Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՑՑԻՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՀԱԲԵԿՈՒՄ, ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՆՐԱՆՔ ՍԿՍԵՆ ԱՆԱՊԱՀՈՎ ԶԳԱԼ ԱՐՑԱԽՈՒՄ

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ արցախցի երեխաների տուն վերադարձի ժամանակ ադրբեջանցիների կողմից մեքենայի դուռը բացելը, տեսանկարահանելն ու իրարանցում առաջացնելն ահաբեկման նպատակ ունի։

«Երեխաները թիրախավորվում են, որպեսզի նրանք սկսեն անապահով զգալ ֆիզիկապես գտնվելով Արցախում։ Ֆիզիկական իրական սպառնալիքներ են ներկայացվում այս երեխաներին, ինչն ունենում է նաև հոգեբանական ազդեցություն։ Վստահ եմ՝ երեխաներին ահաբեկելը, նրանց ֆիզիկական անվտանգությունը ռիսկի տակ դնելը այնպիսի կարևոր գործոն է, որը հետագա բնակավայրի ընտրության հարցում ընտանիքների համար վճռորոշ է լինելու և իհարկե նման միջադեպերի վերջնանպատակը Արցախը հայաթափելն է»,– News.am-ի հետ զրույցում ասաց Սիրանուշ Սահակյանը։

Սա առաջին միջադեպը չէ, երբ ադրբեջանցիները արցախցի երեխաներին փորձում են ահաբեկել։ Նման մի դեպք էլ տեղի էր ունեցել 2021 թվականի սեպտեմբերին, երբ զինված ու դիմակավորված ադրբեջանցիները արցախցի պատանիներին տեղափոխող ավտոբուսն էին կանգնեցրել ու սպառնալից քարոզչությամբ զբաղվել։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ մեկ ամսից ավելի ընտանիքից կտրված երեխաների՝ Արցախ վերադարձի ժամանակ տեղի ունեցած միջադեպը անպատժելիության հետևանք է։

«Սա կրկնվող բնույթ է կրում, ինչը նշանակում է, որ նման միջադեպերը ոչ թե առանձին զինծառայողների կամ քաղաքացիների նախաձեռնություն է, այլ պետության կողմից ֆինանսավորվող, ուղղորդվող քայլեր, որը մեծ քաղաքականության մաս է։ Այս միջադեպերը չպատժելով՝ խրախուսվում է կրկնողությունը, ինչը նպաստում է ադրբեջանական հակահայկական քաղաքականության իրականացմանը։ Կարծում եմ այստեղ որոշակի ասելիք ունի նաև միջազգային հանրությունը, որովհետև եթե արձագանքը սուր լիներ, և ապահովեր պատժիչ միջոցների ձեռնարկում պետության կողմից այդ նախաձեռնության անդամների նկատմամբ , ապա մենք կկարողանայինք կանխել, բայց քանի որ չկա միջազգային հետևողական արձագանք, Ադրբեջանը գործում է անպատժելիության մթնոլորտում և ունենք իրավիճակի էսկալացիա»,– ասաց Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 17–ին, ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս- շրջափակման պատճառով Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։

Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հաղորդմամբ՝ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից, քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ տեսախցիկներով մոտեցել են մեքենային և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։

«Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարացում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։ Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։ Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ–ը։

News.am