակարգող կենտրոնի ստեղծումը տարբեր ոլորտների մասնագետներից՝ քաղաքական և հասարակական տարբեր կառույցների ներկայացուցիչներից, խթան կդառնա Սփյուռքում նմանատիպ գործընթացների համար, դա կասկածից վեր է։ Ինչպեսև այն, որ առանց կեղծ պաթոսի՝ Հայաստանի և Արցախի փրկության մանիֆեստի ընդունումը կհանգեցնի, թեկուզև ոչ միանգամից, համաշխարհային կենտրոնների կողմից այդ համահայկական կառույցի և նրա գործունեության լուրջ ընկալման։ Առնվազն՝ նման ջանքերի նկատմամբ հարգանքի։

Այն գաղափարը, որ հասարակությունը կարող է եվ պետք է ստանձնի պետական մարմինների գործառույթները, իհարկե, նոր չէ։ Ժամանակին, երբ իրավիճակը դեռ այս աստիճան ծայրահեղ չէր, մի շարք փորձագետներ առաջադրեցին Փաշինյանի և նրա ոհմակի հանդեպ «ժողովրդական տրիբունալ» ստեղծելու նախաձեռնությունը։ Ցավոք, դա այդպես էլ չիրականացվեց, թեև մտածող և Հայաստանի համար խորապես մտահոգ մարդկանց ճամբարում փայլուն իրավաբանների առկայությունը լիովին թույլ էր տալիս ձևակերպել լիարժեք և սպառիչ մեղադրանք։ Նույն կերպ կարելի է փաստաթուղթ մշակել Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ, հատկապես հաշվի առնելով այն ամենը, ինչ արվել է այդ ուղղությամբ ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի և Արցախում նրա գործընկերների կողմից։

Ի դեպ, «Թաթոյան» հիմնադրամն, ըստ էության, այդպիսի հասարակական կառույցի օրինակ է՝ սփյուռքահայ գործիչների ներգրավմամբ։ Տարբերությունը լոկ աշխատանքի մասշտաբներն են. եթե Թաթոյանն ու իր գործընկերները մասնագիտանում են հայկական սահմանամերձ տարածքների միանգամայն կոնկրետ խնդիրների մեջ, ապա իրավիճակն ընդհանուր առմամբ պահանջում է հայության առողջ հատվածի ջանքերի ինստիտուտայնացում՝ հանուն Հայրենիքի փրկության։ Ցանկալի և անհրաժեշտ անելիքների մասին բառերի, առաջարկությունների և ցուցումների ժամանակը վաղուց անցել է. պետք է գործել, քանզի «նահանջելու տեղ չկա, թիկունքում Երևանն է» արտահայտությունը մեր աչքի առաջ պատկերավորից սրընթաց ստանում է բացարձակ իրական ուրվագծեր։

Թշնամիներն աշխատում են. հմտորեն, համակարգված, միաբան: Մենք առայժմ միայն խոսում ենք, լավագույն դեպքում՝ գործում տարանջատ, իրավիճակային և կետային։ Բայց աղետի կետն այսօր ողջ Հայաստանն է ու ողջ Արցախը, և պատասխանատվության իրենց բաժինն իսկապես ունեն բոլոր նրանք, ովքեր այսպես թե այնպես հայ են համարում իրենց։ Հատկապես նրանք, ովքեր օժտված են մանդատով, վստահությամբ, կարողություններով և հնարավորություններով։